2017-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկումն ԱԺ-ում շարունակվում է: «Ելքի» պատգամավոր Հայկ Կոնջորյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հարցրեց պետպատվերներից՝ հաճախ տարբեր հիվանդությունների գծով քաղաքացիները, որոնք ենթադրվում է, որ պետպատվերով բուժում պետք է ունենան, այցելում են հիվանդանոցներ ու պարզվում է, որ լիմիտը լրացված է: Քաղաքացիները այցելում են՝ բյուրոկրատական քաշքշուկներ են լինում, այստեղ կոռուպցիոն ռիսկեր կան թաքնված: Ի՞նչ է արվում, որ վիճակը շտկվի:
Նա նաեւ ասաց, որ մարզերում շտապօգնության մեքենաների թվաքանակը շատ քիչ է, մի քաղաքը հարակից գյուղերի հետ կարող է սպասարկի մեկ-երկու մեքենա: Չեն հասցնում պարզապես սպասարկել եւ դա առաջացնում է կոնֆլիկտային իրավիճակ:
Նախարարը պետպատվերի հետ կապված ասաց, որ 3 տարբեր շերտ կա, թե ինչու են մերժում հիվանդին: Կարող է հիվանդը իսկապես դիմում է այն հիվանդանոցը, որի լիմիտը սպառված է. «Երբ բուժհաստատությունը իրան մերժում է, ինքը ճիշտ է, բայց կա մի մակարդակ, երբ միջոցները վերջացած չի լինում, բայց ասում են՝ վերջացել է»:
Ինչ վերաբերում է շտապօգնության մեքենաներին, նախարարն ասաց, որ շտապօգնության նոր մեքենաներ են ստանալու Չինաստանից, որը մեր պահանջարկը փակելու է ու դեռ ռեզերվում մեքենա է մնալու. «Մտածում ենք՝ տնային այցերի համար գյուղերին տանք: Մի մոդել կա, որը ուզում ենք ներդնել երեկոյան ընտանեկան բժշկի այցերի: Կկոչվի «այցեր տնային շրջողական, ոչ թե շտապ, դա ճնշման, ջերմության դեպքում կկանչեն, շտապօգնությանը կօգնի, նաեւ կյանքեր կփրկվեն»:
Անդրադառնալով սեռով պայմանավորված աբորտներին՝ նախարարն ասաց, որ այս առումով կա բարելավում եւ շարունակելու են նույն քաղաքականությունը վարել. «Պետք է հասկանանք, որ եթե բնականորեն ընդհատում չլինի, տղաները ավելի շատ են ծնվում, հետո 30-40 տարեկանում հավասարվում է թիվը, որովհետեւ տղամարդկանց մահացությունն ավելի բարձր է»:
Արսեն Թորոսյանը նշեց, որ «սեռը չհայտնելու պրակտիկան արդեն ունենք, շատ երկրներում ընդունված է, որ սեռը չեն հայտնում, բայց եթե կոռուպցիոն ձեւերով իմանան ու ընդհատեն, սկսած կրթականից կանանց պետք է արժեւորենք, որ հասկանան՝ իրենք մեր ապագա մայրերն են, չի կարելի որեւէ խտրականություն դնել սեռերի միջեւ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ