«Այդ եզրույթն այնքան էլ ինձ համար չէ: Իսկ վարչապետի տիկնոջ առաքելությունը բազմաոլորտ է: Շատերն են ինձ այս ընթացքում խնդիրներով դիմել»,-ԵՊՀ ուսանողների հետ այսօրվա հանդիպմանը պատասխանելով հարցին, թե ինչ է իր համար նշանակում «առաջին տիկնոջ» կարգավիճակը, ասաց ՀՀ վարչապետի տիկին, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը: Նա ուսանողներին տեղեկացրեց, որ այս ընթացքում իր համար ձեւավորվել են աշխատանքի ոլորտներ՝ բարեգործություն, սոցիալապես խոցելի խմբերի հետ աշխատանք, մշակույթ. «Վարչապետի տիկնոջ գրասենյակը պետք է լուծման ուղիներ փնտրի»:
Ուսանողներից մեկն այնուհետեւ հարցրեց. «Նիկոլ Փաշինյանը քննադատում էր «Հանրային» հեռուստաընկերության աշխատաոճը. ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ է փոխվել վերջինիս եւ առհասարակ լրատվամիջոցների աշխատաոճում: «Հայկական ժամանակ»-ն ի՞նչ սկզբունքներով է այսուհետեւ աշխատելու»: Աննա Հակոբյանը նկատեց, որ «Հանրային» հեռուստաընկերության աշխատանքը մեկնաբանելն իր իրավասություններից դուրս է. «Անգամ որպես ոլորտի մասնագետ՝ ճիշտ չի լինի կարծիք հայտնել: Դա քաղաքական հարց է, որի հասցեատերը վարչապետն է: Իսկ «Հայկական ժամանակը» շարունակելու է աշխատել անաչառ: Լրագրողներն ինքնագրաքննության չպետք է ենթարկվեն եւ պետք է ուշադիր լինեն կառավարության աշխատանքի հանդեպ քննադատության եւ բողոքների նկատմամբ»:
Ապա մի կին ներկայացավ որպես հոգեբան՝ ցանկանալով ներկայացնել ՀՀ պետական զինանշանի փոփոխության հարցը: Ըստ նրա՝ զինանշանը «խաչված» տեսք ունի եւ բացասաբար է ազդում մարդկանց հոգեբանության վրա. «Դա հանգեցնում է ընկճվածության: Առանց սահմանադրության փոփոխության՝ խնդրում եմ ձեր աջակցությունը, որպեսզի զինանշանը փոփոխության ենթարկվի»: Աննա Հակոբյանն արձագանքեց. «Որպես աջակցություն՝ կարող եմ առաջարկել «Հայկական ժամանակի» օգնությունը: Կարելի է այդ մասին գեղեցիկ հոդված տպագրել, որպեսզի խնդրով զբաղվող մարդիկ տեղյակ լինեն: Օգնելու այլ ուղիներ, ցավոք, չունեմ»: Ապա Աննա Հակոբյանը ուղիղ եթերով հանդիպմանը հետեւող մարդկանց հիշեցրեց մամուլի ուժի մասին. «Բոլորին խորհուրդ կտամ ուղղորդվել դեպի մամուլ: Ցանկացած լրատվամիջոցի միջոցով բարձրաձայնեք ձեր խնդիրների մասին, դա կհասնի համապատասխան պաշտոնյաներին»:
Հանդիպմանը ներկա սփյուռքահայ լրագրողներից մեկն էլ վարչապետի տիկնոջից հետաքրքրվեց, թե Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում ինչ ծրագրեր է նախատեսում իրականացնել: «Ձեր հարցն ուղղված է Սփյուռքի նորանշանակ երիտասարդ, համակրելի նախարարին, որը, կարծում եմ, մեծ հաճույքով կքննարկի բոլոր ծրագրերը: Վստահ եմ, որ հայրենադարձությունը նոր կառավարության առաջնահերթություններից է»,-պատասխանեց Աննա Հակոբյանը: Իսկ նոր կառավարությունում նշանակումներին գնահատական տալ չցանկացավ՝ ասելով՝ կառավարության աշխատանքը գնահատելու ժամանակը կգա:
https://www.facebook.com/aravot.am/videos/2013476315337540/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ