Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուղղակի քաղաքական կուրություն է ասել, որ չկան նման կանայք». Արման Ղարիբյան

Հունիս 04,2018 13:49

Իրավապաշտպան, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամ Զառա Հովհաննիսյանի դիտարկմամբ` իներցիոն իրավիճակը շարունակվում է. դեռ մնում է հույսեր փայփայել խորհրդարանական ընտրություններից հետո բալանսը փոխելու ջանքեր գործադրելու տեսանկյունից: «Մեդիա կենտրոնում» «Կանայք նոր կառավարությունում և քաղաքական գործընթացներում» թեմայով հրավիրված քննարկմանը Զարուհի Հովհաննիսյանը մտահոգություն հայտնեց. «Այն պատուհանը, որը բացվել էր հեղափոխության շնորհիվ և այն մասնակցությունը, որ տեսնում էինք հեղափոխության օրերին կանանց կողմից հավասար մասնակցության առումով, նաև հեղափոխության ժամանակահատվածում վարչապետն արեց արտահայտություն, որ կանայք ակտիվորեն պետք է ներգրավվեն հանրային կյանքում, քանի որ տեսել ենք նրանց հավասար մասնակցությունը հեղափոխությանը, բայց մենք չտեսանք այդ քայլը նրանց կողմից և պատրաստակամությունը փոխել, հեղափոխություն անել նաև պատկերացումների և մշակույթի մեջ»:

Տեղեկացնենք՝ հարցումների տվյալներով՝ հանրության 53 տոկոսը բավարար կամ ավելի բավարար է համարում կանանց ներգրավվածությունը նոր կառավարությունում:

Քաղաքագետ Իրինա Ղափլանյանը նկատեց՝ հեղափոխությունը դեռ նոր է սկսվում. հիմա դեռ նոր ենք մտնելու շատ լուրջ պայքարի մեջ. «Քաղաքական հեղափոխություն իրականացվել է և պատուհան բացվել մշակութային հեղափոխություն իրականացնելու, պետաիրավական մարմիններում այդ պատկերն արտացոլելու համար: Արձանագրենք, որ այս կառավարությունը դիտարկում եմ որպես ժամանակավոր, և եթե զգոն եք եղել, նման ազդակներ են եկել նաև այս նոր կառավարության անդամներից, քանի որ պետք է ունենալ արտահերթ ընտրություններ: Եվ հենց այդ ԱԺ-ում դեռ տեսնելու ենք, համենայնդեպս, հույսեր եմ փայփայում, որ կտեսնենք, քաղաքական և մշակութային հեղափոխության արդյունքները, որտեղ կանայք իսկապես պատշաճ կներգրավվեն: Հեղափոխության առաջնորդները նաև տարբեր հարթակներից ասել են կանանց ներգրավվածության մասին»: Ըստ Իրինա Ղափլանյանի՝ պատճառներից է հայրիշխանական, պահպանողական հասարակության բարդույթները, կոռուպցիան:

Հարցին՝ խնդիրը հասարակական ընկալումներն ու մոտեցումնե՞րն են, թե՞ կուսակցությունների ներսում գոյություն ունեցող ներքին ժողովրդավարության խնդիրները, ԵՊՀ Գենդերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Կանանց ռեսուրսային կենտրոնի համահիմնադիր Գոհար Շահնազարյանը պատասխանեց. «Մենք տեսանք նաև կուսակցություններում կա այդ նույն մոտեցումը: Հետազոտություններ էինք անցկացրել անցյալ տարի գրեթե բոլոր կուսակցությունների շրջանում: Նախ` որևէ կուսակցություն չունի գենդերային քաղաքականությանն ուղղված ոչ մի բան՝ որևէ ռազմավարություն, թե ինչպես են այդ հարցերին մոտենում: Ընդհանրապես մոտեցումը մի քանի տիպի է՝ ծայրահեղական, թե պիտի միայն մարտի 8 շնորհավորենք, կամ միջին մի տարբերակ կա, որ կանայք չեն ուզում. իրենք են պասիվ: Շատ քիչ թվով մարդկանց շրջանում տեսանք այն մոտեցումը, որ մեղավորությունը դարպասապահների շրջանում է, որոնք չունեն որևէ ռազմավարություն, թե ինչպես պիտի իրենք արձագանքեն: Այստեղ խնդիրը լուրջ իրազեկման և հասարակության շրջանում է: Նաև կուսակցություններն իրենք պիտի հասկանան, որ այդ մոտեցումը ճիշտ չէ: Իրենք պիտի ակտիվ լինեն և գտնեն այդ կանանց: Ասում են՝ թող ցուցակ տրամադրեն, իրենք ընտրեն այդ մարդկանց: Այս մոտեցումն ավելի լուրջ աշխատանքի արդյունք է պահանջում և մեկ օրում դա փոխել չենք կարող: Լուրջ աշխատանք է, որը պետք է կատարվի կուսակցության և նորաստեղծ կառավարության հետ»:

«Իրավունքի ուժ» ՀԿ-ի համահիմնադիր Արման Ղարիբյանի համոզմամբ, եթե կուսակցությունն իր ներսում չի ստեղծում այնպիսի միջավայր, որտեղ կանայք կարող են ինքնադրսևորվել և պաշտոններ զբաղեցնել հենց կուսակցության ներսում, գալու ենք այն խնդրին, որ կրկին յուրայինների մեջ են փնտրելու ապագա պաշտոնյաներին և չգտնեն կանանց. «Բացարձակ անհիմն է այն միտքը, որ կանայք ակտիվ չեն և պատրաստ չեն ստանձնել այդ պատասխանատվությունը: Ուղղակի քաղաքական կուրություն է ասել, որ չկան նման կանայք: Ես չեմ հավատում: Իշխանությունը մի քայլ առաջ պիտի անի, ոչ թե ամբոխահաճո հայտարարություն անի: Նա պետք է լինի փոփոխությունների առաջամարտիկը: Սա այն հարցը չէ, որ մեծամասնության կարծիքով պիտի առաջնորդվել, կամ սպասել տեսնել, թե հասարակությունն ինչ է թելադրում: Կա համաշխարհային փորձ և դրանից պետք է սովորել ու այն կիրառել Հայաստանում»:

Զարուհի Հովհաննիսյանը ևս մեծ կարևորություն է տալիս կուսակցականաշինության գործընթացին. «Կուսակցություններն իրենց ներքին ժողովրդավարության սկզբունքների մեջ պետք է ներառեն գենդերային հարցերով ռազմավարություն, տեսնեն, թե ինչպես են կանայք ներառվում կուսակցությունում և պատրաստվում ստանձնել պատասխանատու պաշտոններ: Եթե կուսակցությունը թերանում է, դա նրա, ոչ թե հասարակության խնդիրն է: Այնուհետև հավելեց. «Եթե անում ես հեղափոխություն և փորձում փոխել մշակույթ և հանրային գիտակցություն, կառավարման նոր ձևեր պիտի առաջարկես: Հին ձևերով կառավարելն արդեն փորձված սխալ ճանապարհ է»:

Ամփոփելով, իրավապաշտպանն ասաց՝ կուզեի, որ սիրո, համերաշխության, համաձայնության սկզբունքը գործի, նաև տարածվի սեռերի հավասարության վրա:

Անդրադառնալով մեխանիզմներին՝ Զարուհի Հովհաննիսյանը թվարկեց. «Անպայման պետք է փոփոխվի ԸՕ-ն և դրանում քվոտան բարձրացվի: Հիմա ունենք խորհրդարանում կանանց 17 տոկոս ներգրավվածություն, դա անգամ այն չէ, ինչ ամրագրված է օրենքում: Պետք է ունենանք մի քանի փաթեթ և վերջնական ներգրավվածությունն ԱԺ-ում 30 տոկոսից ավելին լինի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930