Լրահոս
Օրվա լրահոսը

Նամակ կառավարությանը ԱՄՆ-ից՝ Ամուլսարի կապակցությամբ. Քանի Հայաստանում ստեղծվել է նոր կառավարություն, շատ կարեւոր է, որ այս ծրագիրը վերանայվի

Հունիս 04,2018 14:06

ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակից, քիմիական / բնապահպանական ճարտարագետ Հարութ Բրոնոզյանը Ամուլսարում ոսկու ծրագրի խնդիրների հետ կապված քննարկում կազմակերպելու առաջարկություն է ուղարկել ՀՀ կառավարությանը, որին կմասնակցեն նաև վերջին մեկ տարվա ընթացքում այս ծրագիրն ուսումնասիրած և բազմաթիվ գիտական վերլուծություններ ներկայացրած միջազգային հանրահայտ չորս փորձագետներից երկուսը։

Ձեր ուշադրության ենք ներկայացնում նրա նամակի բովանդակությունը․

«Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին,
ՀՀ առաջին փոխվարչապետ պարոն Արարատ Միրզոյանին, 
ՀՀ բնապահպանության նախարար պարոն Էրիկ Գրիգորյանին, 
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար պարոն Արծվիկ Մինասյանին և 
ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար պարոն Արթուր Գրիգորյանին

Ողջույններս,

Ես ԱՄՆ-ում ապրող քիմիական / բնապահպանական ինժեներ եմ: 1989 թվականից Հայաստանում ներգրավված եմ եղել տարբեր կրթական եւ բնապահպանական ծրագրերում: Իմ նպատակն է օգնել Հայաստանին`օգտագործելով իմ կրթությունը եւ փորձը բնապահպանության բնագավառում:

2017թ-ին որոշեցի ամենայն լրջությամբ գնահատել Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագիրը: Այս նախագծի հետ կապված շատ հարցեր են մտահոգում ինձ: Առաջարկվող հանքը տեղակայված է երեք գետերի, երկու ջրամբարների միջեւ, Հայաստանին մատակարարվող ջրերի սրտում: Հանքարդյունահանող ընկերությունը՝ Lydian International-ը, չունի փորձ, իսկ նրա առաջարկած երաշխիքներն ու ֆինանսական կարողությունները մեղմ ասած՝ անբավարար են նման խոշոր նախագիծ իրականացնելու համար: Ես հայտնաբերեցի եւ հանձնարարեցի չորս բարձրակարգ, անկախ հանքարդյունաբերության փորձագետների Ավստրալիայից, ԱՄՆ-ից եւ Կանադայից, եւ խնդրեցի ուսումնասիրել Լիդիանի հրապարակած փաստաթղթերը` առաջարկվող հանքի հնարավոր ազդեցությունները գնահատելու նպատակով: 2017 թվականի կեսերից նրանք կազմել են 13 գիտական վերլուծություններ, որոնցում գնահատել են հանքի երկրաքիմիական կազմը, բնական միջավայրի վրա ազդեցության մեղմացման պլանները եւ հանքի հնարավոր երկարատեւ ազդեցությունը բնական միջավայրի վրա՝ հաշվի առնելով հանքից դեպի ջրեր ներթափանցող ջրային հոսքերը (դրենաժը)։ Փորձագետների եզրակացությունները հակասում են Լիդիանի ներկայացրած այն պնդումներին, թե առաջարկվող հանքը նվազագույն ազդեցություն կունենա:

Նրանց գնահատումների ամփոփումն ու եզրակացությունը հետևյալն է․

«Այս վիճակով, Ամուլսարի ոսկու ծրագիրը բարձր ռիսկ է ներկայացնում տասնամյակներ և ավելի տևող թթվային դրենաժի առաջացման և աղտոտիչների արտազատման առումով, ինչը պայմանավորված է դատարկ ապարներին և հանքաքարին բնորոշ նկարագրով և տեղադրմամբ, երկրաքիմիական անբավարար գնահատումով, ջրի որակի ոչ ադեկվատ կանխատեսումներով, ազդեցությունը մեղմացնող միջոցառումների չափից դուրս լավատեսությամբ և Լիդիանի անփորձությամբ: Հայաստանի կառավարությունը և քաղաքացիները պետք է դադարեցնեն այս ծրագրի առաջխաղացումը մինչև վերոնշյալ բացթողումները չշտկվեն»:

2017 թվականի կեսերից ես նրանց կազմած բոլոր փաստաթղթերը փոխանցել եմ Հայաստանի կառավարությանը, Լիդիանին եւ լայն հանրությանը, որ բոլորը տեղյակ լինեն: Մինչ օրս Լիդիանը բովանդակային արձագանք չի տվել նրանց քննադատությանը եւ շարունակում է շինարարական աշխատանքներն՝ առանց հաշվի առնելու նրանց տեխնիկական առաջարկները: Կարծում եմ, որ գործողությունների այս ընթացքը կհանգեցնի լուրջ, հավանաբար անվերականգնելի էկոլոգիական վնասի Հայաստանի այս տարածաշրջանին, հատկապես դրա ջրային պաշարներին:

Քանի Հայաստանում ստեղծվել է նոր կառավարություն, շատ կարեւոր է, որ այս ծրագիրը վերանայվի: Հայաստանի կառավարությանը այս վերագնահատման հարցում աջակցելու նպատակով առաջարկում եմ հանդիպել այս հարցի մեջ խորացած երկու խորհրդատուներին՝ դոկտոր Անն Մաեսթին եւ դոկտոր Անդրե Սոբոլովսկիին, եւ նրանով հնարավորություն տալ ներկայացնել իրենց եզրակացություններն ու առաջարկությունները: Նման հանդիպումը տեղեկատվության ու տեսակետների փոխանակման հնարավորություն կընձեռի, որի արդյունքում Ամուլսարի ծրագրի և բնական միջավայրի պաշտպանության հետ կապված ավելի խորամտորեն մտածված որոշում եւ բնական միջավայրի պահպանության եւ կատարողականի բարելավումը:

Մենք առաջարկում ենք Հայաստանում լինել 2018 թվականի հունիսի 18-ի շաբաթվա ընթացքում: Ես հրավիրում եմ վարչապետ Փաշինյանին, վարչապետի առաջին տեղակալ Միրզոյանին, նախարարներ Գրիգորյանին, Մինասյանին եւ Գրիգորյանին` հանդիպել իմ խորհրդատուների հետ եւ լսել նրանց բացահայտումները եւ եզրակացությունները: Բացի այդ, Բնապահպանության նախարար Գրիգորյանի եւ նախարարության աշխատակիցների հետ ավելի խորը քննարկումներ անցկացնելու նպատակով դոկտոր Մաեսթը եւ դոկտոր Սոբոլովսկին կարող են առանձին հանդիպում կազմակերպել:

Խնդրում եմ առաջիկա մի քանի օրվա ընթացքում տեղեկացնել ինձ, թե որ օրը և որ ժամին պատրաստ կլինեք հանդիպել մեզ հետ, որպեսզի մենք հասցնենք համապատասխան ճամփորդական հարցերը լուծել:

Խնդրում ենք ազատորեն կապ հաստատել մեզ հետ՝ հետագա տեղեկատվություն կամ աջակցություն ստանալու համար»:

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ամուլսարի շահագործման կողմնակիցները փորձագետներ են հրավիրում և խնդրում՝ապացուցել նրա շահագործման անվտանգությունը և նրանք կատարում են դա,հակառակորդները փորձագետներին վարձում են,որպեսզի նրանք ապացուցեն նրա շահագործման վտանԵրևի գավորությունը,և նրանք կատարում են այդ պատվերը…:Երեվի ճշմարտությունը կենտրոնում է…..

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930