ԱԻՆ փոխնախարար Արա Նազարյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց 2017-ի բյուջեի կատարման հաշվետվությունը՝ ասելով, որ 99.8 տոկոսով կատարել են ծրագրերը, 26 մլն էլ տնտեսել են:
Կորյուն Նահապետյանը հարց ուներ՝ հակակարկտային պաշտպանության հրթիռային եղանակի ներդրման պիլոտային ծրագրի իրականացման հետ կապված: Արա Նազարյանը պատասխանեց, որ Հայաստանի ամբողջ տարածքը որպեսզի ծածկեն, մեզ անհրաժեշտ է 71 նման կայան, ընդհանուր գումարը՝ մոտ 12 մլն դոլար: Մեկ կայանը՝ 18 հազար դոլարին համարժեք դրամ է՝ չհաշված համապատասխան հրթիռները:
Փոխնախարարը պատասխանեց, որ որոշակի խնդիրներ են առաջացել հրթիռների գործարկման հետ կապված: Համապատասխան ծառայությունները աշխատել են արտադրող կազմակերպության հետ, բյուջեով պետք է համապատասխան միջոցներ տրամադրվեն, որ կարողանան իրականացնել:
Արա Նազարյանը հայտարարեց, այսօրվա 547 գազային հակակարկտային կայանները «էֆեկտիվ չեն». «Մեկ նոր կայանը փակում է 15 հազար հեկտար, իսկ 547 կայանները ծածկում են ընդամենը 8 տոկոսը: Նոր կայանները արդյունավետ են շատ, արծաթա-յոդային գոյացության միջոցով ինքը ցրում է կարկուտը: Մեր առաջնային խնդիրն է դա, ծախսը շատ ավելի արդարացված է լինելու, քան այն վնասները, որ մենք կրում ենք»:
Հիշեցնենք, որ 2017-ի բյուջեի քննարկման ժամանակ այն ժամանակվա նախարար երջանկահիշատակ Արմեն Երիցյանն ասել էր, որ եւս 5000 գազային հակակարկտայինի կարիք կա Հայաստանում: Ըստ նրա, յուրաքանչյուր մարզ տարեկան 2-3 մլրդ դրամի կորուստ է ունենում, իսկ մեկ կայանն արժե 3.5-4 մլն դրամ: Այսինքն, այդքան գումար են ծախսել, 547 նման կայան են տեղադրել, ընդ որում, այս տարիներին բավականին դեպքեր եղան, երբ այդ կայանները չկրակեցին ու հիմա, երբ բյուջեի կատարման հաշվետվությունն է քննարկվում, եկել են եզրակացության, որ դրանք ընդհանրապես արդյունավետ չեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ