Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տարածքային կառավարման նախարարի «մեսիջները» Շիրակի համայնքապետերին ու ուժայիններին (Տեսանյութ)

Հունիս 04,2018 19:15

ՀՀ տարածքային և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Շիրակի մարզի համայնքապետերին, մարզպետարանի աշխատակազմին ու տարբեր կառույցների ղեկավարներին․ նրանց թվում էին նաև ուժային կառույցների ներկայացուցիչները, ներկայացրեց նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանին։ Սակայն մինչ մարզպետին ներկայացնելը նախարարը մի քանի ուղերձ հղեց ներկաներին:

Նախարարը նշեց, որ Հայաստանում ստեղծված նոր իրավիճակը մեր պետականության համար նոր էջ բացելու հնարավորություն է բերել, և այդ պատասխանատու փուլում կարևոր է յուրաքանչյուրի գիտակից գործունեությունը։

«Բազմիցս խոսվել է Հայաստանում ժողովրդավարություն, ժողովրդավարական կարգեր բերելու մասին, բայց դա եղել է միայն թղթի վրա, եղել է լոզունգների տեսքով և գործնականում քայլեր չեն արվել դրանց հասնելու համար։ Մեր կառավարությունը պատրաստ է լծվել այս կարևոր գործին, այստեղ պետք է ձեր աջակցությունը՝ որպես հանրության պատվիրակներ»,- ասաց նախարարը։

Նա կարևորեց տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցիկությունը՝ նշելով, որ շատ դեպքերում հանրության դժգոհությունն է հարուցում դոտացիայի իրական թվի թաքցնելը, սեփական միջոցների մասին հանրությանն անտեղյակ պահելը։

Սուրեն Պապիկյանը նաև նշեց, որ երկրի համաչափ զարգացման մասին շատ է խոսվել, բայց երբեք կյանքի չի կոչվել։ Նա, որպես օրինակ մեջբերելով Գյումրին և Շիրակի մարզը, նշեց, որ համաչափ զարգացման համար անհրաժեշտ են ինչպես օրենսդրական փոփոխություններ, այնպես էլ պետական ճիշտ քաղաքականություն։ Այն, Սուրեն Պապիկյանի ձևակերպմամբ, միտված պետք է լինի Երևանից դուրս գտնվող մյուս քաղաքների զարգացման համար իրական ջանք գործադրելուն։

Սուրեն Պապիկյանն ասաց, որ մարզերի զարգացման համար իրենց գերատեսչությունը առաջիկայում ձևավորելու է համայնքների օտարման ենթակա հողերի ու գույքի օն-լայն հարթակ։ «Ի՞նչ է սա, սա ենթադրում է , որ յուրաքանչյուր համայնք տարվա սկզբին պիտի ներկայացնի օտարման ենթակա այն գույքի, այն հողի ցանկը, անշարժ գույքի մասին է խոսքը նաև, որ այդ տարի ենթադրվում է՝ պետք է օտարվի։ Պետք է նշվի, թե օտարումը, սպասվող ակնկալիքները ի՞նչ են տալու համայնքին և որտե՞ղ է օգտագործվելու այդտեղից առաջացած ֆինանսական միջոցները։ Սա մի կողմից լուծում է մի խնդիր, երբ խնամի-ծանոթ-բարեկամների, նաև համայնքապետերի թեթև ձեռքով տարվա որևէ հատվածում մի լավ բարեկամի համար, մի լավ թոթոլ հողատարածք էին գտնում ու ավագանու միջոցով սա օտարվում էր համայնքից՝ համայնքն այդպես էլ տեղեկացված չէր լինում դրա մասին»։

Ըստ նախարարի, այդ տեղեկատվությունը հրապարակվում էր սահմանափակ թվով լրատվամիջոցներում, ու հանրությունը տեղյակ չէր լինում, իսկ այս դեպքում իրենք կկարողանան հասու դարձնել բոլորին ու պոտենցիալ ներդրողը՝ թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս գտնվող, կարող է հստակ տեսնել, թե որտեղ կարող է ծավալել իր բիզնես գործունեությունը։

Նա, իր ելույթի վերջում մեկ անգամ ևս դիմելով ՏԻՄ ղեկավարներին, ուժային կառույցների ներկայացուցիչներին, նորանշանակ մարզպետին, հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետությունում այլևս գերակա է օրենքը, ոչ մի պաշտոնյա իրավունք չունի իրեն լիազորել այլ իրավասություններ, քան նախատեսված է ՀՀ Սահմանադրությամբ։

«Սա վերաբերում է բոլորին, և իրավապահ մարմինների պարտքն է հետևել դրան և օրենքի տառին համապատասխան կատարել համապատասխան գործողություններ»,- ասաց նախարարը։

Նախարարն իր ասելիքը փոխանցելուց հետո նոր միայն շնորհավորեց նորանշանակ մարզպետին՝ մաղթելով արգասաբեր գործունեություն։

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը շատ կարճ խոսեց, նկատելի էր, որ փոքր-ինչ հուզված է։ Վերջինս վստահեցրեց, որ ծառայելու է Շիրակ աշխարհին ու Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930