ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներն այսօր Մայր բուհում հանդիպեցին ՀՀ վարչապետի տիկին, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանի հետ:
Նրանցից մեկը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է ստացվել, որ Աննա Հակոբյանն ամուսնուն՝ Նիկոլ Փաշինյանին ուղեկցել է Վրաստան կատարած այցի ժամանակ, մինչդեռ նախորդ երկու նախագահների տիկինները՝ ոչ:
Աննա Հակոբյանը պատասխանեց՝ արարողակարգն է որոշում՝ վարչապետի տիկինն ուղեկցելո՞ւ է նրան, թե ոչ: Աննա Հակոբյանը վստահեցրեց, որ ամուսնու քաղաքական որոշումների վրա ինքն ազդեցություն չունի: Միաժամանակ շեշտեց, որ ինչպես եւ «Իմ քայլը» շարժման օրերին, հիմա էլ շարունակում է օգնել ու աջակցել ամուսնուն:
Ապա ուսանողներից մեկը հետաքրքրվեց՝ «ճի՞շտ եք համարում, որ վարչապետն ուղիղ միացումներ է ապահովում կառավարական առանձնատնից, չէ՞ որ սոցցանցում նման տեսանյութեր հրապարակելը անվտանգության խնդիրներ կարող է առաջացնել»:
Աննա Հակոբյանը պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ չհրապարակել: Ինչո՞ւ քաղաքացիները չիմանան, թե ինչ տներում են ապրում պաշտոնյաները: Ես ինքս էլ նախկինում Պռոշյան փողոցով անցնելիս մտածել եմ՝ տեսնե՞ս ինչ կա պարսպից այն կողմ: Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա, կներեք, բայց եթե այդպես է, տանից չպետք է դուրս գանք: Վարչապետն ինքն է անվտանգության ոլորտում նորարարություններ մտցրել»:
Ուսանողները նաեւ հետաքրքրվեցին, թե ինչ եղավ Վրաստանի Ախալքալակ քաղաքի հայերի՝ Նիկոլ Փաշինյանին նվիրած շան ձագուկի ճակատագիրը:
Աննա Հակոբյանը պատասխանեց, որ շունը շատ լավ է, իրենց բակում է բնակվում, միայն թե, երբեմն, ստիպված է շանը «պաշտպանել» իր երկու դուստրերից: «Եթե նրանք շարունակեն նույն ջանքերով սիրել շնիկին, ապա նա հալից կընկնի»,-կատակեց Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ շան անունն, ի վերջո, «Արջուկ» են դրել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ