Կառավարության ծրագիրը, որը հունիսի 7-ին ներկայացվելու է Ազգային ժողովի քվեարկությանը, ոչ միանշանակ է ընդունվել հանրային ու մասնագիտական շրջանակներում։
Փաստաթուղթը հրապարակվելուց հետո կարծիքներ հնչեցին, որ դա շատ ընդհանրական է, որ ծրագրում չկան թվեր, նպատակին հասնելու հստակ ճանապարհներ եւ այլն։ Իհարկե, նաեւ մեկնաբանություններ եղան, որ խոսքը ժամանակավոր կառավարության ծրագրի մասին է, որն իր թիվ մեկ նպատակը հռչակել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, ինչն ամրագրված է ծրագրում։
Բժիշկ Հայկ Մանասյանը խոսեց ծրագրի՝ առողջապահության բնագավառին վերաբերող հատվածի մասին։ Ասաց, որ դա իրեն չի գոհացնում։
«Այստեղ ավելի շատ ակնարկներ են, որոնցից ես եզրակացություն եմ անում։ Առաջին ակնարկն այն է, որ հետեւողականորեն շարունակվելու է ապահովագրական համակարգի ներդրումը։ Այսինքն՝ այնպես չէ, որ ներդրվելու է։ Շարունակելու են մի բան, որը մինչեւ հիմա արվում էր, ու վերջ։ Բայց մինչեւ հիմա արվողը շատ անարդյունավետ էր, շատ ցածր օգտակար գործողության գործակից ուներ (առանձին կետերով դա կարելի է հիմնավորել): Ապահովագրության մասին այս ծրագրում փաստորեն որեւիցե խոստում կամ որեւիցե մեծ գործ, որ պետք է ակնկալենք, չկա։ Կա ընդամենը նախկինում եղածի շարունակության մասին»,- կարծիք հայտնեց Հայկ Մանասյանը։ Դիտարկմանը, թե կառավարության ծրագրում տեղ գտած «շարունակվելու է ապահովագրական համակարգի ներդրումը» ձեւակերպումը հնարավո՞ր չէ մեկնաբանել այնպես, որ ապահովագրությունը ոչ թե չի ներդրվի, այլ կներդրվի, բայց գուցե ոչ ամբողջությամբ, բժիշկն արձագանքեց. «Մեզ պետք է աշխատող ինստիտուտ։ Հիմա եթե իրենք շարունակում են ինստիտուտի կայացումը, նույնն է, որ մենք այդ ինստիտուտը չենք տեսնելու այս տարի։ Ասում է՝ կառավարությունը պետք է մեղմի սոցիալապես անապահով եւ որոշակի խմբերի ապահովագական ծախսերը։ Ո՞ւր է այդ խմբերի ապահովագրություն, որ մի հատ էլ մեղմես ապահովագրական ծախսերը։ Նույնիսկ չի նշվում՝ ապահովագրությունը լինելու է պետակա՞ն, թե մասնավոր։ Չի ասվում պարտադի՞ր ապահովագրություն է լինելու, թե կամավոր։ Ոչ մի որոշակի բան»։
Բժիշկն անհամաձայնություն ունի նաեւ կառավարության ծրագրի այն դրույթի հետ կապված, ըստ որի՝ «Առողջապահական քաղաքականության անկյունաքարային ուղղությունը, այսուհանդերձ, պետք է դառնա հիվանդությունների կանխարգելմանն ուղղված քաղաքականությունը»։ Նա կարծում է, որ դա մի ամբողջ նախարարության գործառույթ չէ, եւ այդ գործը կարելի է գլուխ բերել հասարակական կազմակերպության մակարդակով կամ մեկ այլ գերատեսչության կազմում համապատասխան վարչություն կամ բաժին բացելով ու լուծարելով առողջապահության նախարարությունը։
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում