Քիչ առաջ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով գտնվում էր Վանաձորում: Այցի շրջանակներում նախարարը Լոռու մարզպետարանի աշխատակազմին, համայնքների ղեկավարներին եւ այլ անձանց ներկայացրեց Լոռու նորանշանակ մարզպետ Հրանտ Մարգարյանին:
Մինչ կնշանակվեին մարզպետերը, մի քանի մարզերի նոր ղեկավարների անուններն արդեն իսկ հայտնի էին, իսկ Լոռու մարզպետի պարագայում, շրջանառվեցին այլ անուններ, մարզպետ նշանակվեց մեկ այլ անձ:
Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Aravot.am-ի հարցին, Սուրեն Պապիկյանն ասաց, որ իրենք գաղտնի չեն պահել, պարզապես որոշում չի եղել. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ներկայացներ իր թեկնածուին, որպեսզի ես կարողանայի իմանալ, թե ում մասին է խոսքը: Ունեցել ենք մի փուլ, որ պարզ չի եղել, բայց եղել է արդեն մի փուլ, որ պարզ է եղել, որ Լոռու մարզը պետք է բաժին ընկնի «Ծառուկյան» դաշինքին: ՀՀ-ում գերակայում է օրենքը, ՀՀ-ում Սահմանադրությունից բխող իրավասություններ կարող է ունենալ միայն մարզպետը եւ յուրաքանչյուր պաշտոնյա: Պետք է գործենք օրենքի եւ Սահմանադրության շրջանակներում»:
Մարզպետ Հրանտ Մարգարյանն էլ նախ շնորհակալություն հայտնեց նման պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար, ապա շարունակեց. «Խորապես գիտակցում եմ, որ ինձ վստահվել է՝ ծանր, պատասխանատու եւ պատվավոր պարտականություն: Այս գործին ես լծվում եմ մաքուր խղճով եւ մաքուր ձեռքերով: Այդ գործին ես նվիրվելու եմ իմ ողջ ավյունով, փորձով եւ գիտելիքներով: Գործելու եմ անկաշառ, առավել թափանցիկ»:
Հանդիպմանը ներկա էր նաեւ Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը: Վերջինս իր խոսքում շնորհակալություն հայտնեց այն անձանց, որոնց հետ աշխատել է այս տարիների ընթացքում:
Նա նաեւ շնորհավորեց Հրանտ Մարգարյանին. «Ուզում եմ իմ շնորհավորական խոսքերս ուղղել նորանշանակ մարզպետին, այս պատասխանատու աշխատանքում նշանակվելու համար: Պարոն մարզպետ, ուզում եմ վստահեցնել, որ մեր համայնքի ղեկավարները, մարզային կառույցի ղեկավարները ամբողջությամբ ձեր կողքին են լինելու այս ընթացքում: Ես էլ ուզում եմ վստահեցնել, որ ամեն ինչ անելու եմ հանուն մեր մարզի զարգացման, հանուն մեր մարզի բնակիչների բարօրության»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ