Լրահոս
Օրվա լրահոսը

Ձայն բարբառո  անապատի . . . կամ  որտեղ են կորչում  քաղաքաշինության մտահոգ կանչերը  

Հունիս 05,2018 11:55

Եթե դուք կարծում եք, որ չենք կարող փոխել աշխարհը, դա նշանակում է, որ դուք փոխողներից մեկը չեք:

Ժան Ֆրեսկո

Եկեք հնարավորինս հակիրճ ներկայացնենք  Հայաստանում տեղի ունեցած քաղաքական վերջին և անչափ կարևոր իրադարձություններն իրենց «հետևանքներով»:  Ուրեմն այսպես՝  Նախկին իշխանություն, Կարեն Կարապետյան (վարչապետ), ընտրություններ, դրայվ, հետադարձ կապ . . . հիասթափություն, հեղափոխություն . . . Նոր Իշխանություն, օրենքի գերակայություն, կոռուպցիայի դեմ պայքար, արդարություն . . . ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ, ՀԶՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ:

«Նախկին իշխանություն» և «Հիասթափություն» շարքից ստորև ներկայացնում եմ վարչապետ Կ. Կարապետյանի կառավարությանն ուղղված հերթական առաջարկությունը, որն «օրինաչափորեն» ևս անարձագանք մնաց՝ դրանով հանդերձ ավելի կարևորելով  առաջադրված հարցի իրավական գերակայությունն ու հրատապությունը:

Բնագավառում արձանագրվող բացասական երևույթներն ու փաստերը, իրենց խորքային պատճառաբանությամբ և ներքին օրինաչափություններով, հանգեցնում են մեկ եզրակացության՝  Հայաստանի քաղաքաշինության ներկայիս ճգնաժամը և դրանով պայմանավորված իրողությունները բնագավառում տարիներով արմատացած կոռուպցիոն դրսևորումների հետևանք են, քանզի ակնհայտ է, որ խախտված են բնագավառի ոչ միայն իրավական,  մասնագիտական  այլև՝  բարոյական  նորմերը:

(ներկայացվում է կրճատումներով):

ՀՀ  ՎԱՐՉԱՊԵՏԻ  ԽՈՐՀՐԴԱԿԱՆ                                                                                                                               ՊԱՐՈՆ   Գ.ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ

Բաց  ընթացակարգի  հանձնաժողովի  2017թ. թիվ 2  որոշմամբ  հաստատված  և  հրապարակված  մրցութային  հայտարարության  մասին.                                                                                                                     Ծածկագիր՝  «ՀՀՔՊԿ-ԲԸԱՇՁԲ-17/1»                                                                                                              Պատվիրատու՝  ՀՀ  ԿԱ  ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ  ՊԵՏԱԿԱՆ  ԿՈՄԻՏԵ                                                                         Գնման  առարկան՝  ՀՀ  ՏԱՎՈՒՇԻ  ՄԱՐԶԻ  «Տավուշ-1», «Տավուշ-2», «Տավուշ-3», «Տավուշ-4», «Տավուշ-5», «Տավուշ-6»  ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ  ՄԱԿԱՐԴԱԿԻ  ՀԱՄԱԿՑՎԱԾ  ՏԱՐԱԾԱԿԱՆ  ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ  ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ  ՆԱԽԱԳԾԵՐԻ  ՄՇԱԿՈՒՄ.

ՀԱՐԳԵԼԻ  ՊԱՐՈՆ  ՄՈՒՐԱԴՅԱՆ.

Սույն  մրցութային  հրավերը,  գնման  առարկայի  (մատուցվող  ծառայության)  թեմատիկ    առանձնահատկության  և  դրա  հետ  կապված,  գնման  գործընթացի  օրենսդրությամբ  սահմանված  նորմերի  ապահովման  առումներով՝  իրավաչափ  չէ  և  ենթակա  է  չեղարկման:

Այն  չի  ապահովում  գնման  գործընթացի  մրցակցային՝  ոչ  խտրական  հիմունքներով  կազմակերպման,  մասնակիցների  շրջանակի ընդլայնման  և  նրանց  միջև  մրցակցության  խրախուսման,  գործընթացին  մասնակցելու  իրավահավասարության  հիմնարար  սկզբունքները,  ունի  իրավական  ակնհայտ  հակասություններ:

Ասվածի  առաջին  և  հիմնավոր  պատճառաբանությունն  այն  է,  որ  խնդրո  առարկա  տարածական  պլանավորման  փաստաթղթերի  մշակումը,  որպես  առանձնահատուկ  գործունեության  տեսակ,  լիցենզավորման  մասին  ՀՀ  օրենսդրությամբ՝  լիցենզավորում  չի պահանջում:

Չնայած  դրան,  հրավերի  ընթացակարգով  մասնակցից  (բացի  մրցույթին  մասնակցելու  համար   հայտարարությունից)  պահանջվում  է  ներկայացնելու  մասնագիտական  փորձառությունը  հիմնավորող,  մեջբերում՝   «Սույն հրավերով  նախատեսված  աշխատանքների  կատարման  համար  պահանջվող  հետևյալ  լիցենզիանները. «Քաղաքաշինության  բնագավառում  «Քաղաքաշինական փաստաթղթերի  մշակում  և  փորձաքննություն  (բացառությամբ  շինարարության  թույլտվություն  չպահանջող  աշխատանքների)»:

Սա  անհեթեթություն  է,  քանի  որ  պահանջվող  լիցենզիան  (իր  ոլորտային  ներդիրներով)  ոչ  մի  կապ  և  առնչություն  չունի  տարածական  պլանավորման  փաստաթղթերի  հետ  և  վերաբերում  է  բացառապես  ճարտարապետաշինարարական  նախագծային  փաստաթղթերի  մշակմանը: Այսինքն՝ պահանջվում է մի բան, ինչը հանրահայտ է, որ գոյություն չունի:

Այժմ  անդրադառնանք  մասնագիտական  փորձառությանը  վերաբերող  հաջորդ  պահանջին,  համաձայն  որի՝  մասնակիցը  պարտավոր  է  ներկայացնել  հայտարարություն  առ  այն,  որ  հայտը  ներկայացնելու  տարվա  և  դրան  նախորդող  երեք  տարվա  ընթացքում  պատշաճ  ձևով  իրականացրել  է  համանման  (նմանատիպ)  առնվազն  մեկ  պայմանագիր:  Ընդ որում` սահմանում  է՝

«Նմանատիպ  են  համարվում  պահանջվող  լիցենզիայի  (ներդիրների)  շրջանակներում  տարածական  պլանավորման  (մարզերի  տարածքային  հատակագծման  նախագծեր,  համայնքների  գլխավոր  հատակագծեր  և  գոտևորման  նախագծեր)  նախագծային  փաստաթղթերի  մշակման  նախկինում  կատարված  պայմանագրերը»:

Վկայակոչվող  տարածական  պլանավորման  փաստաթղթերը  և  դրանց  պայմանագրերը,  ինչպես  արդեն  նշեցինք,  ոչ  մի  կապ  չունեն  «պահանջվող  լիցենզիայի»  հետ,  իսկ  եթե  դրանք  այդուհանդերձ  իրականացվել  են  գոյություն չունեցող, սակայն  «պահանջվող  լիցենզիայի  շրջանակներում»,  նշանակում  է իրականացվել են օրենքից  դուրս:

Այլ  մեկնաբանություն  չի  կարող  լինել:

Հարցի կարևորությունն  այստեղ  ոչ  այնքան  Հրավերն  է,  որքան  սուբյեկտիվ  գործոններով  պարտադրված  մրցութային  գործընթացը՝  իրեն  հատուկ  «խաղի  կանոններով»:

Այժմ  պարզաբանենք,  թե  որտեղ  է  այս  ամենի  սկիզբը,  ինչ  իրավասությամբ  են  կատարվել  ծրագրային  փաստաթղթերի  մշակման  աշխատանքները  մինչ  այսօր,  ինչ  իրավական  հիմքով  և  ում  կողմից  է  իրականացվել  դրանց  փորձաքննությունը,  ինչն  ի  դեպ,  նույնպես  լիցենզավորված  գործունեություն չէ:

Դրա  համար  ներկայացնենք  համառոտ  նախապատմություն:

Երրորդ  Հանրապետության  օրոք  որդեգրած  ապապետականացման  գործընթացը  ներառեց  նաև  պետական  մասնագիտացված  նախագծային  կազմակերպությունները,  որոնցից  շատերը  լուծարվեցին,  իսկ  որոշները  վերակազմավորվեցին  բաժնետիրական  և  այլ  ընկերությունների:

Նշված  կազմակերպություններից  թեմատիկ  հետաքրքրություն  կարող  են  ներկայացնել  քաղաքաշինական  ծրագրային  փաստաթղթերի  մշակման  աշխատանքներ  իրականացրած  ընդամենը  երեք-չորս  կազմակերպություններ,  որոնց  անունները  հիշատակելը  սկզբունքային  առումով  էական  չէ:

Սկսած   90-ական  թվականներից,  պետական  պատվերի  շրջանակներում  քաղաքաշինական  ծրագրային  փաստաթղթերի,  ներառյալ  հանրապետության  բնակավայրերի  և  համայնքների  գլխավոր  հատակագծերի,  մշակմանը  բնականաբար   ներգրավվեցին  նշված   կազմակերպությունները:  Եվ  դա  այն  պարզ  պատճառով,  որ  ի  սկզբանե  մրցութային  պայմաններում  դրվեց  «նախկինում  կատարած  նմանատիպ  աշխատանքների»  հանրահայտ  պահանջը:  Անտրամաբանորեն  քաղաքաշինական  ծրագրային  փաստաթղթերի  մշակումը  անտեսվեց  որպես  լիզենզավորման  ենթակա  գործունեություն,  ինչի  հետևանքները  շատ  ավելի  լուրջ  են,  քան  կարելի  է  ենթադրել:

Այդպիսով  ոչ  միայն  մերժվեց  մասնագիտական  հանրության  կողմից  քաղաքաշինության  նկատմամբ  ունեցած    հետաքրքրությունները  և  ձգտումները,  այլև  սկզբունքորեն  բացառվեց   այդ  ասպարեզում  մասնագիտական  ներուժի  դրսևորման,  ինքնակազմակերպման,  մրցակցային  և  ստեղծագործական  միջավայրի  ձևավորման  խիստ  կարևոր  գործընթացի  հնարավորությունը:   

Արդյունքում  քաղաքաշինական  ծրագրային  փաստաթղթերի  մշակման  իրավասությունը    մենաշնորհվեց  (ուրիշ  կերպ  դա  չես  անվանի)  նշված  կազմակերպություններին,  որոնք  այդ  «արտոնությունները»  շարունակում  են  պահպանել  առ  այսօր՝  փաստացի  չունենալով  այդ  ոլորտում  գործունեության  իրականացման  համապատասխան  պետական  որակավորում՝  լիցենզիա:  Ինչ  վերաբերում  է  քաղաքաշինական  ծրագրային  փաստաթղթերի  փորձաքննությանը,  ապա  դրանք  նույնպես  իրականացվել  և իրականացվում են նշված  կազմակերպությունների  կողմից՝  «դու  ինձ – ես  քեզ»  փոխադարձության  սկզբունքով:

Նման  պարագայում  ավելորդ  է  խոսել  գնման  գործընթացի  մրցակցային՝  ոչ  խտրական  հիմունքներով  կազմակերպման,  մասնակիցների  շրջանակի ընդլայնման  և  նրանց  միջև  մրցակցության  խրախուսման,  գործընթացին  մասնակցելու  իրավահավասարության  հիմնարար  սկզբունքները  և  իրավական  նորմերը  պահպանելու  մասին,  քանի  որ  անցած  երկու  տասնամյակների  ընթացքում  այդ  արժեքները  գնահատելու  և  ձևավորելու  ուղղությամբ  իրականում  ոչինչ  չի  արվել:  Եվ  այդ  չարածի  հերթական  ապացույցը՝  ոչ իրավաչափ իրականացվող սույն մրցութային  Հրավերն  է:                                                                                                                                    Մենք  հասել  ենք  այն  սահմանագծին,  որ  հարկադրված  ենք  կանգ  առնել,  այլապես  մտածելու  և  իրավիճակը  շտկելու  ժամանակ  դարձյալ  չենք  ունենալու:                                                                                   Իսկ  թե  ուր  ենք  շտապում,  դա  արդեն  այլ  հարց  է:

Այժմ փորձենք գնահատել, թե Հրավերը  որքանով  է  համարժեք  ներկա  մարտահրավերներին՝  հաշվի  առնելով,  որ  Հայաստանի  Հանրապետությունում  համայնքների  խոշորացումն արդեն    իրողություն  է:                                                                                                                                                                                                                                                           Այդ  են  վկայում  «ՀՀ  վարչատարածքային  բաժանման  մասին»  ՀՀ  օրենքում  լրացումներ  ու  փոփոխություններ   կատարելու  մասին»  2015  և  2016 թվականներին  ՀՀ  Ազգային  Ժողովի  կողմից  ընդունած  ՀՕ-148-Ն  և  ՀՕ-100-Ն  օրենքները,  որոնք, ըստ էության, սկիզբ  դրեցին  համայնքների  խոշորացման  խիստ  կարևոր  գործընթացի  գործնական  իրականացմանը:

Այս  պարագայում  առնվազն  անհասկանալի  է  գնման  առարկայի  ընտրությունը,  քանի  որ  այն  ոչ  մի  կապ  չունի  օրենքով  ձևավորված  նոր  համայնքների  հետ:  Ավելին,  Հրավերի  տեխնիկական  բնութագրով  պահանջվում  է  մշակել  յուրաքանչյուր  «չափաբաժնում»   ընդգրկված  «համայնքների  տարածքները  ներառող  տարածքային  հատակագծման  նախագիծը  և  բնակավայրերի  գոտևորման  նախագծերը»:                                                                                                                       Ինչի համար, ինչ է տալիս սա մեզ՝ հասկանալի  չէ:                                                                                                             Այս  նախագծերը  կախարդական  փայտիկներ  չեն՝  սահմանային  անվտանգության  և  զարգացման  խնդիրները  լուծելու  համար:  Սահմանամերձ  բնակավայրերի  գործոնը  որևէ  կերպ  չի  կարող  կարևորել,  և  ավելին՝  արդարացնել  առաջարկվող  նման  թեմատիկան:                                                                                                                            Պաշտպանության  և  անվտանգության  ոլորտներում  ծառացած  խնդիրները  տնտեսագիտական, ռազմական  և  քաղաքական  լուրջ ներդրումներ  են  պահանջում,  որոնք  նախ  և  առաջ  հնարավորություն  և  նախապայմաններ  պետք  է  ընձեռեն  սահմանամերձ  տարածքների  անվտանգությանը  և  տնտեսական  զարգացմանը  նպատակաուղղված  ռազմավարական  ծրագրերի մշակման և իրագործման  համար:                                                                                                                                                            Այդ  ամենի  սկիզբը  պետք  է  լինի  սահմանամերձ  տարածաշրջանների  տարաբնակեցման  առողջացմանն  ուղղված  նպատակային  քայլերը,  որոնցից  առաջնայինը,  թերևս,  համայնքների  խոշորացման  և  միջհամայնքային  համագործակցության  գործընթացների  արագացումը  և  արդյունավետ  իրագործումն  է  և  բոլոր  առումներով՝ այդ  տարածքների  կայուն զարգացման, տնտեսական և քաղաքական կառավարման  նոր  մոտեցումների ձևավորումը: Այս համալիր միջոցառումները կապահովեն սահմանամերձ բնակավայրերին ներկայացվող ժամանակի մարտահրավերների պահանջները, հնարավորություն կընձեռեն վերաբնակեցման շնորհիվ  բարելավելու այդ տարածքների անչափ կարևոր ժողովրդագրական կառուցվածքը:                                                                                                                                                                Իսկ  բարեկեցիկ  միջավայրի  քաղաքաշինությունը՝  հետո:                                                                                                     Մեր  երկրի  անվտանգության  և  զարգացման  խնդիրները  մենք  պետք  է  լուծենք,  ինչու  չէ,  նաև  պետական  բյուջեի  սուղ  միջոցները  նպատակային  օգտագործելու  և, ըստ այդմ, տնտեսելու միջոցով՝ դրան  հակակշռելով մտածված, ծրագրային և  արդյունավետ  գործելաձևը, ինչը կբացառի ձևական աշխատանքի կատարման  ցանկացած դրսևորում:

Հարգելի  պարոն  Մուրադյան.                                                                                                                             Տարածական  պլանավորման  փաստաթղթերի  մշակման  և  այդ  խնդրում  պետական կառավարման  մեջ  մենք  լուրջ  բացթողումներ  ենք  թույլ  տվել՝  անթույլատրելիորեն  մերժելով  և  արժեզրկելով  այդ  փաստաթղթերի  դերն  ու  կարևորությունը:                                                                      Սա  կարելի  է  գնահատել՝  լավագույն  դեպքում,  որպես  անձեռահասություն,  վատագույն  դեպքում՝  դիտավորություն:                                                                                                                                                    Ներկա  մարտահրավերների  պայմաններում  մենք  հանրապետության  տարածական-  տարածքային   կայուն  զարգացմանը  նպատակաուղղված  դեռևս  լուրջ  խնդիրներ  ունենք  հաղթահարելու:                                                                                                                                                              Տնտեսական,  քաղաքական,  ազգային  անվտանգության  ռազմավարություններից  դուրս,  սուբյեկտիվ  իրավիճակներով  թելադրվող  և  իրականացվող  գունավոր  քարտեզներն  ու  գծապատկերներն  այլևս  պետք  է  փոխարինվեն  և  վերաիմաստավորվեն  զարգացման  ռազմավարություն  բովանդակող,  կենսունակ  և  պրոցեսներն  ուղղորդող  պլանավորման  փաստաթղթերով՝  հիմնված  երկրի զարգացման գաղափարական  և  գիտական  հիմնարար  սկզբունքների  վրա:

ԻՆՉ  ԱՆԵԼ:                                                                                                                                                                        Անհրաժեշտ է՝ պետական  պատվերի  շրջանակներում  իրականացվող   քաղաքաշինական  ծրագրային  փաստաթղթերի  մշակման  աշխատանքների  գնման  գործընթացն այսուհետ վերադարձնել օրինական  դաշտ:  Այդ նպատակով՝

1.Առաջին հերթին չեղյալ համարել  «ՀՀՔՊԿ-ԲԸԱՇՁԲ-17/1»  ծածկագրով  բաց  ընթացակարգի  մասին  հայտարարությունը,  ինչն  ակնհայտ  հակասում  է  օրենսդրությանը,  իրավաչափ  չէ:

2.պետական լիազոր մարմնի՝  ՀՀ  ԿԱ  քաղաքաշինական  պետական  կոմիտեի,  մասնագիտական  և  այլ  շահագրգիռ  մարմինների  հետ  քննարկել  քաղաքաշինական  ծրագրային  փաստաթղթերի  մշակման  գործընթացը  լիցենզավորելու  խնդիրը՝  պահին  և  իրավիճակին  համարժեք  մոտեցումներ  և  լուծումներ  գտնելու  համար:                                                                                                   Հաշվի  առնել,  որ  «Քաղաքաշինության  մասին»  ՀՀ  օրենքով  ամրագրված  քաղաքաշինական  ծրագրային  փաստաթղթերի  մշակման  և  փորձաքննության  ոլորտներում  լիցենզիայի  անհրաժեշտությունը  պարտադրող  նորմերը   չեն  գործում  և  հակասում  են  «Լիցենզավորման  մասին»  ՀՀ  օրենսդրությանը:                          

3.Համայնքների խոշորացման  և  միջհամայնքային  համագործակցության  գործընթացի  հետ  կապված,  և  այդ  շրջանակներում,  հստակեցնել  համայնքների  տարածքների  կազմակերպման  քաղաքաշինության   ռազմավարական  սկզբունքները:                                                                                                                                                        Այդ  համատեքստում  քննարկելի  համարել  ՀՀ  կառավարության  2011 թվականի  թիվ 1920  որոշմամբ  հաստատված  համակցված  պլանավորման  փաստաթղթերի  գործնական կիրառության և արդյունավետության հարցը,  դրանց մշակման  կարգն  ու  ընթացակարգը՝  այդ  քննարկումներին  ներգրավելով  շահագրգիռ  և  մասնագիտական  լայն  շրջանակներ:

4.Քննարկումների արդյունքներով  և  ընդունված  առաջարկություններով  օժանդակել  լիազորված մարմնին  մշակելու   համակցված  պլանավորման  փաստաթղթերի  մշակման  միասնական  մեթոդոլոգիան՝  հաշվի  առնելով  փաստաթղթի  կարևորությունը,  առանձնահատկությունները,  այդ  ասպարեզում  անելիքների  խիստ  աշխատատար և դրանց  համարժեք կատարողական ներուժի պահանջարկը:

 

Հարգանքով՝                                                                                                                                     ճարտարապետ

Աշոտ  ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930