Լրահոս
Օրվա լրահոսը

Աղքատության վերացումը մեր գործը չէ, մենք մեղմելու նախարարություն ենք. Մանե Թանդիլյան

Հունիս 05,2018 11:33

Այսօր ԱԺ-ում 2017-ի բյուջեի կատարման հաշվետվության նախնական քննարկումները շարունակվում են:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին ՀՅԴ անդամ Արմենուհի Կյուրեղյանը հարցրեց. «Մենք շատ լավ գիտենք, որ այսօր աղքատ եւ հարուստ խավերի միջեւ մեծ տարբերություն կա, միջին խավ չունենք, խնդիր ունենք միջին խավի ծավալը մեծացնելու, աղքատության շեմն այսօր շատ հեռու է կենսապահովման նվազագույն շեմից, ի՞նչ ժամկետներում է հնարավոր աղքատության շեմը հասցնել կենսապահովման նվազագույն շեմին»:

Նա նաեւ հարցրեց՝ շատ են այն խմբերը, որոնք հնարավորություն չունեն օգտվելու սոցապ փաթեթներից, հնարավո՞ր է առողջապահության, մշակույթի, կրթության եւ գիտության ոլորտի բոլոր աշխատակիցներին ներառել սոցապ փաթեթների մեջ:

Մանե Թանդիլյանը պատասխանեց, որ ճիշտ է, բեւեռացումը խորացել է հարուստների եւ աղքատների միջեւ, բայց իրենց նախարարության ուղղակի գործառույթի մեջ աղքատության վերացումը չի մտնում. «Ավելի շատ աղքատության ազդեցությունը մեղմելու նախարարություն ենք, տնտեսական զարգացման նախարարության ֆունկցիան է աղքատության վերացումը, մենք մեղմելու նախարարություն ենք»:

Կենսապահովման նվազագույն շեմի հետ կապված նախարարն ասաց. «Մեր քաղաքացիների խնդիրները մեղմելու հետ կապված չէի ուզենա խոստումներ տալ, բայց գիտեք, որ կան քաղաքացիներ, որոնք ստանում են պետությունից այնպիսի հատկացումներ, որոնցով դժվար է հոգալ կենսապահովման նվազագույն կարիքները»:

Թանդիլյանն ասաց, որ հնարավորությունները խիստ սահմանափակ են, իրենց նախարարությունը բազմաթիվ բողոքներ է ստանում, որ նրանք, ովքեր պետք է օգտվեին նպաստներից, դուրս են եւ օգտվում են ուրիշները. «Հասցեականությունը պետք է ստուգենք: Պետք է վերանայվի՝ ովքեր են նպաստ ստացողները, ովքեր՝ ոչ:

Թանդիլյանն ասաց, որ պետք է հետեւեն, որ որեւէ մեկի իրավունքները չխաթարվեն: Կյուրեղյանը արձագանքեց. «Ես հույս ունեմ, որ միգուցե լայն քննարկումների արդյունքում հանրային պահանջները կատարվեն: Չլսված լինելը խորացնում է հարցը»: Թանդիլյանն էլ վստահեցրեց, որ հնարավորինս անհատական մոտեցում են ցուցաբերում ու ուզում են վեր հանել խնդիրները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Nairi Urartatsi says:

    Հարգարժան նախարար, համաձայն եմ ձես հետ:Բայց, ճիշտ, թիրախավորված անհրաժեշտ
    սոցիալական աջակցությունը մեծապես կարող է նպաստել կյանքի հատակում հայտնված
    /հիմնականում այդպիսիք բազմանդամ ընտանիքներն են/ ընտանիքներին որոշ ժամանակից
    հետո հաղթահարել դժվարությունները և հավասարակշռության գալով՝ զբաղվել ստեղծագործ
    աշխատանքով:Դրա համար աղքատության աստիճանի ճիշտ գնահատում է պետք և համապատասխան բալանսավորված աջակցություն,թե չէ թերի աջակցությունը անգամ գոյատևելու հնարավորություն չի տալիս և մարդիկ դանդաղ մահվան են դատապարտվում՝
    այդպես էլ չհասկանալով, թե որ մեղքի համար են դատապարտված:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930