Լրահոս
Օրվա լրահոսը

Վանեցյանը վստահեցրեց, որ 37 թիվը չի լինի. «Ռեպրեսիաներով չենք զբաղվելու»

Հունիս 04,2018 15:50

Այսօր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը ԱԱԾ նորանշանակ պետ Արթուր Վանեցյանին դժգոհեց, որ նախապես հայտարարում է, թե «նոր բացահայտումներ կլինեն»: Ըստ Բոստանջյանի, նրանք, որոնք ԱԱԾ-ի հետ կապված խնդիրներ ունեն, արդեն վախվորած սպասում են, ուստի ճի՞շտ է նախապես հայտարարելը ու այսպես ասած մարդկանց վախեցնելը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է 2017-ի բյուջեի կատարման հաշվետվությունը:

ԱԱԾ պետը պատասխանեց, որ նշանակումից հետո փորձեց պահելով ավանդույթները՝ չշփվել ԶԼՄ-ների հետ կամ շփումը նվազագույնի հասցնել: Սակայն եղան շահարկումներ այդ առումով եւ ինքը ստիպված եղավ շփվել. «Այդ շփումը դրական արդյունքներ տվեց, ասեմ ձեզ, այն առումով, որ ԱԱԾ-ին ազգաբնակչության մի մեծ զանգված սկսեց վստահել: Ես այդ վստահությունը զգում եմ, զգում եմ քաղաքացիներից ստացվող դիմում-բողոքների քանակներից, աշխատանքի ընդունվել ցանկացողների դիմումների քանակից: Ինչ վերաբերում է ԱԱԾ-ի կողմից իրականացվող այն միջոցառումներին՝ հակահետախուզություն, հետախուզություն, դրանց մասին մենք երբեւիցե չենք բարձրաձայնում: Մեր աշխատանքի հիմնական ուղղությունները դրանք են: Ինչ վերաբերում է վերջին շրջանում հնչեցրած եւ կատարված բացահայտումներին, դա ժամանակի պահանջն է, որը արագորեն կվերջանա: Ես կարծում եմ, որ ԱԱԾ-ն չպետք է զբաղվի այլ գերատեսչությունների գործառույթներով, բայց այսօր ես ստիպված, ելնելով ինչ-ինչ հանգամանքներից, զբաղվում եմ այդ գործառույթներով: Կարծում եմ, առաջիկայում ՊԵԿ-ը, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը՝ տնտեսական հանցագործությունների դեմ, իրենք կսկսեն զբաղվել այդ գործառույթներով: Մեր ծառայությունը մշտապես կշարունակի տեղեկություններ ստանալ ու փոխանցել ՊԵԿ-ին, ոստիկանությանը: Նաեւ այն մարդկանց հետ կապված, որոնք լսում են, որ բացահայտումներ կլինեն, կթաքնվեն եւ այլն, մեր պրոֆեսիոնալիզմի մակարդակը պետք է այնպիսին լինի, որ կարողանանք բավարար ապացույցներ ու հիմքեր ստեղծենք, որ այդպիսի մարդիկ ոչ կարողանան իրենց կատարած հանցագործությունները թաքցնեն, ոչ էլ մեզնից փախնեն»:

Բոստանջյանը 37 թվի ռեպրեսիաների հետ համեմատություն արեց: Վանեցյանը պատասխանեց, որ 37 թիվը չի բացարձակ. «Մեր նպատակը մարդկանց նստեցնելը չի: Մեր նպատակը մարդկանց ճիշտ ուղու վրա կանգնեցնելն է, եթե այդ մարդկանց արարքները չեն բերել ծայրահեղ հետեւանքների կամ վտանգների: Ռեպրեսիաներով չենք զբաղվելու երբեւիցե, դա ձեզ հավաստիացնում եմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930