2017-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ոստիկանապետ Վալերի Օսիպյանին ասաց, որ քաղաքացիներից բողոքներ են ստանում առ այն, որ զենքի օգտագործման, վարորդական իրավունք ձեռք բերելու համար առնչվում են խնդիրների հետ. «Պետք է անպայման Նարկոլոգիայի կենտրոնից եւ հոգեբուժական կենտրոնից տեղեկանքներ ներկայացնեն եւ դրա համար իրենք պետք է Մեղրիից գնան հասնեն Ավան Աղի հանք, որ այդ տեղեկանքները վերցնեն: Մենք, որպես կառավարություն պարտավո՞ր ենք քաղաքացիների կյանքը հեշտացնել, այդ մի փոքր կնիքի համար պետք է անպայման գնա Մեղրիից հասնի Աղի հա՞նք, հսկայական ծախս անի գյուղացին, ինչի՞ համար, երբ կարող են ողջ տվյալները տրամադրել ոստիկանությանը, ասենք՝ Պետրոսյան Պետրոսը լինի, կնայեն կասեն, որ ոչ նարկոման է, ոչ էլ գիժ»:
Նա կոնկրետ մի քաղաքացու օրինակ բերեց, որ տարբեր պաշտոնյաներ քաղաքացի Ոսկանյան Գառնիկից փորձել են գումարներ աշխատել եւ 12 հազար դրամ են պահանջել:
Վալերի Օսիպյանը պատասխանեց, որ տեղեկանքներ ուզելը ոստիկանության քմահաճույքը չէ, դա կարգավորվում է օրենքով: Ինչ վերաբերում է կոնկրետ դեպքին, նա պատրաստակամություն հայտնեց ուսումնասիրել ու արձագանքել:
Բագրատյանն էլ արձագանքեց, որ օրենքները տաբու չեն, դրանք կարող են կատարելագործել՝ քաղաքացիների համար:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ