Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի թքիր երկիր պահող աղքատների հոգուն…»

Հունիս 04,2018 12:30

Այս հոդվածի առաջին տողերն էի գրել, ու հանկարծ հեռախոսազանգ, իմ ռուս բարեկամն էր, Վալենտին Վոլկովը, Մոսկվայից էր զանգահարել. «Այն, ինչ կատարվեց ձեր փոքրիկ երկրում, հրաշքի էր նման։ Դաժան փորձությունների միջով անցած ձեր տաղանդավոր ժողովուրդը կրկին ցույց տվեց, թե ինչի է ընդունակ։ Ես հեռուստաէկրանից հետեւում էի այդ օրերին Երեւանում տեղի ունեցող ցույցերին ու հանրահավաքներին ու մտածում. աշխարհում չկա ավելի հիասքանչ երկիր, քան Հայաստանը, որտեղ նոր ժամանակներ են հիմա…»։

Վոլկովը հիացմունքով ու խանդավառությամբ էր խոսում։ Նրա տարերքը նկարչությունն է։ Հայաստանն ու Արցախը իրենց չքնաղ բնաշխարհով ոգեշնչման աղբյուր են նրա համար։
Վալենտին Վոլկովի հետ ծանոթացա 1991-ին՝ Աղվերանում։ Աշնանային թախծոտ օր էր։ Նստել էինք դեմ-դիմաց, եւ նա իր կյանքի ոդիսականն էր պատմում։ Սումգայիթյան սպանդից հրաշքով փրկվել, հասել էր Հայաստան։ Ճանապարհներին տեսել է հարյուրավոր հայ գաղթականների, արյունալի ջարդերից դուրս պրծած, սարսափահար, հեռանում էին խմբերով, գնում էին հայրենիք։ Տեսել է սովալլուկ հայ երեխաների, կիսամերկ, ցրտից սառած մանուկների ու սիրտը սեղմվել է ցավից։ Պատմում էր, թե Սումգայիթում ինչպես են իր աչքի առաջ խոշտանգել, տանջամահ արել հայերին, խարույկի վրա այրել, եւ նրանց օգնության հասնելու անզորությունից կիսախելագար, թողել, հեռացել է։
Ձեռքը վիրակապի մեջ էր, քունքի վերքը դեռ չէր սպիացել. թուրք-բարբարոսի արյունոտ ձեռքերի հետքերը… Երբ պատմում էր, վտիտ մարմինը ցնցվում էր վերապրումներից։ Ես ծոցատետրիս մեջ գրի եմ առել նրա պատմածները, դրանք մղձավանջային պատմություններ են, որ հնարավոր չէ մոռանալ։

Վոլկովն ընտանիքով Սումգայիթում էր ապրում։ Տարիներ շարունակ հալածանքների է ենթարկվել Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ դեռ մինչեւ Ղարաբաղյան շարժումը, հողմի երախն ընկած դաշտագլոր բույսի նման քշվել դես ու դեն։ Մինչեւ անգամ գիշերն են եկել տնից հանել ու տարել, ո՞ր մեղքի համար. պարզապես չէր կարող անտարբեր անցնել վայրագությունների կողքով, որ կատարվում էին Ադրբեջանում քրիստոնեական ճարտարապետական հուշարձանների նկատմամբ։ Վոլկովը աշխատանքի բերումով հաճախ էր լինում ադրբեջանական շրջաններում, ու ամեն տեղ՝ նույն վանդալիզմը, նույն հանցագործ ձեռքի դաժան հետքերը. ավերված, քանդված ռուսական ու հայկական եկեղեցիներ, դրանց կողքին սնկերի նման աճող մզկիթներ։ Եվ ընդվզել է նկարչի հոգին այդ զարհուրելի վայրագությունների դեմ, անարգված, պղծված տաճարները լուսանկարել, ուղարկել է միութենական իշխանություններին, հավատով, որ իր արդար բողոքի ձայնը տեղ կհասնի, սակայն՝ ձայն բարբառո հանապատի։ Վալենտինը չի հանձնվել հուսահատությանը, շարունակել է տագնապի զանգեր հնչեցնել։ Ադրբեջանի իշխանությունները սկսել են հետապնդել Վոլկովին՝ նրա մեջ տեսնելով իրենց ժողովրդի ոխերիմ թշնամուն։ Դավեր էին նյութում ոչ միայն իր, այլեւ կնոջ ու երեխաների դեմ։ Սումգայիթյան նախճիրի օրերին խուժանը գիշերը հարձակվել է նրանց տան վրա, ջարդել դուռը, ներս խուժել ու ամեն ինչ տակնուվրա արել։ Բարեբախտաբար տանը ոչ ոք չկար։
Վոլկովին մտատանջում էր Սումգայիթում թողած իր նկարների ճակատագիրը։ Տան նկուղում էր թաքցրել նկարները, միայն հասցրել է ընտանիքը փրկել։ Զարհուրելի բաներ պատմեց Բաքվից։ Սումգայիթյան ջարդերից դուրս պրծել, մի կերպ հասել են Բաքու։ Գիշերը մնացել են ազգությամբ թաթար, իր վաղեմի ծանոթներից մեկի տանը։ Նրա կինը հայուհի էր. գերեզմանափոս հիշեցնող գետնափոր հյուղակում էր ապրում, մեն-մենակ, արեւի լույսից զրկված։ Կնոջն ամուսինն էր թաքցրել՝ խուժանի աչքից հեռու։ Մարմնովս սարսուռ անցավ, սարսափելի էր այդ ամենը…

Վոլկովից հարցրի, թե ինչ վիճակում է Բաքվի հայոց եկեղեցին, այնտեղ շա՜տ եմ մոմ վառել երեխաներիս հետ…

-Ծխամած պատերն են մնացել,- ասաց, մի փոքր լռելուց հետո շարունակեց,- զանգը դեռ մնում էր, չկարողացան պոկել։ Բարբարոսները մինչեւ անգամ եկեղեցու բակի հողն են փորել ու վառել, որ իսպառ վերանա հայկական շունչը: Ասես մուրճով խփեցին քունքիս… Վոլկովն ասաց նաեւ, թե երկու շաբաթ շարունակ ծխում էր հրո ճարակի մատնված տաճարը։ Ու հիմա էլ, գրեթե ամեն գիշեր, տեսնում եմ վիթխարի կերոնի նման այրվող, մոխրացող տաճարի զարհուրելի պատկերը, եւ ցասումից բռունցքվում են մատներս։
Դրանից հետո դարձյալ հանդիպումներ եմ ունեցել Վոլկովի հետ՝ արդեն Երեւանում, ամեն անգամ վայելել նրա ոգեղեն նկարներում ծփացող գույների հրաշքը։
Վոլկովի հեռախոսազանգը Մոսկվայից անակնկալ էր ինձ համար, ու ես բաց չթողեցի առիթը, սկսեցի մտովի զրույց բացել նրա հետ, պատմել նրան այն ամենի մասին, ինչ չեմ հասցրել հեռախոսով։

Սիրելի Վալենտին, այս մշուշոտ ու տագնապալի քաղաքական դարաշրջանում այն, ինչ կատարվեց իմ փոքրիկ Հայաստանում, ինչպես ինքդ ասացիր մեր հեռախոսազրույցի ժամանակ, հրաշքի էր նման։ Մինչդեռ հրաշք չկար, սակայն կար երկրի ճակատագրի համար պայքարի ելած համաժողովրդական ընդվզումը, որը շիկացման էր հասել։ Պատճառները շատ էին՝ տնտեսական, սոցիալական, բարոյական… Այն, ինչ կատարվեց Հայաստանում, անխուսափելի էր, կատարվեց՝ տասնամյակներով իմ ժողովրդի ոտնահարվող իրավունքները վերականգնելու, երկրում տիրող գաղջ մթնոլորտը մաքրելու թելադրանքով։ Արդարության ձայնն էր դա, որը պիտի մի օր ընդվզեր, գարնան կենարար անձրեւի նման սրբեր տաներ երկրում կուտակված աղտ-աղարտը։

Ստի ու կեղծիքի, շահամոլության ու ընչաքաղցության, այս ամոթալի առուծախի բորբոսահոտ ճահիճը իր մեջ է առել ողջ երկիրը։ Սասանվել էր վաղվա օրվա նկատմամբ հավատը։ Մարդիկ հայտնվել էին վախի, անհուսության ճիրաններում, եւ տագնապահար հարցնում էին. «Ին՞չ է սպասվում մեզ ու մեր երեխաներին, այսպես ո՞ւր ենք հասնելու…»։ Նրանք չէին ուզում համակերպվել ողջախոհությունը կորցրած ու բարոյազրկված, իրեն ամբողջովին սպառած պետական կառավարման համակարգի հին գործելակերպի հետ, դառնալ նրա պատանդը։ Ըմբոստացողներին սպառնալիքներով ստիպում էին լռել, հալածանքների էին ենթարկում, դարձնում քաղբանտարկյալներ։ Մարդու արժեքը, նրա տեղն ու անելիքը կյանքում, որոշվում էր կուսակցական պատկանելությամբ։ Ժողովուրդը հոգնե՜լ էր արդեն՝ իշխանատենչության մոլուցքից կուրացած, մտածողության նոր որակներն արհամարհող պետական պաշտոնյաների արկածախնդրություններից։ Նրանք իրենց ամբարտավան պահվածքով հասել էին արձանի սառնության, եւ հոգիներն ամայացնող այդ վտանգավոր սառնությունից օր օրի սեղմվում, փոքրանում էր հայրենիքը։ Մարդիկ ստիպված հեռանում էին երկրից՝ դեռ չկորցնելով վերջին հույսը, գնում էին՝ թողնելով իրենց տները, ծննդավայրը, թանկ հիշատակները, հարազատներին ու մտերիմներին։]

Սիրելի Վալենտին, ուզում եմ անկեղծորեն խոստովանել. երկրում տասնամյակներով գոյություն ունեցող այրող խնդիրներից ինձ՝ որպես մտավորականի, առավել շատ մտահոգել է արտագաղթը, ազգային աղետ է դա, ամենաահարկու արհավիրքը փոքրիկ Հայաստանի համար։ Լրագրողական աշխատանքի բերումով հաճախ եմ լինում նաեւ լքված գյուղերում ու ամեն անգամ ցավ եմ ապրում։ Դրանք միայն լքված, պարպված գյուղեր չեն։ Դրանք մարած օջախներ են, եղինջների մեջ դանդաղ մեռնող տներ՝ ամայի բակերով, որտեղ մեր լավաշի, մեր թոնրահացի հոտը պիտի ծփար, երկիր պահող շինականի ձեռքերի հողահոտը։ Դրանք անխնամ մնալուց չորացող ծառեր են ու վայրի դարձած այգիներ, մեռնող հիշողություն է, դարերի խորքից եկող մեռնող ավանդույթներ…
Մեր նշանավորներից մեկն է ասել. «Մի թքիր երկիր պահող աղքատների հոգուն, նրանք մի օր կարող են փակել քո տունդարձի ճանապարհը։ Դա նրանց իրավունքն է…»։ Պետական միջոցները մսխող մեր իշխանավորները թքել էին աղքատների վրա։ Նրանք չէին հասկանում, որ իրենց պաշտպանվածության զրահը կարող է մի օր ջարդվել՝ այդ նույն աղքատների ձեռքով։ Այդպես էլ եղավ…

Խորապես համոզված եմ. եթե թավշյա հեղափոխությունը չհաղթանակեր, երկրում տիրող ճղճիմ մթնոլորտը նոր արհավիրքներ կբերեր իմ ժողովրդին։ Պետք է ասել, որ հեղափոխության իրականացմանը իր մեծ նպաստը բերեց երիտասարդությունը, մեր անկախության սերունդը, արժանապատվորեն հաղթած սերունդը։ Նա քաջ գիտակցում էր, որ պահը ճակատագրական է, եւ երկրի առաջավոր ուժերի հետ մեկտեղ պայքարի ելավ։ Երիտասարդությունը գործում էր ողջամիտ, համախումբ՝ չխախտելով սահմանադրական օրենքները, պահպանելով բարոյականության նորմերը։ Նայում էի գարնանային Երեւանի փողոցներով խրոխտ քայլերթով անցնող ջահել տղաներին ու աղջիկներին եւ հպարտությամբ էի լցվում։ Այո, Աշխարհում ամենագեղեցիկ բանը երիտասարդության կենարար ուժն է։ Համաժողովրդական շարժման շիկացած օրերին մարդկանց ոգին բարձրացնող քայլերգերը այդ ուժի զորությամբ ծնունդ առան, որ թավշյա հեղափոխության հաղթանակի ղողանջներն էին տանում հասցնում հեռավոր ափեր, նրա վեհությունն ու հմայքը։ Երեւանում ծավալվող իրադարձություններով ոգեշնչված, ես վերստին համոզվեցի, որ պայքարում են նաեւ երգով. լինում են պահեր, երբ երգն ավելի զորավոր է, քան ամենաահարկու զենքը։

Սիրելի Վալենտին, երգը միշտ էլ իմ ժողովրդի սուրն է եղել՝ կոփված ազատագրական ոգու կրակից։ Համաժողովրդական շարժման օրերին ես տեսա, թե այդ սրբազան կրակից բռնկված խոսքը ինչպիսի՜ ազդեցություն կարող է ունենալ հոծ բազմության վրա։ Վիթխարի ու զորեղ էր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կրքոտ, զգացմունքային խոսքը։ Երկրում տիրող անօրինականության, ստի ու կեղծիքի մթնոլորտը մաքրելու կոչ էր դա։ Ինձ հիացնում էր նրա անձնական արիությունը, զուսպ, հանգիստ, ասպետական պահվածքը։ Մարդկանց հիշողության մեջ ընդմիշտ կմնան հուզիչ պահերն այն, երբ նա փորձում էր ճեղքել փշալարերի պատը. ինձ թվաց, թե շունչս կտրվում էր. «Ո՛ւժ տուր, օգնի՜ր նրան…», խնդրում էի Աստծուն։ Այդպես կարող է անել հանուն հայրենիքի ինքնազոհաբերման պատրաստ զինվորը։ Երբ հեռախոսով զրուցում էինք, ասացիր. «Ձեր համաժողովրդական շարժման առաջնորդը արժանի է այն մեծ ու հերոսական ժողովրդին, որի զավակն է ինքը», լիովին համաձայն եմ քեզ հետ։ Դեռեւս շարժման առաջին օրերին մարդիկ ոգեւորությամբ էին դիմավորում նրան՝ Գյումրիից Երեւան քայլերթի ժամանակ, հավատով բացում իրենց հոգին։ Սիրո, միասնության մի վեհ քայլերթ էր դա, որը շատ մեծ խորհուրդ ուներ իր մեջ։ Բնակավայրերից մեկում, ցուցարարների մեջ կանգնած մի կին փաթաթվել էր շարժման առաջնորդին, իր մայրական անհուն սերն ու գորովն էր տալիս նրան։ Աչքերում գոյացած արցունքի մաքուր շիթը ողողել էր կնճիռներով ակոսված դեմքը. առօրյա հոգսերի ծանր բեռն ուսերին առած, տանջված, բայց չկոտրված հայ կնոջ դեմք էր դա, որ երբեք չեմ մոռանա…
Հոդվածիս վերջին տողերն էի գրում, երբ հնչեց դռան զանգը, հարեւանս էր, դեմքին բերկրանքն էր շողում։ Ինձ հրավիրեց իրենց տուն՝ միասին նշելու Արաբական Միացյալ Էմիրություններից որդիների վերադարձը։ Դաժան ճակատագրի բերումով օտար ափերում բախտ որոնող իմ հայրենակիցներից շատերն են այսուհետ վերադառնալու Հայաստան՝ ընդմիշտ, գալու են, որ շենացնեն տարիներով անմշակ թողած հողը, իրենց եղբայրների ու քույրերի հետ հզորացնեն ու դրախտավայր դարձնեն երկիրը։ Գալու են, քանզի թավշյա հեղափոխությունը, որ իմ երկրի դարավոր պատմության տարեգրության փառավոր էջերից է, բացեց տունդարձի ճանապարհները։

Ու հիմա ես իմ փոքրիկ Հայաստանում խորապես զգում եմ լիարժեք մարդ լինելու երջանկությունը, այդ մեծագույն վայելքը հեղափոխությունն է պարգեւել։ Հիմա ես չեմ վախենում սառնաշունչ հողմերի քմահաճույքներից, որովհետեւ երկրի ղեկը ամուր ու հուսալի ձեռքերում է, երկիր, որտեղ ազատության թարմ շունչն է թեւածում, եւ խաղաղ են բացվող առավոտները։

ՍԵՐԺ ԱՌԱՔԵԼՅԱՆ

«Առավոտ»

02.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930