«Ամերիկայի ձայն». Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչները նախատեսում են եկող շաբաթ Հայաստան այցելել՝ ամրապնդելու կապերը Հայաստանի նոր իշխանությունների հետ, «Ամերիկայի Ձայն»-ին պատմում է համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանը.
«Որպես ամերիկահայեր, մեզ այժմ անհրաժեշտ է դիմել Հայաստանի նոր իշխանություններին:՝ հարցնելով, թե ինչպե՞ս են երկրում նոր աշխատատեղեր բացվելու, ինչպե՞ս է ապահովվելու Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը»:
Բարսամյանի խոսքով, Ամերիկայի հայկական համագումարը քաղաքական գործընթացներին չի միջամտում, ուստի սպասում էր Հայաստանի նոր իշխանությունների ձեւավորմանը: Էնթոնի Բարսամյանի խոսքով, երկրի հիմնական խնդիրները տնտեսությունն ու անվտանգությունն են, որոնց հաղթահարման գործընթացում Սփյուռքը կարող է եւ պետք է մասնակցի: Իր ուրույն նոր դերը պետք է խաղա նաեւ Միացյալ Նահանգները.
«Միացյալ Նահանգները ցանկանում է տեսնել ժողովրդավարությունը գործողության մեջ՝ դա հենց այն է, ինչ այսօր ունենք Հայաստանում: Այնպես որ, մենք աշխարհին պետք է հիշեցնենք, որ Հայաստանն այժմ բաց է բիզնեսի համար: Այժմ միակ հարցն այն է, թե արդոք Միացյալ Նահանգները եւ Արեւմտյան երկրները ներդրումներ կկատարեն Հայաստանում: Կարծում եմ միանշանակ»:
Միեւնույն ժամանակ, Հայաստանի ազատականացվող տնտեսությունն ու բիզնեսի աշխատանքը խոչընդոտող գործոնների նվազումը Հայաստանում գործարար նոր մթնոլորտ են ստեղծում: Մթնոլորտ, որին անհրաժեշտ է Սփյուռքի մասնակցությունն իր տնտեսական ներուժով: