Մայիսի 28-ին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայկական համայնքային կառույցների մասնակցությամբ կազմակերպել էր տոնական ընդունելություն՝ նվիրված մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին:
Միջոցառմանը ներկա էին Աջարիայի Ինքնավար Հանրապետության (ԱԻՀ) կառավարության նախագահը, Բաթումի քաղաքապետը, ԱԻՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ԱԻՀ առողջապահության, գյուղատնտեսության, մշակույթի ու կրթության նախարարները, զբոսաշրջության ու սպորտի դեպարտամենտների ղեկավարները, այլ պաշտոնյաներ, մտավորականության, գործարար շրջանակների, ԶԼՄ-ների, ազգային փոքրամասնությունների, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Միջոցառմանը ելույթներով հանդես եկան ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը և Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ Զուրաբ Պատարաձեն:
ՀՀ գլխավոր հյուպատոսը, մասնավորապես, անդրադարձավ Հայաստանի առաջին Հանրապետության հռչակմանն անմիջապես նախորդած Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերին՝ հավելելով, որ ծայրահեղ դժվարին հանգամանքներում ընդամենը երկու և կես տարի գոյատևած հայկական հանրապետությունը լուրջ քայլեր իրականացրեց պետականակերտման ասպարեզում:
Աջարիայի ԻՀ կառավարության նախագահն իր ելույթում խոսեց 100 տարի առաջ ձևավորված Հայաստանի առաջին Հանրապետության և Վրաստանի Ժողովրդավարական Հանրապետության կազմավորման պատմական նշանակության, հայ և վրաց ժողովուրդների ավանդական բարեկամական կապերի մասին:
Միջոցառմանը ելույթներ ունեցան նաև «Մեր տունը Վրաստանն է» հայ-վրացական կազմակերպության ղեկավար Սահակ Տալիթյանը, ՀԱԵ հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանը, Բաթումի քաղաքապետ Լաշա Կոմախիձեն և այլոք:
ՀՀ ԱԳՆ