Հարցազրույց ՀՀ փաստաբանների պալատի անդամ,
փաստաբան Արսեն Մկրտչյանի հետ
-Պարոն Մկրտչյան, թե դատական գործընթացների ժամանակ, թե սոցցանցերում Դուք քննադատում եք գլխավոր դատախազությանը, կարծես նկատելի է անձնավորված թշնամություն: Ի՞նչն է պատճառը:
-Դատախազությունն այն դատավորների միջոցով, որոնց վրա ունի ազդեցություն, իսկ այդպիսիները, ցավոք սրտի, շատ են, նախնական կալանքների հարցում դրսեւորում է խտրականություն: Կալանքի են վերցվում չունեւոր ընտանիքներից քաղաքացիներ, իսկ ավելի ծանր գործերով՝ ոչ:
-Այսինքն:
-Նույնանման հանգամանքներում, 4-8 տարի պատիժ սահմանող ծանր հանցագործությունների մեղադրանքով ամբաստանյալն ազատ է արձակվում գրավով, իսկ միջին ծանրության հանցագործություն կատարած անձը կալանքի տակ է: Իմ պաշտպանյալներից Արթուր Հարությունյանը երկու տարի է՝ կալանքի տակ է:
Դուք անդրադարձել եք այդ գործին՝ դատավորի ավտոմեքենայի լուսարձակի գողության մեջ մեղադրվողի:
-Իսկ Դուք դիմե՞լ եք նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ:
-Դիմել եմ ոչ թե մեկ անգամ, այլ բազմիցս: Ընդ որում, տվյալ գործը դատարանում քննող դատավորի համառությունը՝ կալանքից բաց չթողնելու համար, 4,5 միլիոն գումար է նստել հարկատուների վրա:
Դատախազի փաստարկները շատ թույլ են, որեւիցե վերաբերելի ապացույց առ այն, որ Արթուրը կատարել է գողություն, առկա չէ, իսկ վկաներից երկուսը՝ արդեն դատաքննության ժամանակ հայտարարել են, որ նախաքննության ժամանակ տված ցուցմունքները տրվել են քննիչի ձեւակերպումներով, այն ակնհայտ սպառնալիքով, որ եթե այդ ցուցմունքները չտրվեն, ապա իրենց տղան, մյուս դեպքում՝ ամուսինը, մինչեւ 4 տարի ժամկետով կազատազրկվի: Ըստ էության, քրեական գործը փլվում է, շինծու ապացույցների անհիմն լինելու պատճառով եւ ներկայումս պաշտպանական կողմը կանգնած է գործի հերթական ձգձգման վտանգի առաջ, եթե գործով դատախազը՝ Ռաֆայել Մանուկյանը, ըստ հավանականության միջնորդի, կասեցնել ստուգումներ անցկացնելը, դա կնշանակի, որ Արթուրն անհիմն կալանքի տակ կմնա, մինչեւ կատարվեն դատախազական հսկողության միջոցառումները:
– Դուք խնդիր ունեցաք Ղազախստանի հայ քաղաքացու գործով, ինչին հետեւեց նաեւ Ձեր նկատմամբ կատարվածը: Ինչո՞ւ բերման ենթարկվեցիք:
-Էքստրադիցիայի գործով Ղազախստանում է գտնվում հետախուզվող ՀՀ քաղաքացի: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել քառասուն օրով կալանավորումը, սակայն Քիշնեւյան կոնվենցիայի դրույթներին հակառակ, ՀՀ դատախազության կողմից որոշում չի կայացված ՀՀ քաղաքացուն Ղազախստանի Հանրապետությունում քրեական հետապնդման նպատակով հանձնելը մերժելու մասին: Ի դեպ, նշված անձի ՀՀ քաղաքացի լինելը ՀՀ-ում օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ապացուցված է: Խոսքը Գեղամ Ասրյանի մասին է: Տվյալ դեպքում գործ ունենք վեց երեխաների հոր հետ, երեխաներից մեկը մեկ տարեկան է, նա դրական է բնութագրվում բնակության վայրում, նա իր միջոցներով օգնում է մանկատանը, նախկինում դատված չէր:
Ավելին, բազմաթիվ միջնորդությունները նշված անձի վերաբերյալ խափանման միջոցը փոխելու համար, մերժվել են ընդամենը երկտողով: Ընդսմին, ՀՀ գլխավոր դատախազությունը նույնիսկ հաշվի չի առնում այն հանգամանքը, որ Ղազախստանում հանրապետության 25-ամյակի առթիվ համաներումը տարածվել է այն արարքների համար, որոնք մեղսագրվում են Գեղամ Ասրյանին՝ խարդախություն:
Երբ մեկնել եմ Ղազախստան, փորձել եմ քննիչին ներկայացնել փաստաբանիս արտոնագիրը, Գեղամի եւ երկու այլ հայ քաղաքացիների շահերը ներկայացնելու համար: Ակտոբե քաղաքի քննիչ Տայպահկովան ինձ բերման է ենթարկել, առգրավել փաստաթղթերս, անձնագիրս, եւ բաց չթողնելու սպառնալիքի տակ, հայտարարել, որ ես այլեւս ոտք չեմ դնի իրենց քաղաք, որ չփորձեմ որեւէ հայի շահ ներկայացնել: Հաջորդ օրը միջնորդի միջոցով պահանջել եմ, որ ստանամ անձնագիրս, փաստաթղթերս, փոխարենը նա պահանջել է քսան հազար դոլար գումար:
Ինձ Ղազախստանում բերման ենթարկելու փաստի վերաբերյալ դիմել եմ գլխավոր դատախազին, հայտնել եմ, որ իրադարձությունը տեղի է ունեցել ՀՀ քաղաքացիների ներկայությամբ, որոնք պատրաստ են բացատրություններ տալ, իսկ նրանցից մեկը ներկայումս գտնվում է ՀՀ-ում:
Սակայն այս առնչությամբ անցյալ տարվա նոյեմբերից առ այսօր ՀՀ գլխավոր դատախազը չի արձագանքել:
-Որտե՞ղ էիք բերման ենթարկված:
-Ոստիկանությունում: Գնացի դեսպանատուն, ինձ վերադարձի թերթիկ տվեցին, գնեցի առաջին իսկ պատահած տոմսը՝ Կիեւով վերադարձա Հայաստան:
-Պարոն Մկրտչյան, առհասարակ, մեր փաստաբանները հաճախակի խնդիրներ են ունենում, երբ պաշտպանում են այլ երկրի քաղաքացիների շահերը այստեղ եւ արտերկրում: Այդպե՞ս է:
-Երբ խոսքը վերաբերում է ՀՀ քաղաքացիների փաստական իրավունքների պաշտպանությանը այլ երկրում, գլխավոր դատախազությունն անգործություն է ցուցաբերում: Երբ ազգային պատկանելության պատճառով հետապնդվում է ՀՀ քաղաքացին, ապա նրա նկատմամբ ընտրվում է կալանավորումը, եւ խախտվում է նրա՝ արդար դատաքննության իրավունքը ողջամիտ ժամկետում, որովհետեւ գլխավոր դատախազությունում որեւէ մեկը շահագրգռված չէ, որ գործը փոխանցվի Հայաստան: Այլապես որոշում կընդունվեր: Նման իրավիճակում հայտնվել է նաեւ ՌԴ քաղաքացին՝ Սերգեյ Շիրյաեւը, որը գտնվում է ՌԴ-ում, սակայն նրա նկատմամբ տեղի դատախազը 7 տարի է՝ կալանավորում չի ընդունում:
Երբ ասում եմ, թե իրենք իրենցիներին չեն «քցում», շատերը թերահավատորեն են մոտենում, իսկ մենք փորձում ենք ամեն գնով կալանավորել: Պաշտպանյալներիցս մեկը՝ սուտ մատնության գործով անմեղ ճանաչվեց: Հիմնավորվեց նրա նկատմամբ առեւանգման փաստը, սակայն մինչ օրս առեւանգողի նկատմամբ քրեական հետապնդում չի սկսվել: Մեկ տարի է:
Զավեշտի էր հասել եւս մեկ գործ. ոչ մեծ ծանրության հանցագործության կասկածանքով խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Իսկ նույն հիմքով, սակայն ծանր մեղադրանքով նույն գործով երկուսի նկատմամբ՝ ստորագրությունը: Թվարկածս գործերի տրամաբանությունը թույլ է տալիս ենթադրելու, որ բացի ընդհանուր մեղադրական տրամադրվածությունից, ՀՀ քաղաքացու նկատմամբ գլխավոր դատախազությունը տարբերակված մոտեցում ունի այն փաստաբանների վստահորդների նկատմամբ, որոնց պաշտպաններն առավել ակտիվ են թե սոցիալական ցանցերում, թե ազատ են իրենց գնահատությունների եւ արտահայտությունների մեջ: Ըստ էության, վստահորդին կալանավորելով եւ խիստ պատիժներ նշանակելով՝ դատախազությունը, դատարանները հաշվեհարդար են տեսնում իրենց քննադատող փաստաբանների նկատմամբ: Ցավոք սրտի, թվացյալ քաղաքակիրթ հարաբերությունների շղարշի տակ թաքնված է անձնական նեգատիվ վերաբերմունքը, որն արտահայտվում է, որ իմ անունը նույնիսկ հեռախոսով ասելիս գլխավոր դատախազության վարչության պետերից մեկը վայր է դնում լսափողը, նույնիսկ չլսելով: Բնականաբար, իրավունք ունեմ ենթադրելու, որ մոտեցումն անձնավորված է:
Հարցազրույցը՝
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ
«Առավոտ»
02.06.2018