2017-ին ԱԱԾ-ի պահպանման ծախսերը կազմել են շուրջ 20 մլրդ դրամ: Այսօր ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը 2017-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ներկայացրեց, թե ինչ են արել այդ գումարով:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարցրեց. «Տարիներ շարունակ մեր բոլորի հեռախոսները գաղտնալսվել են՝ չունենալով որեւէ իրավական հիմք: Քաղաքական զրույցներից բռնած ընդհուպ կենցաղային անձնական զրույցներ մեր ընտանիքի անդամների միջեւ: Հետո ինչ-որ կերպ այդ զրույցները ինչ-որ տեղ արտացոլվել են: Հիմա ես ուզում եմ որպես այդ կառույցի ղեկավար դուք ասեք՝ այդ ավանդույթը՝ շպիոնաժը վերանալո՞ւ է, թե՞ ոչ»:
Արթուր Վանեցյանը պատասխանեց, որ հարցը այնպես է ձեւակերպել Զոհրաբյանը, որ եթե ինչ-որ բան պատասխանի՝ կամ կհաստատի, կամ կհերքի. «Ես ձեզ հավաստիացնում եմ, որ ԱԱԾ-ն գործելու է բացառապես օրենքի շրջանակներում եւ գաղտնալսումները, գաղտնաձայնագրառումները իրականացվելու են բացառապես դատարանի որոշման հիման վրա: Այլ կերպ պարզապես հնարավոր չի լինի, ես դա ձեզ հավաստիացնում եմ՝ որպես ԱԱԾ տնօրեն»:
Վանեցյանը ցանկություն հայտնեց, որ իրենց բյուջեն մեծացվի, որ կարողանան համակարգի աշխատողների աշխատավարձը բարձրացնել եւ նոր գույք ձեռք բերել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ