Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ անդրադարձավ Արցախում ստեղծված իրավիճակին:
Արդեն մի քանի օր է՝ Արցախում տեղի են ունենում բողոքի ցույցեր եւ Փաշինյանը խոսեց այդ ցույցերի, մի քանի օր առաջ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին. «Իհարկե, ուժային կառույցների պահվածքը մտահոգություններ առաջացնող է, եթե չասենք դատապարտելի է»:
Նա ասաց, որ իրավիճակը պետք է կոնկրետ լուծումներ ստանա ու կոնկրետ հետեւությունների բերի. «Ես ուշիուշով հետեւում եմ Արցախի իրադարձություններին, մշտական կապի մեջ եմ եղել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ եւ գոհունակությամբ եմ արձանագրում, որ նա մի քանի անգամ հանդիպումներ է ունեցել ցուցարարների ներկայացուցիչների հետ, լսել նրանց պահանջները եւ այդ պահանջների վերաբերյալ մտահոգությունների վերաբերյալ ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ: Արցախի նախագահն ասել է, որ պատրաստվում է ի կատար ածել այդ պայմանավորվածությունները, իրականացնել լրիվ եւ ամբողջական քննություն եւ դրանից անել նաեւ կազմակերպչական հետեւություններ»:
Վարչապետն ասաց, որ հիմա եկել է մի փուլ, որ ցուցարարները պետք է Արցախի նախագահին հնարավորություն տան, որ այդ պայմանավորվածություններն իրականացնի: Ակնհայտ ու հասկանալի է, որ այդ պայմանավորվածությունները պետք է իրագործվեն հանդարտ, ոչ նյարդային իրավիճակում: Իսկ շարունակական իրավիճակը, որի նպատակը հենց որոշակի կադրային եւ կազմակերպչական հետեւություններ անելն է, ըստ էության ստացվում է, որ խոչընդոտում է այդ հետագա պրոցեսների զարգացմանը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ «Եթե պայմանավորվածությունները ի կատար չեն ածվի, այդ դեպքում իմաստ կունենա շարունակել որեւէ բողոքի գործողություն, որովհետեւ ըստ էության Արցախի իշխանությունը հայտարարում է, որ շատ տրամաբանական է համարում, որ տվյալ իրավիճակում պետք է հետեւություններ արվեն եւ ցուցարարների եւ ներկայացուցիչների միջեւ ձեռք է բերվել համաձայնություն: Այս իրավիճակում ես ամեն օր, օրը մի քանի անգամ տեղեկանում եմ իրավիճակի վերաբերյալ եւ այդ տեղեկացվածությունը ինձ թույլ է տալիս կոչ անել, որպեսզի մեր հարգելի ցուցարարներն ուղղակի դադարեցնեն ցույցը եւ հնարավորություն տան, որպեսզի Արցախի իշխանությունները իրականություն դարձնեն հենց ցուցարարների ներկայացուցչների եւ իշխանությունների ներկայացուցիչների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները: Արցախի նախագահն ինձ հետ խոսակցության ընթացքում եւս մեկ անգամ արձանագրել է իր հավատարմությունը եւ հաստատակամությունն այդ պայմանավորվածություններն իրականացնելու գործում եւ տվյալ դեպքում անհրաժեշտ է այդ հնարավորությունը տալ: Ցույցը արվում է, որ հասնեն ինչ-որ կոնկրետ արդյունքների: Հիմա կա պայմանավորվածություն, որ այդ արդյունքները կլինեն, առաջիկայում ամբողջական հետաքննություն կլինի եւ կլինեն նաեւ որոշակի կազմակերպչական հետեւություններ: Ըստ էության, ցույցը իր նպատակին հասել է, եւ կարծում եմ, որ հիմա այսպես ասած գնդակը Արցախի իշխանությունների դաշտում է: Հիմա ճիշտ կլինի, որ մեր հարգելի ցուցարարները գնդակը թողնեն Արցախի իշխանությունների դաշտում եւ եթե այդ իրավիճակը չհանգուցալուծվի այն պայմանավորվածությունների շրջանակներում, որ ձեռք է բերվել ցուցարարների եւ Արցախի իշխանությունների միջեւ, այդ պարագայում ցուցարարները նորից կարող են գնդակը հետ բերել իրենց դաշտ:
Վարչապետն ասաց, որ տեղի ունեցածի վերաբերյալ չի ուզում մտնել դետալների մեջ եւ գնահատականներ տալ, որովհետեւ կարեւոր է, որ իրավիճակը հանգուցալուծվի ոչ թե կոնֆլիկտի, այլ համաձայնության մթնոլորտում: Ըստ Փաշինյանի, «համաձայնությունը կայացել է՝ երկարատեւ, մանրամասն, հանդարտ, եղբայրական քննարկումների արդյունքում եւ հիմա կարծում եմ, որ պարզապես անհրաժեշտ է հնարավորություն տալ, որ այդ պայմանավորվածությունները համաձայնության մթնոլորտում ի կատար ածվեն եւ մենք այստեղ նույնպես ցույց տանք մեր ժողովրդի հարցերը սիրո եւ համերաշխության մթնոլորտում լուծելու պատրաստակամությունը: Մանավանդ, որ կարծում եմ, մենք բոլորս ընդունում ենք քաղաքացիների՝ կոնկրետ իրավիճակի նկատմամբ իրենց վերաբերմունքն արտահայտելու եւ այդ վերաբերմունքը կոնկրետ քաղաքական փոփոխության ձեւով տեսնելու իրավունքը: Իմ եղբայրական կոչը, հորդորը, խնդրանքն է, որ ուղղակի Ստեփանակերտում այդ բողոքի գործողությունը դադարեցվի կամ առնվազն կասեցվի, որ Արցախի իշխանությունները հնարավորություն ունենան ի կատար ածել պայմանավորվածությունը»:
Նա ողջունեց Արցախի հերոսական ժողովրդին՝ ասելու. «Սիրում եմ բոլորիդ, իմ սիրելի ղարաբաղցիներ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ, հպարտանում եմ բոլորովդ»:
Ի դեպ, ուղիղ եթերը սկսելուն պես Փաշինյանը նորից սկսեց հազալ՝ կատակելով, թե մեր բժշկությունը, կարծես, անզոր է իր հազի դեմ, հետո հանուն արդարության ասաց, որ Ջավախքում ելույթների ընթացքում է հազը նորից ակտիվացել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
ՆԻԿՈԼԻ 1-ին սխալ քայլն Սերժի հրաժարականից հետո:
Իսկ դուք պարոն վարչապետ Սերժ Սարգսյանին ինչու այդ հնարավորությունն չտվեցիք որ մտածի:
Շուտ մոռացվեց երբ Բերձորի մոտ ֆաշիստի ոգով ջարդում էին մեքենաները, ծեծում էին անմեղ մադկանց ու սասրսափի մեջ էին կանայք ու երեխաները:Իսկ այս ամենի կազմակերպիչն Բակո Սահակյանն էր:
Ցուցարարներն բողոքի ցույցը պետք է շարունակվի այնքան ժամանակ, մինչև ներկայացված պահանջները չկատարվեն։