Շիրակի նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանին պաշտոնապես ներկայացնելուց հետո լրագրողները ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրեցին, թե ի՞նչ կասի Գյումրիում կազմված 16 հոգանոց ցուցակի մասին։ Նրանք մանրամասնեցին, որ ցուցակն ընդգրկում է մարզի այն բոլոր պաշտոնյաների անուն-ազգանունները, որոնց մտադրված են պաշտոնանկ անել նոր իշխանությունները։ Ցուցակի մասին լուրը փոքր-ինչ զարմացրեց նախարարին, որը ժպտալով հարցրեց, թե այդ թիվը որտեղի՞ց է գալիս, առաջին անգամ է այս մասին լսում։
«Ժողովուրդ, նման քննարկումներ չեն եղել, ես առաջին անգամն եմ ձեզանից լսում, բայց կարող եմ հստակ ասել, որ օրինազանց պաշտոնյաները, չարաշահումներ կատարած մարդիկ չեն կարող պաշտոնավարել։ Դա հստակ է, եթե օրենքով սահմանված կարգով պարզվի, որ այդ մարդիկ կատարել են չարաշահումներ, խախտել են Սահմանադրությամբ իրենց տրված լիազորությունները , ապա նրանք պաշտոնի հետ կլինեն անհամատեղելի։ Իսկ կադրային փոփոխությունները նորմալ երևույթ են, պետք չէ դրան վերաբերել սվիններով, բայց կադրային ջարդ՝ որպես այդպիսին, մեր սկզբունքներում չկա։ Եթե մասնագետն իր տեղում է, եթե նա պետք է մարզին ու Հայաստանի Հանրապետությանը, ապա ի՞նչն է խանգարում, որ նա ծառայի Հայաստանի Հանրապետությանը», -ասաց նախարարը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ