Ռամկավար Ազատական կուսակցությունը իր մտահոգությունն է հայտնում Արցախում ստեղծված իրավիճակի՝ շարունակվող ցույցերի ու պաշտոնաթողության պահանջների կապակցությամբ:
Արցախը ռազմավարական-անվտանգային գերկարևոր նշանակություն ունի Հայաստանի ու հայ ժողովրդի համար, այստեղով է անցնում Ադրբեջանի հետ շփման՝ ռազմաճակատային գծի կարևորագույն մասը, որը պահպանվում է հայկական ուժերի կողմից: Հանդարտությունը և խոհեմությունը երկրորդ հայկական հանրապետության տարածքում կարևոր նշանակություն ունի իրավիճակի՝ ռազմաքաղաքական հավասարակշռության պահպանման և սահմանային գծում խաղաղության պահպանման համար.
ՌԱԿ Կենտրոնական վարչությունը և Գերագույն խորհուրդը կոչ են անում ստեղծված իրավիճակը հանգուցալուծել հնարավորինս արագ բանակցությունների միջոցով՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ: ՌԱԿ-ը կոչ է անում չտրվել սադրանքների ու չդիմել անխոհեմ քայլերի, ինչը կվտանգի թե՛ Արցախին, թե՛ ՀՀ-ին և թե՛ սահմանին կանգնած հայ զինվորի կյանքը:
ՌԱԿ-ը միաժամանակ հայտարարում է, որ կուսակցություն այս պահին չունի ներկայացուցչություն Ստեփանակերտում, և կուսակցության անունից հանդես եկող ցանկացած փորձ գնահատում է որպես սադրանք ուղված իրավիճակի ապակայունացմանը:
Ռամկավար Ազատական Կուսակցութիւն
Գերագոյն Խորհուրդ
Կեդրոնական Վարչութիւն
Վարդան Նազիրեան
Յակոբ Աւետիքեան
Ատենապետ