Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «ԱՄՆ-ի և օտարերկրյա այլ պետությունների ոչ բարեկամական գործողություններին հակազդելու միջոցների» մասին օրենքը: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:
Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից։ Փաստաթուղթը թույլ է տալիս հակապատժամիջոցներ սահմանել՝ ի պատասխան ԱՄՆ-ի և այլ երկրների ոչ բարեկամական քայլերի: Միջոցներ կարող են կիրառվել պետությունների, նրանց իրավասության տակ գտնվող կազմակերպությունների, ինչպես նաև առանձին պաշտոնյաների և քաղաքացիների նկատմամբ:
Օրինագծի հեղինակներն են Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը և խմբակցությունների ղեկավարները: Օրինագիծը թույլ է տալիս կիրառել նաև այլ սահմանափակումներ «նախագահի որոշման համաձայն, որպեսզի հնարավորություն լինի օպերատիվ կերպով արձագանքել փոփոխվող իրավիճակին»:
Հակապատժամիջոցները չեն տարածվի կենսական նշանակության ապրանքների, այդ թվում՝ դեղորայքի վրա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ