Լրահոս
Օրվա լրահոսը

Մի տեղ «անալիզ» ես տալիս, ասում են՝ հիվանդ ես, մյուս տեղը տալիս ես՝ ասում են առողջ ես. Ալեն Սիմոնյանը՝ առողջապահության նախարարին

Հունիս 05,2018 12:04

Այսօր 2017-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին «Ելքի» պատգամավոր Ալեն Սիմոնյանը հարցրեց. «Մենք բազմաթիվ դեպքեր ունենք, մեր համաքաղաքացիները խնդիր ունեն ախտորոշման հետ կապված: Հաճախ տարբեր լաբորատիորիաներ կտրուկ իրարից տարբերվող ախտորոշում են տալիս, մի տեղ ասում են՝ դու հիվանդ ես, մի տես պարզվում է՝ հիվանդ չես»: Նա նաեւ ասաց, որ շտապօգնության մեքենաների՝ փողոցներով երթեւեկելու կանոնները պետք է հստակ լինեն. «Տարբեր երկրներում ավանդույթ կա, որ երբ ազդանշան են լսում վարորդները, տեղում կանգնում են: Մեր քաղաքում բազմաթիվ դեպքեր կան, որ շտապօգնության մեքենաների հետ վթարներ են լինում, որովհետեւ վարորդները շարունակում են երթեւեկել, եւ քաղաքացիները բողոքում են, որ շտապօգնությունը ուշանում է, դա նաեւ ժամանակի խնդիրը կլուծի, շուտ կհասնեն»: Ալեն Սիմոնյանն առաջարկեց, որ ոստիկանության հետ համագործակցեն, որ երբ շտապօգնության, հրշեջ մեքենայի ազդանշան են լսում՝ տեղում կանգնեն մյուս մեքենաները:

Նախարարը պատասխանեց, որ այդ պրակտիկային բոլորն առնչվել են, կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններ, մի քանի ժամվա մեջ հնարավոր է արյան «անալիզները» փոխվեն, մի օր տաս՝ այլ արդյունք լինի, մյուս օրը՝ այլ:

Իսկ վստահ լինելու համար, որ այդ հետազոտությունները ճիշտ են արվում, նախարարն ասաց, որ լուծում ունեն. «Կա համաշխարհային փորձ, որին հետեւելու ենք, ՀՀ-ում գործող բոլոր լաբորատորիաները, անկախ նրանից՝ մասնավոր են, պետական, հիվանդանոցային, թե այլ, ուղարկելու են 10 տոկոս փորձանմուշներ, եթե հանկարծ մի անհամապատասխանություն կլինի, նշանակում է կա այնտեղ խնդիր, որը պետք է լուծվի: Խնդիրները պետք է հետազոտվեն՝ միգուցե ռեակտորների որակն է, տեխնիկայի սխալն է: Միջոցներ կձեռնարկվեն ուղղելու»:

Ինչ վերաբերում է շտապօգնությանը՝ նա ասաց, որ ուսանող տարիներին հերթապահել է շտապօգնությունում, հաճախ իրենք՝ շտապօգնության մեքենաներն են խախտում. «Միշտ չի, որ միացնում են ձայնային ազդանշանը, կարծում են, որ միայն լուսայինը հերիք է: Նախ, պետք է հրահանգվի, որ պարտադիր պետք է ձայնային ազդանշանները միացվեն, իսկ օրենքով գրված է, որ մեքենաները պարտավոր են զիջել միմիայն ձայնային ազդանշաններից հետո: Պետք հետեւենք, որ միայն լույսով չբավարարվենք, ինչ վերաբերում է զիջելուն, դա մշակութային խնդիր է: Ոստիկանությունը պետք է զբաղվի: Մենք Գերմանիայում տեսնում ենք, որ շտապօգնության մեքենա են տեսնում՝ բոլորը աջուձախ են գնում, մենք դժվար թե շուտ այդ մշակույթին հասնենք»:

Նախարարն ասաց, որ հաճախ շտապօգնության մեքենաները միացնում են ազդանշանները՝ առանց մի տեղ շտապելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930