«Մեր գործողությունների նպատակը մարդկանց նստեցնելը չէ: Մենք հակված ենք պետությունից գողացված, թաքցված գումարները վերադարձնենք պետական բյուջե: Ասում են՝ այսինչ գործի հետեւում կանգնած է այնինչ մարդը, բայց իրավական առումով դա շատ բարդ է ապացուցել»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը: Լրագրողները հետաքրքրվել էին`ինչո՞ւ «Երեւան սիթի»-ների գործով ձերբակալված, կալանավորված անձինք չկան:
ԱԱԾ ղեկավարն ասաց, որ գործող օրենսդրությունը սահմանում է`եթե մարդը վերականգնում է բյուջեի գումարը, քրեական պատասխանատվությունից ազատվում է: ԱԱԾ ղեկավարը չասաց թե այս գործերով նախկին բարձրաստիճան պաշտոնյաները հարցաքննության կհրավիրվե՞ն, թե`ոչ: Հնչեց Վարդան Հարությունյանի անունը, Գագիկ Խաչատրյանի, Սերժ Սարգսյանի եւ այլոց անունները: Ասաց`քննությունը ամեն ինչ ցույց կտա:
Միակ պաշտոնյան, որի անունը հնչեց ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանն է: ԱԱԾ ղեկավարն ասաց`այսօր կամ վաղը նա կհրավիրվի ԱԱԾ եւ կհարցաքննվի, իբրեւ վկա: Գործի հետագա ընթացքը ցույց կտա նրա կարգավիճակը: Ռաֆիկ Մաշադյանը հարցաքննվում է, քանի որ ներկա է եղել հայտնի բանակցություններին եւ պայմանավորվածություններին, երբ որոշվել է սուպերմարկետներին տալ հնարավորություն 20 տոկոս եկամտահարկի փոխարեն վճարել 5 տոկոս հարկ:
«Ի՞նչ է նշանակում, որ պայմանավորվածություն է եղել նախորդ իշխանությունների հետ: Պայմանավորվածություն է եղել, որ ապօրինի գործե՞ն: Ինչու՞ է միայն այդ 11 ընկերությունը նման կերպ աշխատել, ինչու՞ մեր եւ ձեր բակի խանութները չեն ուզել առանց հարկերի աշխատել»,- վրդովվեց ԱԱԾ ղեկավարը:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ