Լրահոս
Օրվա լրահոսը

Սխալների ուղղման փոխարեն՝ սխալների կրկնություն

Հունիս 04,2018 14:00

Մի 10 օր առաջ ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն էր պնդում, որ իր մասին քննադատական հոդվածները քաղաքական պատվեր են: Մենք էլ արձանագրեցինք. «Քաղաքական կենսագրություն ու կշիռ ունե՞ք, որ ձեր դեմ պատվեր լինի», ներկաները կրկնում են նախորդների սխալները: Նաեւ նկատեցինք, որ «Ելք» դաշինքից քաղաքական կենսագրություն ու կշիռ ունեն չորսը. Նիկոլ Փաշինյան, Էդմոն Մարուքյան, Արամ Սարգսյան, Սասուն Միքայելյան:

Հիմա էլ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է իր գործընկերների նման պետական ռեսուրսը՝ պաշտոնական կայքը, թողած՝ Facebook սոցկայքով շփվում ՀՀ քաղաքացիների հետ եւ հայտարարում, թե քննադատական հոդվածները քաղաքական պատվեր են: Արսեն Թորոսյանն էլ Մխիթար Հայրապետյանի նման քաղաքական կենսագրություն չունի ու վերջինիս սխալից դասեր է քաղել ու գրել, որ քաղաքական պատվերը իշխանության դեմ է: Իշխանության, ոչ թե իր: Պատմությունը կրկնվում է. ներկաները կրկնում են նախորդների սխալները եւ հավելում ներկաների սխալները:
Ինչո՞ւ նախարարները չեն հետեւում վարչապետին ու հրապարակային եւ թափանցիկ չեն, ինչո՞ւ չեն նշում անուններ եւ կոնկրետ հոդվածներ, որ մարդը կարդա ու սեփական եզրակացությունն անի. քաղաքական պատվե՞ր, պարապ զրո՞ւյց, հիմնավոր քննադատությո՞ւն, մտահոգությո՞ւն, առկա խնդիրների լուծման առաջա՞րկ: Ի՞նչ:
Արդեն քանի օր է՝ հանրությունը խոսում է ԱԱԾ վերջին բացահայտումներից: Խոսում է անուններով: Առողջապահության նախարարը խուսափում է անուններ տալ: Անհասցե խոսելը առնվազն չի նպաստում նախարարի խոսքի լրջությանը: Ով, պետական պաշտոնյա, բան ունես ասելու, ասա, ոչ թե ակնարկներ արա: Մեկ էլ Ռոբերտ Քոչարյանն էր, որ ամեն քննադատության հետեւում տեսնում էր նախորդ իշխանության ականջները:
Ու էլի ՀՀ քաղաքացիների հետ Facebook-ով շփվելու մասին:

ՀՀ կառավարության պաշտոնական կայքի համաձայն՝ Հայաստանում ապրում է 2,986 միլիոն մարդ: Իսկ ըստ Facebook սոցիալական ցանցի վիճակագրության՝ այս սոցկայքում գրանցված է 300 հազարից քիչ ավելի հայաստանցի՝ ՀՀ քաղաքացիների 10 տոկոսից էլ քիչ մասը: Նշանակում է, որ ՀՀ կառավարության անդամների մեծ մասը իր «Facebook-այնությամբ» անտեսում է ՀՀ քաղաքացիների 90 տոկոսին: Այլ խոսքով՝ հանրային վստահության հզոր պաշարով իշխանություն դարձած ուժը անտեսում է նույն հանրության գերակշիռ մասին:

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

02.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Seyran says:

    Մեկ բան է իշխանությանը քննադատելը,մեկ այլ բան է իշխանություն լինելը՝մանավանդ եթե իշխանության ,,սանդուխքի,,ոչ մի աստիճանում դեռ չես եղել….

  2. Artur Lazarian says:

    Դիպուկ էք գրել, համաձայն եմ:

    Լուրերն առաջինը յայտնւում են Ֆեյսբուքում, եւ յետոյ, շնորհիւ լրատուամիջոցների (ի դէպ, շնորհակալութի՜ւն ձեզ) մենք՝ ֆեյսբուք չունեցողներս, իմանում ենք, թէ ինչ կայ-չկայ: Կարծում եմ՝ անլուրջ է:

    Մէկ էլ ապրիլեան պատերազմի ժամանակ էր: Բոլոր պատերազմական նորութիւնների սկզբնաղբիւրը Արծրուն Յովհաննիսեանի ֆեյսբուքեան էջն էր:

    Ինչ վերաբերում է «պատուէր կատարելուն». լաւ կը լինի, որ պաշտօնեաները վերջ տան այդ մանկական նվնվոցներին: «Պատուէր են կատարում» «ինձ չեն սիրում». ուժեղ եղի՛ր եւ հակադարձի՛ր:

  3. Edita Hovhannisyan says:

    Դե Ձեր ասած 10% ը ֆեյսբուքից ինֆորմացիան տտանում է ու տարածում մնացած 90% ին։ Ոնց որ մոռացել եք , որ ամեն ինչ սկսվեց 7% ից…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930