Facebook ընկերությունը վերջին տասը տարում օգտատերերի տվյալների փոխանակման մասին համաձայնագիր է կնքել բջջային հեռախոս արտադրող առնվազն 60 ընկերության հետ, այդ թվում՝ Apple, Amazon, BlackBerry, Microsoft և Samsung:
New York Times-ի փոխանցմամբ՝ Facebook-ը գործընկեր ընկերություններին տրամադրել է օգտատերերի և նրանց ընկերների տվյալների հասանելիությունը նույնիսկ այն բանից հետո, երբ հայտարարել է, որ այսուհետ նման տեղեկատվություն չի փոխանցի երրորդ կողմին: Տեղեկատվության համաձայն՝ սոցիալական ցանցի որոշ գործընկերներ ունեցել են օգտատերի ընտանեկան դրության, նրա կրոնական, քաղաքական հայացքների մասին տեղեկատվության հասանելիություն:
Facebook-ի ներկայացուցիչները պնդում են, որ օգտատերերի տվյալների հասանելիության մասին բոլոր համաձայնագրերը համապատասխանում են ընկերության գաղտնիության և ԱՄՆ-ի Առևտրի դաշնային հանձնաժողովի պահանջներին: Ընկերությունը հավաստիացնում է, որ համաձայնագրերը ենթադրում են օգտատերերի տվյալների սահմանափակ օգտագործում:
Միևնույն ժամանակ New York Times-ի կողմից հարցված փորձագետները կարծում են, որ դա կարող է սպառնալ օգտատերերի անվտանգությանը: «Դա նույնն է, ինչ փական դնես դռան վրա, հետո պարզվի, որ փականագործը բանալին բաժանել է իր բոլոր ընկերներին, որպեսզի նրանք կարողանան ներս մտնել և քչփորել ձեր իրերն առանց թույլտվության»,-պարբերականին ասել է FTC-ի նախկին գլխավոր ինժեներ, անվտանգության հարցերով խորհրդատու Աշկան Սոլտանին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Cambridge Analytica լոնդոնյան ընկերությունը հավաքել է Facebook-ի օգտատերերի տվյալները, որպեսզի դրանք օգտագործի քաղաքական գովազդում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ