Այսօր ԱԺ-ում ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ներկայացրեց 2017-ի բյուջեի կատարման հաշվետվությունը: Նա ասաց, որ 63.6 մլրդ դրամ է իրենց հատկացված եղել, 98 տոկոսով կատարել են ծրագրերը:
Նա նշեց, որ 2017-ին հանցագործությունների թիվն աճել է 8.1 տոկոսով կամ 1520 դեպքով, եւ այն պայմանավորված է ոչ մեծ ծանրության հանցագործության դեպքերի աճով: Ըստ Օսիպյանի, իրենք հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները բարելավել են, իսկ առանձնապես ծանր, ծանր հանցագործությունների թիվը նվազել է: Նվազել են սպանությունները, բնակարանային գողությունները:
Ապօրինի զենքերի հայտնաբերման թիվն աճել է, իսկ հրազենով հանցագործությունների թիվը՝ նվազել:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարցրեց. «Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ արագաչափերը եւ տեսանկարահանող սարքերը եղել են ՀՀ քաղաքացիներին թալանելու ամենակարճ ճանապարհներից մեկը՝ որոշ ընտանիքներին սարքելու մուլտի-միլիարդատերեր: Ինձ հետ համաձայն են ՀՀ 3 մլն-ից մի քիչ ավելի քաղաքացիներ: Ձեր գնահատականը կուզենայի՝ ի՞նչ է արվելու, կվերանայվի՞ արագաչափերի եւ տեսանկարահանող սարքերի գործարկմամբ երթեւեկության կանոնների խախտման համար տուգանքների պրակտիկան: Սա շատ ցավոտ հարց է ՀՀ այն քաղաքացիների համար, որոնց տները բանկերում գրավադրվել են միայն էն պատճառով, որ տարբեր թփերի տակ տեղադրված են եղել արագաչափեր՝ ընդամենը մեկ նպատակով՝ ոչ թե երթեւեկության անվտանգություն ապահովելու, այլ՝ թալանելու նպատակով. Պարզ, պրիմիտիվ ջեպկիրություն: Հիմա ի՞նչ է լինելու, ուզում ենք հասկանալ՝ տուգանքնե՞րն են նվազելու, թե՞ խաղի կանոնն է վերանայվելու»:
Օսիպյանը պատասխանեց. «Այսօր դա հետաքրքրում է ողջ հասարակությանը, բայց այսօր չէի ուզենա խոսել այդ մասին: Մենք առաջարկություններ ունեք ներկայացնելու կառավարությանը՝ ուսումնասիրելով միջազգային պրակտիկան: Բայց ասեմ՝ այո՛, լինելու են տուգանքների գների նվազեցում, արագաչափերի վերանայում է լինելու, արդյո՞ք արագաչափերը պետք է մնան, շարժական արագաչափեր լինե՞ն, թե՞ ոչ: Ոստիկանությունը ունի բազմաթիվ բողոքներ, բողոքների մեծ մասը վերաբերում է տեսանկարահանող սարքերին, բայց դա չի նշանակում, որ մենք արագաչափերի հարցը չենք վերանայելու: Մեկ ամսվա ընթացքում այդ առաջարկները կներկայացնենք կառավարությանը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ