Արցախի պետական նախարար Արայիկ Հարությունյանը այսօր երեկոյան դարձյալ առանձին հանդիպում է ունեցել ցույցի կազմակերպիչների հետ:
Հանդիպումից հետո Արայիկ Հարությունյանը ցուցարարների առջև հանդես եկավ հայտարարությամբ՝ նախ շնորհակալություն հայտնելով նրանց, որ այս օրերին բարձրացնում էին Արցախում առկա խնդիրները:
«Դուք նոր էջ եք բացել Արցախի պատմության մեջ: Առաջին անգամ Արցախում սկսվել է շարժում` ուղղված պետականաշինությանը, որը սկիզբ է դրվել ժողովրդի կողմից ինքնաբուխ՝ ունենալով հստակ օրակարգ»,-հայտարարեց Ա. Հարությունյանը:
Նա նշեց, որ նախագահը խոստացել է շատ կարճ ժամկետում քննարկել բոլոր խնդիրները և կատարել կառուցվածքային ու կադրային փոփոխություններ. «Նա խնդրում է շատ կարճ ժամանակ և հավաստիացնում, որ լուծում է տրվելու բոլոր խնդիրներին ու դուք այդ ամենից գոհ եք լինելու»,- ասաց պետնախարարը:
Ցույցի կազմակերպիչ Դավիթ Սիմոնյանը ցուցարարներին հայտնեց, որ իրավիճակի առթիվ արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կոչ արել դադարեցնել ցույցը, քանի որ Բակո Սահակյանը պատրաստ է կատարել մեր պահանջները: Որից հետո դիմելով ցուցարարներին հարցրեց. «Մենք վստահենք Նիկոլ Փաշինյանին»: Ցուցարարները տվեցին դրական պատասխան:
Այժմ ցուցարարները լքել են Ազատամարտիկների փողոցը և վերսկսվել է փողոցի բնականոն երթևեկությունը։
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ