Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի խորհրդարանում գումարվել է արտահերթ նիստ. պատգամավորների առավել ուշագրավ հայտարարությունները

Հունիս 04,2018 18:01

Այսօր Արցախի խորհրդարանում գումարվել է արտահերթ նիստ: Խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն իր ելույթում պարզաբանեց, որ արտահերթ նիստը գումարելու հիմքը հասարակության մտահոգող հարցերի քննարկման նպատակով անհրաժեշտ հարթակ ապահովելն է, և խորհրդարանում պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 2-ին իրավունքի ուժով ստեղծվել է քննիչ հանձնաժողով, որը ուսումնասիրելու է վերջին օրերին հանրային հնչեղություն ստացած հարցերը:

Քվեարկության արդյունքում միաձայն հաստատվեց վեց պատգամավորից կազմված ԱԺ քննիչ հանձնաժողովը. «Հայրենիք» խմբակցությունից երկու, «Դաշնակցություն», «Ժողովրդավարություն», «Շարժում» և «Վերածնունդ» խմբակցություններից մեկական պատգամավորներով:

Այնուհետև մտքերի փոխանակության ժամին ելույթ ունենալու համար գրանցվեցին 14 պատգամավորներ:

Հայկ Խանումյանը իր ելույթում ասաց, որ այսօր շատ իրողություններ են փոխվել: «Այն սերունդը, որը նաև մեծամասամբ նստած է այս դահլիճում, հայոց պատմության հզորագույն սերունդն է, որովհետև հայրենիք է ազատագրել և այդ սերնդի ներկայացուցիչները արտոնություններ ունեն մյուսների վրա: Սակայն 2016 թվականի ապրիլը շատ բան է փոխել: Ապրիլին երիտասարդ սերունդը կռվել է առաջնագծում և հիմա ասում է` մենք էլ ենք կռվել: Այսօր կռիվ անելը, հայրենիք ազատագրելը քիչ է, պետք է ճիշտ ապրենք, պետք արդար ու ազնիվ ապրենք, պետք ոչ մեկի նկատմամբ ճնշումներ չգործադրվեն և ապահովենք մնացած այն ամենը, որոնց անտեսումը Երևանում բերեցին հայտնի իրողությունների և այդ մթնոլորտի ազդեցությունը ծնեց Արցախում այս տրամադրությունները: Երբ որ խոսում ենք մեր ուժային ներկայացուցիչների հետ բացում է վերքերը, ցույց տալիս և ասում. ես պատերազմի ժամանակ այս եմ արել, ես այն եմ արել: Այդ ամենի ժամանակը վերջացել է: Մենք պետք է հետապրիլյան իրողություններն ընդունենք: Մարդիկ հիմա չեն ուզում հեղինակություններով ապրել, մարդիկ ուզում են ապրել հստակ սկզբունքներով և ինստիտուտներով»,- հայտարարեց Հայկ Խանումյանը:

Պատգամավոր Վահրամ Բալայանը իր ելույթում դիմեց պատգամավորներին. «Ո՞վ չգիտի, որ այստեղ բարձրաստիճան պաշտոնյանների ենք հրավիրում` պատգամավորների հարցերին պատասխանելու, արհամարհում են և չեն գալիս: Նրանց պետք է ասվի` ընկերներ դուք ձեր տեղում չեք, մենք ձեզ հարգում ենք` որպես մեր հասարակության անդամներ, բայց դուք պետք է ականջալուր լինեք, այն խնդիրներին, որոնք առկա են: Եվ այժմ ի՞նչ վատ բան կա, երբ ցուցարարը ասում է`իրավապահ մարմնի ներկայացուցիչը իր տեղում չէ և պետք է հրաժարական տա»:

Պատգամավոր Ալյոշա Գաբրիելյան իր ելույթում ասաց. «Ես վերջապես ուզում եմ հասկացնել և ասել սիրելի նախագահ ընդունում եմ քո մարդկային և բարոյական արժեքները, չեմ կարող համեմատության ընդհանուր եզրեր գտնել Արցախի և Հայաստանի նախկին նախագահների հետ, բայց եկեք մի քիչ խոհեմ լինենք և հասկանանք, որ Հայաստանում ինչ որ կատարվել է, վաղ թե ուշ պետք է հասնի Արցախ: Եվ հասել է արդեն, դուռն է թակում, եթե այսօր չգա վաղն է գալու: Մեր նախագահին պետք է հասկացնենք, որ անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ, այլապես վաղը շատ ծանր կացության մեջ ենք հայտնվելու»:

Պատգամավոր Գեորգի Պետրոսյանն ասաց, որ հաճախ խոսվում է այն մասին , թե Հայաստանում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն. «Ոչ մի հեղափոխություն էլ չի եղել: Եղել է քաղաքական երկրաշարժ և առաջին հերթին մեր մտածելակերպի մեջ: Երբ Հայաստանում տեղի ունեցավ այդ երկրաշարժը, մենք արդյոք հավաքվե՞լ ենք այստեղ հասկանալու, որ դա մեզ վրա էլ է ազդելու: Չենք հասկացել, և եթե վաղը այնտեղ հավաքված երիտասարդները գան մեզ գնդակահարելու այս դահլիճում, գուցե և դա արդար է լինելու»:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930