Հունիսի 1-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպում ունեցավ Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրիի հետ:
Դեսպան Մկրտչյանը, շնորհավորելով Նաբիհ Բըրիին այդ պաշտոնում մայիսի 23-ին վերընտրվելու կապակցությամբ, վերջինիս մաղթեց բեղմնավոր գործունեություն իր կարևոր առաքելության մեջ: Լիբանանի Ազգային ժողովի նախագահին փոխանցվեց ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը:
Կայացած զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի և Լիբանանի օրենսդիր մարմինների համագործակցության խնդիրներին՝ կարևորելով միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությունը:
Սամվել Մկրտչյանը ներկայացրեց ՀՀ վերջին ներքաղաքական զարգացումները, նոր կառավարության քայլերը՝ ուղղված երկրում ժողովրդավարական սկզբունքների ամրապնդմանը:
Լիբանանի Ազգային ժողովի նախագահն իր հերթին ներկայացրեց մայիսի 6-ին Լիբանանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո տեղի ունեցած զարգացումները:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում անդրադառնալ խորհրդարանական մակարդակով փոխայցելությունների կազմակերպմանը:
ՀՀ ԱԳՆ