ՀՀ ԱՆ «Մարդասիրական Օգնության Հանրապետական Կենտրոն» ՊՈԱԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար Միհրան Սեւումյանը, որին առողջապահության նախարարը հորդորել է աշխատանքից դուրս գալու դիմում գրել, չի պատրաստվում այդ դիմումը գրել:
Միհրան Սեւումյանը նամակ էր ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, եւ վստահեցրել, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առանց հիմնավորումների ցանկանում է աշխատանքից ազատել իրեն: Սեւումյանը պնդում է՝ Թորոսյանն անգամ իր հետ չի հանդիպել եւ չի էլ ծանոթացել, թե այդ ՊՈԱԿ-ում Սեւումյանն ինչ աշխատանքներ է արել, կամ թերացե՞լ է արդյոք:
Արսեն Թորոսյանն այսօր առավոտյան ֆեյսբուքյան իր էջում «ուղիղ եթեր» էր մտել մեքենան վարելու ընթացքում ու պատասխանում էր նաեւ Սեւումյանի նամակին եւ առողջապահության ազգային ինստիտուտի աշխատակիցների վրդովմունքին, թե՝ նախարարն ուզում է իրենց տնօրենին աշխատանքից հանել:
Aravot.am-ի հետ զրույցում Միհրան Սեւումյանն ասաց, որ իր նամակում բարձրացրած որեւէ հարցի նախարարն այդպես էլ չի պատասխանել, միայն մեղադրել է. «Ես նամակը գրել եմ վարչապետին, բայց պատասխանել է նախարարը: Ընդ որում, նամակում ես գրել եմ, որ ֆեյսբուքում հաշիվ չունեմ, իսկ նախարարը պատասխանել է ֆեյսբուքի միջոցով»:
Թորոսյանը նաեւ ասել է՝ «Բաց նամակի հեղինակները միշտ չէ, որ ազնիվ մղումներով են անում… Մարդիկ կարծում են, որ իրենց զբաղեցրած տեղը, պաշտոնը իրենց սեփականությունն է, ու երբ ուզում ես գործողություն կատարել, խնդրել այլ աշխատանքի տեղափոխել, կամ ազատել ընկալում են անձնական կյանքի նկատմամբ ոտնձգություն, ինչպես գնային իր տունը թալանելու կամ մեքենան գողանալու»:
Միհրան Սեւումյանն արձագանքելով նախարարի այս խոսքերին, մեզ հետ զրույցում ասաց. «Իմ մեքենան կարող եմ նվիրել իրեն, բայց մի քիչ հին է, «կարոբկան» էլ լավ չի աշխատում, ժապավենով փաթեթեմ ու տամ իրեն: Թորոսյանը վենդետայից էր խոսում, ասում՝ վենդետա չի լինելու: Կխնդրեի «վենդետա» բառի իմաստին ծանոթանա: Հուսով եմ՝ այդ բառի իմաստը չի հասկանում, իսկ եթե հասկանում է, ապա, ի՞նչ է, իմ երեխաների՞ն է սպառնում»:
Նախարարը պատասխանելով Սեւումյանի նամակին, որտեղ վերջինս նշել էր, որ ինքն ընդամենը 2 ամիս է այդ կառույցի ժամանակավոր պաշտոնակատարը, ասել է. «Էդ ո՞նց եղավ, որ 2 ամիս է ԺՊ: Ես կասեմ՝ նախկին տնօրենին նախկին իշխանությունները ստիպողաբար հեռացրել են աշխատանքից: Անտանելի են դարձրել նրա աշխատանքը, նա ստիպված հեռացել է: Սեւումյանը անարդարության արդյունքում նշանակվել է տնօրեն, ու հիմա ստացվում է՝ արդարության վերականգնումը համարվում է Հայաստանի ժողովրդավարական արժեքներին դեմ ոտնձգություն, նրանց գործազուրկ դարձնելու մի գործողություն: Այսինքն՝ պետք է ոչ մի փոփոխություն չանենք, բոլորն ունենան աշխատանք, բոլորն ընտանիք են պահում եւ այլն, այսինքն, ընդհանրապես փոփոխություն չանենք, այդ թվում կադրային: Հակառակը, կադրային փոփոխությունը լինելու է նպատակաուղղված՝ այդ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար: Ու ոչ մի վենդետա չի լինելու, եթե լիներ, հիմա բոլորը փոխված կլինեին»:
«Եթե նախկին տնօրենը, ինչպես նախարարն է ասում, անարդարությունով է ազատվել գործից, ուրեմն ի՞նձ էլ պետք է անարդար ձեւով հանեն աշխատանքից: Իր ասածից այդ տպավորությունն է»,-ասաց Սեւումյանը:
Միհրան Սեւումյանի խոսքերով՝ նախկին տնօրենին աշխատանքից ազատման հրաման է տվել նախկին նախարար Ալթունյանը՝ նախապես նկատողություն տալով. «Նախարարը ստում է, թե անտանելի պայմաններ էին ստեղծել: Եվ հետո, եթե նախկին տնօրենին անարդար են ազատել աշխատանքից, նախարարը փորձե՞լ է խոսել նախկին տնօրենի հետ, պարզե՞լ է, նախկին տնօրենը բողոքարկե՞լ է: Ի վերջո, ես ի՞նչ կապ ունեմ այդ ամենի հետ, ես ինչո՞ւ պիտի տուժեմ, ինչպես է ինքն է ասում՝ այդ անարդարությունից: Անարդար է եղել՝ թող քննություն անի, մեղավորներին պատժի: Իսկ արդա՞ր է, որ ինձ ստիպում է դիմում գրեմ՝ դուրս գամ: Օրենքի խախտում է, երբ ինձ ստիպում է դիմում գրեմ: Տնօրենի պաշտոնը մրցույթով է, այն արդեն հայտարարված է, 2 ամսից կլինի: Եթե ես վատ աշխատող եմ, եւ հիմքեր ունի, ուրեմն, թող պայմանագիրս լուծի: Բայց հետո ես կբողոքարկեմ: Թորոսյանն ուզում է, ես իմ ձեռքով գրեմ դիմումս, որպեսզի հետո ասի՝ իր դիմումի համաձայն է դուրս եկել»:
Ինչ վերաբերում է այս ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Վարդան Դավեյանի մասին նախարարի «սրտաճմլիկ» պարզաբանմանը, թե անտանելի պայմաններ են ստեղծել ու նա ստիպված է եղել դուրս գալ աշխատանքից, ապա նախարարությունից մեզ տեղեկացրեցին, որ Դավեյանին նախկին նախարար Լեւոն Ալթունյանը մի նկատողություն է տվել՝ համապատասխան աշխատանքները չանելու համար, ապա ազատման հրաման տվել: Նախարարությունից ասացին, որ դեռ նախորդ տարի ֆինանսների նախարարությունը այս ՊՈԱԿ-ի ֆինանսավորման ձեւը փոխել էր, որի հետ համաձայն չէր Դավեյանը: Նախկինում ՊՈԱԿ-ը ուղիղ ֆինանսավորում էր ստանում պետական բյուջեից: 2017-ին ֆիննախը որոշեց, որ ՊՈԱԿ-ը պետք է մասնակցեր առողջապահության նախարարության հայտարարած մրցույթին՝ մարդասիրական բեռների պահեստավորում, բաշխում եւ այլն: Այդ մրցույթին Դավեյանը հրաժարվել է մասնակցել, ինչի արդյունքում կենտրոնը հունվարի 1-ից առ այսօր ֆինանսավորում չի ստացել:
Իսկ Դավեյանը ՀՅԴ կուսակցության անդամ է, եւ եթե նախարարը մտադիր է «արդարությունը վերականգնել» ու Դավեյանին կրկին վերադարձնել իր պաշտոնին, ապա դա լինելու է բացառապես քաղաքական պայմանավորվածությամբ, ոչ թե արդարության վերականգման մղումով:
ՊՈԱԿ-ի՝ մրցույթին չմասնակցելու առնչությամբ Սեւումյանը հրաժարվեց որեւէ պարզաբանում տալ, սակայն վստահեցրեց՝ հայտարարված հաջորդ մրցույթին ՊՈԱԿ-ը մասնակցել է եւ հաղթել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ