«Ուզում ենք կանոնավոր ուղեւորափոխադրումներ կատարենք՝ օրենքը թույլ չի տալիս: Ոչ կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնողներին սահմանից հետ են ուղարկում, արդեն քանի օր է անգործ կանգնած ենք»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արտակ Կնյազյանը:
Այսօր կառավարության շենքի առաջ տասնյակ վարորդներ ու ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերություններ բողոքի ցույցի էին կազմակերպել: Հունիսի 1-ից նրանց ավտոբուսներն ու միկրոավտոբուսները Ռուսաստանի սահմանից՝ Լարսից հետ են ուղարկում՝ մատնացույց անելով ոչ կանոնավորների վերաբերյալ արգելքը: Բողոքի ցույցի մասնակիցների խոսքով, իրենց պահանջն է, որպեսզի իրենց էլ օրենքով հնարավորություն տան աշխատել օրենքի դաշտում, հավասար պայմաններում. «Համ հարկեր ենք վճարում, համ էլ մեզ ասում են անօրեն փոխադրողներ եք»:
Այս ընկերությունները, որոնք Հայաստանից ուղեւորներ են տանում դեպի ՌԴ եւ հակառակ ուղղությամբ, տարիներ ի վեր, չեն կարողացել մտնել կանոնավոր ուղեւորափոխադրումների դաշտ, քանի որ, նրանց խոսքով, մրցույթներում միայն լծակներ ունեցող անձանց ընկերություններն են շահել եւ դարձել կանոնավոր ուղեւորափոխադրողներ:
Ընկերությունների ղեկավարների խոսքով, մրցույթներում մշտապես հաղթող կազմակերպությունները վեցն են՝ «Բաս վոյաժ», «Էլիտ բաս», «Եվրասիա», «Լյուքս վոյաժ», «Ավազար», «Ման տուր:
Նշենք, որ կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնողներին օրենքը թույլ է տալիս ուղեւորներ տանել եւ ուրիշ ուղեւորներ վերցնել՝ բերել: Ոչ կանոնավորների պարագայում վարորդը պետք է իր տարած նույն խմբին էլ հետ բերի՝ տաս տոկոս շեղումով կամ էլ պետք է դատարկ հետ գա. «Դրա համար պետք է տրանսպորտի նախարարությանը պետտուրք վճարես 150 հազար դրամ եւ ամեն նստատեղի համար 2400 դրամ»:
Մեր հարցին, թե ճանապարհներին վթարներ են տեղի ունենում եւ մեծ մասամբ պարզվում է, որ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրող է, Արտակ Կնյազյանն ասաց՝ ես էլ հակառակը կարող եմ ասել, որ կանոնավորի դեպքում էլ են լինում եւ այդ նույն ուղեւորափոխադրողների ավտոբուսները ճանապարհներին խափանված գցած են. «Բայց դրա մասին ոչ ոք չի խոսում: Այն որ իրենց ուղեւորներին մենք ենք ճանապարհներից տանում դրա մասին չեն ասում: Ուղղակի իրանք ուզում են ոչ կանոնավոր ուղեւորափոխադրողներին շուկայից հանեն: Իսկ այս փտած համակարգն էլ աշխատում է այնպես որ օրենքները գրեն այնպես, որ իրենց շահերը սպասարկեն»:
Վարորդներից մեկն էլ ասաց՝ «Նախարարությունն է պիտակավորել ոչ կանոնավոր, ի՞նչ է նշանակում ոչ կանոնավոր, եթե մարդը շաբաթական սպասարկում է Երեւան-Մոսկվա կամ Երեւան-Ղրիմ: Եթե երկու ուղեւոր էլ լինի, գնում են, տաս էլ լինի գնում են, 50 ուղեւորով էլ գնում են, դա չեղավ ոչ կանոնավոր: Մենք ոչ մի բանով չենք տարբերվում, տարբերվում ենք նրանով, որ մեր մեջքին մարդ չկա կանգնած: Որ ոչ ոք չի զանգում տրանսպորտի նախարարին, ասի՝ էս մարդը պիտի աշխատի»:
Ցուցարարների խոսքով, մրցույթներն էլ սովորաբար տեղի են ունենում այսպես. «Ընկերություն կա, որը ունի 50 ավտոբուս, որից 30-ը միայն զբոսաշրջիկներին է սպասարկում, որը արժե 200 հազար դոլար, տենդեր է հայտարարվում, այդ կազմակերպությունը բերում է իր 200 հազար դոլարանոց ավտոբուսները կանգնացնում է եւ մասնակցում է տենդերին, մեր 50 հազար դոլարանոց ավտոբուսը, որը ոչ պակաս լավն է, բայց նրա համեմատությամբ ավելի վատ է նայվում եւ եթե վերեւից էլ հրահանգ ունեն, որ մրցույթում նրանցը պետք է անցնի, անցկացնում են: Ասում են՝ դու խոհանոց չունես, բայց մրցույթը հաղթում են այդ թանկարժեք ավտոբուսներով, հետո դրա փոխարեն դնում են իրենց վատ ավտոբուսները ու էդ գծի տակ աշխատացնում են, ուղեւորափոխադրում անում: 10 տարեկան ավտոբուսին տալիս են տասը միավոր, բայց տաս միավոր կարող են տալ նոր ավտոբուսին, գործարանից դուրս եկածին, իսկ մեր ավտոբուսները, որոնք տեխնիկապես անթերի վիճակում են, տալիս են ութ միավոր, ինչ է թե տեսքից զիջում է թանկարժեք ավտոբուսներին»:
Ընկերությունների ներկայացուցիչներին ընդունել են փոխվարչապետի օգնականը, աշխատակազմի ղեկավարը. «Օպերատիվ լուծում պետք է գտնեն, որպեսզի մենք էլ աշխատենք, մինչեւ որ նոր օրենսդրության համաձայն ոլորտը կկարգավորվի»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ