Հունիսի 6-7-ը ՀՀ նորանշանակ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը կայցելի Մոսկվա եւ իր ռուսաստանցի գործընկերոջ Սերգեյ Լավրովի հետ հանդիպում կունենա: Դրանից բացի, հանդիպումներ կլինեն նաեւ ՌԴ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ. նախարարը հարցազրույց կտա ռուսական լրատվամիջոցներից մեկին: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Կարեւորագույն հանդիպումը Սերգեյ Լավրովի հետ է, որի ընթացքում տեղի կունենան քննարկումները՝ Փաշինյան-Պուտին հանդիպման համատեքստում, ինչպես նաեւ՝ երկկողմ եւ բազմակողմ հարթակներում մեր ջանքերը համադրելու հարցում»,-տեղեկացրեց Տիգրան Բալայանը:
Նրա փոխանցմամբ՝ Մնացականյանը հանդիպելու է նաեւ ուսանողների եւ մի շարք այլ պաշտոնյաների հետ, ինչի մասին կտեղեկացվի հաջորդիվ:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ռուսական կողմից Արցախի հարցում նոր մոտեցումներ եւ առաջարկներ կա՞ն: Բալայանը պատասխանեց. «Նոր առաջարկների մասին տեղեկություններ այս պահին չունեմ: Առկա են համանախագահների հայտնի առաջարկները»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ