Առաջին՝ 11 սուպերմարկետների ղեկավարներ հաստատում են, որ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ եղել է կոնկրետ պայմանավորվածություն։ Լիարժեք չեն մանրամասնում, թե՝ հատկապես ինչ պայմանավորվածություն եւ կոնկրետ ո՛ւմ հետ, թեպետ ընդհանուր ընկալելի է։ Այս օրերին արծարծված՝ 5 տոկոս հարկվելու եւ ԱՁ-ների մասին է խոսքը։
Երկրորդ՝ բնականաբար, լավ է, որ գները վերադարձնում են նախկին մակարդակին։ Բայց, երրորդ՝ անհասկանալի է, թե ինչի հաշվին են վերադարձնում։
Անհասկանալի է նաեւ, թե դա ինչի՞ հետեւանք է։ Օրինակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղափոխական կոչերից սարսափահար եղա՞ծ են այդպես վարվում, ԱԱԾ-ի՞ց են ասել՝ «գալիս ենք ձեր խանութ», թե՞ մեկ այլ բան կա։
Ամենակարեւորը՝ հիմա ինչպե՞ս են աշխատելու տվյալ սուպերմարկետները՝ ավելացված արժեքի հարկմա՞ն դաշտում։ Եթե այո, ապա գները բնականորեն պիտի որոշակի չափով բարձրանան։ Սակայն եթե ասում են, որ իջեցնում են նույն մակարդակին, ապա իրենց այլ եկամուտների հաշվի՞ն են «ցածր գներն» ապահովելու։ Մի քիչ շատ անտրամաբանական է ու մի քիչ շատ չի համապատասխանում հայրենական տնտեսավարողների սովորական պահվածքին։
Բայց կա մեկ այլ տրամաբանական հետեւություն. միանգամայն հնարավոր է, որ սուպերմարկետատերերը հանդիպել են վարչապետի կամ նրա որեւէ լիազորված ներկայացուցչի հետ, բացատրել, թե ինչն ինչոց է, հանգել պայմանավորվածության, շարունակում են աշխատել 5 տոկոս հարկման դաշտում, ինչպես նախքան այդ, բայց խստորեն հետեւում են, որ բացառապես գյուղմթերքն իրացվի այդ կարգով, այլ ոչ թե այլ ապրանքատեսակների առեւտրաշրջանառությունն էլ մտցնեն դրա մեջ։
Համենայն դեպս ԱԱԾ քննելիք ու բացահայտելիք հիմնական հարցն այս գործում հենց նման շեղումները պիտի լինեին կամ լինեն՝ գյուղմթերքից բացի այլ ապրանքներ իրացրե՞լ են կոնկրետ սուպերմարկետներում՝ օգտվելով հիշյալ պայմանավորվածությունից, եթե այո, ապա ի՞նչ ապրանքներ, ի՞նչ ծավալի։
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում