Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձներ չստանալն արդեն իսկ որոշակիորեն հուշում է՝ բարձրացե՞լ, թե՞ անկում է ապրել մեր երկրի վարկանիշը. «Իրատես»

Հունիս 05,2018 11:28

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո նոր կառավարության անդամներն առիթը բաց չեն թողնում խոսելու միջազգային հարթակում Հայաստանի վարկանիշի բարձրացման մասին: Ասում են՝ «հեղափոխությունից հետո բոլոր երկրները միայն ու միայն Հայաստանի մասին են խոսում»: Թե իրականում ինչքանով է Հայաստանի վարկը բարձրացել Եվրոպայի, ԱՄՆ-ի, Արևելքի ու, առհասարակ, աշխարհի աչքին, հարաբերական է:

Միջազգային հարթակներից եկող ազդակները, սակայն, այլ բան են հուշում: Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձներ չստանալն արդեն իսկ որոշակիորեն հուշում է՝ բարձրացե՞լ, թե՞ անկում է ապրել մեր երկրի վարկանիշը: Կառավարությանն ուղղված այս հարցի պատասխանը գործադիրից մոտավորապես այսպես էին մեկնաբանել. «Միջազգային հանրությունը Հայաստանի անկախության տոնը ասոցացնում է սեպտեմբերի 21-ի հետ, և, հետևաբար, հենց այդ օրը պետք է սպասել շնորհավորանքների»: Բայց ի հակադրումն սրա՝ նկատենք, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո անկախություն ձեռք բերած երկրներից են նաև մեր հարևաններ Վրաստանն ու Ադրբեջանը, որոնք իրենց 1-ին հանրապետության 100-ամյակի կապակցությամբ շնորհավորանքներ են ստացել ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Իտալիայից, Ֆրանսիայից ու աշխարհի ամենատարբեր երկրներից:

Քաղաքագետ, քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ միջազգային ասպարեզում որևէ երկրի վարկանիշի բարձրացումը կամ նվազումը հարաբերական հասկացություն է՝ պայմանավորված տվյալ պահին տվյալ երկրում տիրող իրավիճակով:

«Իրատեսի» հետ զրույցում նա ասաց, որ եթե որևէ երկրի կողմից Հայաստանը մայիսի 28-ին ուշադրության չի արժանացել, ապա դիվանագիտական տեսանկյունից դա բավականին տագնապալի զանգ է: «Առավել լուրջ խորհելու տեղիք է տալիս այն փաստը, որ մեզ բացարձակապես չեն շնորհավորել և ոչ մի երկրից: Ստացվում է, որ այս պահին աշխարհի համար ավելի կարևոր է Փաշինյանի գործոնը»,- նկատեց Հակոբյանը:

Մեր զրուցակիցն ավելացրեց նաև, որ միջազգային ասպարեզում Հայաստանում տեղի ունեցած և ունեցող զարգացումներին «իրավիճակային գնահատական» են տալիս: Այսինքն, ըստ նրա, հաշվի են առնում իրողությունները, տվյալ պահին իրենց երկրի շահերը, հետո միայն գնահատական տալիս կամ «մեսիջ» ուղարկում: Հակոբյանը հստակեցրեց, որ արտաքին աշխարհի այդ «ոչ քաղաքավարի» պահվածքն ու «տարօրինակ լռությունը» 100-ամյակի կապակցությամբ, վկայում են, որ դրսի մեր «ընկերները» ոչ թե ռազմավարական, այլ «իրավիճակային մեսիջ» են ուղարկել: Վիգեն Հակոբյանն ընդգծեց, որ «իրավիճակային մեսիջներ» ասվածը կարող է կապված լինել այս պահին աշխարհաքաղաքական որոշ գործընթացների հետ, որոնք, գուցե, նախապատրաստական պրոցեսներ են: Նա, փոքր-ինչ բացելով փակագծերը, նշեց նաև, որ այդ գործընթացներում, Ադրբեջանի ու Վրաստանի դերը հասկանալի է, հստակեցված, բայց Հայաստանի դերը հստակ չէ, քանի որ մեզ մոտ իշխանափոխության գործընթացը դեռ շարունակվում է, ու հասկանալի չէ, թե դեպքերի ինչպիսի զարգացումներ կարող են լինել:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930