Հունիսը Հայաստանում սկսվեց տնտեսական պատերազմով, առայժմ հաղթում է վարչապետը, բայց որքանո՞վ է նրա հաղթանակը հիմնավոր ու տևական: Իրադարձությունների մանրամասների մեջ չմտնելով ու չփորձելով տնտեսագիտական գնահատականներ տալ, որ միայն տնտեսագետները պիտի անեն, փորձենք ամփոփել մի քանի օրվա այդ և այլ զարգացումները:
Փաստացի` Հայաստանի ամբողջ իշխանությունը միայն մի խնդիր է դրել իր առաջ` պայքար կոռուպցիայի դեմ: Գուցե այն պատկերացումով, որ կոռուպցիան ամենուր է ու բոլորը կոռուպցիոներ են: Մեղավորության կանխավարկածը տարածել հազարավոր մարդկանց վրա, մեղմ ասած, ոչ իրավական է, ոչ բարոյական, ոչ էլ իմաստ ունի: Գուցե միջազգային կառույցներն են բարձր գնահատում այդ պայքարը ու ֆինանսական աջակցության պայման են դնում: Գուցե քաղաքական հաջողությունը պահելու ամենահուսալի ձևը հանրային հնչեղություն ունեցող բացահայտումներն են, որ թեկուզ պոպուլիզմ են, բայց արդյունք են տալիս: Եթե բոլոր նախարարները պիտի իրենց ոլորտները ղեկավարելու օրակարգային առաջին կետ ունենան «իրենց» կոռուպցիոներներին ջրի երես հանելը, գոնե մի քիչ բուն գործով զբաղվելու համար նախարարություններում պետք է ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի առանձին վարչություն` և ավելի արդյունավետ կաշխատեն, և աշխատատեղեր կստեղծեն: Բացահայտումների հաշվին վերականգնված գումարներից էլ թող աշխատավարձ ստանան, որ բյուջեից հավելյալ ծախսեր չպահանջեն: Այլապես ԱԱԾ-ն կարող է վերածվել պետության մեջ, որ հակասում է մարդու իրավունքներին ու իրավական պետության գործառույթներին: Սա` մեկ:
Երկրորդ` ակնհայտ է, որ տնտեսական պատերազմը հիմքում քաղաքական խնդիր է լուծում` փակել նախկին իշխանության ֆինանսական հոսքերը:
Երրորդ` քրեաօլիգարխիկ համակարգի դեմ հատվածական պայքարը` «Մեկին խփենք, որ մյուսներին դաս լինի» սկզբունքով վայել չէ թավշե հեղափոխության առաջադրած նպատակներին ու ստեղծած մթնոլորտին: Պատեհ-անպատեհ հայտարարել, որ Հայաստանում իշխանությունը ժողովրդի ձեռքին է և ժողովրդի անունից միանձնյա որոշումներ ընդունելը ժողովրդավարության ճիշտ հակառակն է: Կառավարությունը պիտի ոչ թե կարգախոսներ ու կոչեր նետի ժողովրդին, այլ ծրագիր ներկայացնի ու բացատրի իր որոշումների պատճառներն ու ակնկալած արդյունքները: Դա այն ծրագիրը չէ, որ պիտի ներկայացվի ԱԺ, դա ժողովրդին ներկայացվող հաշվետվություն է:
ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել «Երևան Սիթի» սուպերմարկետներում կեղծ ձեռնարկատիրության և առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չկատարելու համար։ «Ալեքս Հոլդինգ» ընկերությունում ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ տարիներ շարունակ ընկերության աշխատակիցների ու նրանց ընտանիքների անդամների և ծանոթների անվամբ, հիմնականում նույն նոտարի մոտ, գրանցվել են 461 ԱՁ-ներ, որոնք գործել են «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում: Նախնական հաշվարկի համաձայն ընդհանուր վաճառքի շրջանառությունը կազմել է 40 միլիարդ դրամ, վճարվել է 2 տոկոս շրջանառության հարկ՝ 20 տոկոս ԱԱՀ-ի և շահութահարկի փոխարեն: Իրավապահները ճշտում են պետությանը պատճառված վնասի չափերը։ Առաջին հայացքից անօրինականությունն ակնհայտ է, բայց պարզվեց, որ Սամվել Ալեքսանյանը միայնակ չի նման որոշում ընդունել, ու բոլորն էլ տեղյակ են եղել: Նպատակն էլ գների ցածր մակարդակ պահելն ու գյուղացիներից գյուղմթերքները ձեռք բերելն է եղել: Թեպետ «սիթիները» դարձան կոռուպցիայի դեմ պայքարի թիրախ, հարցը միայն Սամվել Ալեքսանյանին ու նրա բիզնեսին չի վերաբերում: Արտասահմանյան որևէ մեծ քաղաքում սուպերմարկետներ քաղաքի կենտրոնում չեք գտնի, ուզու՞մ եք մի տեղից ամեն ինչ ու համեմատաբար էժան գնել, բարի եղեք հասնել քաղաքի ծայրամաս ու անպայման աշխատանքային օրերին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում