ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խմբի ընթացիկ հայտարարություն
2018 թվականի ապրիլի 13-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խմբի ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ «Քայլ արա» նախաձեռնության հավաքի մասնակիցներից ձերբակալվել են թվով 98 անձինք, որոնցից 8-ը ՀՀ Ոստիկանության ՁՊՎ-ներում պահվելու ընթացքում կալանավորվել են, հաջորդիվ տեղափոխվել ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներ:
Նշված բոլոր ձերբակալվածներն էլ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված 72 ժամից ավել չեն պահվել:
Նշված օրերին Դիտորդական խմբի Թեժ գծին ահազանգեր են ստացվել այն մասին, որ քաղաքացիները տեղեկություն չունեին իրենց հարազատների մասին, մոտ 30 ժամ և ավելի: Դիտորդական խմբի արագ արձագանքման արդյունքում արձանագրվեց, որ որոշ անձիք ձերբակալվել էին Երևան քաղաքում և հաջորդիվ տեղափոխվել էին տարբեր մարզերի ՁՊՎ-ներ:
Դիտորդական խումբն արձանագրել է հետևյալ փաստերը ձերբակալվածների իրավունքների հետ կապված, որոնց վերաբերյալ համապատասխան հրատապ հաշվետվություններով դիմել է ՀՀ Ոստիկանապետին, այսուհետ (հրատ. ՀՀ Ոստիկանապետ), համապատասխան մեկնաբանություններ ստանալու կապակցությամբ: Դրանք են.
· Բերման ենթարկված անձինք սահմանված 3+1 ժամից ավելի են պահվել Ոստիկանության բաժիններում մինչ ձերբակալվելը (հրատ. ՀՀ Ոստիկանապետ):
· 98 ձերբակալվածներից 31-ը ՁՊՎ են ընդունվել տարբեր մարմնական վնասվածքներով: Նշված 31 մարմնական վնասվածքներով ՁՊՎ ընդունված անձանցից 16-ը ստացել է բուժ. օգնություն:
· 98 ձերբակալվածներից 31-ն է օգտվել տեսակցության իրավունքից:
· Օրենքով սահմանված հեռախոսազանգի իրավունքից չի օգտվել ոչ մի ձերբակալված:
· 98 ձերբակալվածներից 55 անձ ստացել է հանձնուք:
· 98 ձերբակալվածներից միայն 46-ն են օգտվել զբոսանքի իրավունքից: Այն դեպքում, երբ ձերբակալվածների զբոսանքի տևողությունը չի կարող պակաս լինել օրական մեկ ժամից:
· 98 ձերբակալվածներից միայն 21-ն են ունեցել փաստաբան: Դիտորդական խմբի ուսումնասիրության (առանձնազրույցի) արդյունքում պարզվել է, որ շատ դեպքերում հենց վարույթն իրականացնող մարմինն է ուղղորդել ձերբակալվածներին հրաժարվել փաստաբանի ծառայությունից, որովհետև դրա անհրաժեշտությունը չկա:
· 98 ձերբակալվածներից միայն 2-ն են օգտվել լոգանք ընդունելու իրավունքից: Այն դեպքում, երբ անձնական հիգիենայի համար ՁՊՎ-ում պահվող անձինք ապահովվում են տաք ջրով և մինչև 15 րոպե տևողությամբ ցնցուղով լոգանք ընդունելու հնարավորությամբ, հավելենք, որ բոլոր ձերբակալվածներն էլ բերման են ենթարկվել քաղաքի տարբեր հատվածներից և մինչև երկու-երեք օր պահվել են ՁՊՎ-ներում:
· Որոշ ՁՊՎ-ների գրանցամատյաններում նշված չէր ձերբակալման, ՁՊՎ մուտք գործելու, ազատ արձակման օրերն ու ժամերը (հրատ. ՀՀ Ոստիկանապետ):
· Անգամ արձանագրվել է դեպք, երբ ձերբակալվածները ՁՊՎ-ից ազատ արձակված են եղել, բայց բացակայում էր ազատ արձակման հիմքը և համապատասխան գրանցամատյանում անհրաժեշտ գրառում (հրատ. ՀՀ Ոստիկանապետ):