Այսօր՝ 2018թ. հունիսի 4-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից ֆրանսահայ գործիչ Ալեքսանդր Վարպետյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանին հեռախոսազանգով տեղեկացրել են, որ Ալ. Վարպետյանի տվյալները հանվել են «ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից»:
Ալ. Վարպետյանի մուտքը ՀՀ արգելվել է 2002 թ.-ից: ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը մուտքի արգելքը մեկնաբանել է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով՝ պնդելով, թե կան «հավաստի տվյալներ», որ Ալ. Վարպետյանի գործունեությունը կարող է վնաս պատճառել ՀՀ անվտանգությանը, և այդ հիմքով նրա տվյալները ներառվել էին «ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում»:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստանձնել էր Ալ. Վարպետյանի իրավունքների պաշտպանությունն ու ԱԱԾ այս որոշումը վերացնելու պահանջով դիմել դատարան: Վերջին դատական նիստը հունիսի 1-ին էր, որին ԱԱԾ ներկայացուցիչը չէր ներկայացել ու խնդրել էր հետաձգել այն:
Հիշեցնենք, որ 2015 թ. մայիսին ֆրանսահայ մեկ այլ գործչի՝ Ժեան-Բապտիստե Օզկիրիսյանի (Շանթ Ոսկերչյան) տվյալներն էին ներառվել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում, և վերջինիս մուտքը ՀՀ արգելվել էր: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստանձնել էր վերջինիս իրավունքների պաշտպանությունը, և դատական կարգով բողոքարկման արդյունքում 2016 թ. ապրիլի 25-ին Շանթ Ոսկերչյանի վերաբերյալ տվյալները հանվել են ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ