Շատերն են ճանաչում մեր ժամանակի լավագույն պոետներից Խաչիկ Մանուկյանին, բայց քչերը գիտեն, որ բանաստեղծի երկու որդիները ծառայության ընթացքում պարգևատրվել են գերատեսչական մեդալներով: Ավագ որդուն՝ Վաչագանին, բանակաշինության և կարգապահ ծառայության համար շնորհվել է «Գարեգին Նժդեհ», իսկ Արամին` «Մարշալ Բաղրամյան» մեդալ, ապրիլյան պատերազմում մարտական գործողություններին ցուցաբերած ակտիվության համար:
Խաչիկ Մանուկյանի աշխատասենյակում ենք: Զրուցակիցս մշակութաբան Վաչագան Մանուկյանն է: Սկզբում խոսում ենք ընտանիքի, հայր-որդի հարաբերությունների մասին.
-Ես ու Արամը անկախության սերունդ ենք, որ ամեն ինչ տեսանք: Հեղափոխության հաղթանակի ողջ պատմությունը լսեցինք մեր մեծերից: Հիմնականում հայրս էր պատմում: Եվ դրանք չէին կարող մեր մեջ հետք չթողնել: Մենք մեծացել ենք սովորական, հայկական ավանդույթներով ապրող ընտանիքում, որտեղ ազատությունն ու կարծիք արտահայտելը խրախուսվել է միշտ: Հայրս անդադար հսկել է, ճանապարհ է ցույց տվել՝ թողնելով ինքնադրսևորվել: Անհոգ մանկությունից զատ, մենք նաև զրկանքներ, մութ ու լույս տարիներ տեսանք: Այնուամենայնիվ, ընտանիքում տիրող դրական մթնոլորտն այդպես էլ չփոխվեց: Մենք մեծացանք ավելի շատ բան լսելով, քան մեր տարիքի երեխաները:
– Ի՞նչ եք հիշում Ձեր և Արամի մանկությունից: Ամենավառ պահերի, խենթությունների ու չարաճճիությունների մասին, մի քանի բառով:
– Իմ ու Արամի տարիքային տարբերությունն ու նախասիրություններն այդքան էլ թույլ չեն տվել, որ մենք ընկերություն անենք: Ես նրան նայել եմ որպես փոքր եղբոր: Եվ ուշադրությամբ փորձել եմ հնարավորինս աչքիս առաջ պահել: Կարող եմ ասել՝ մինչ օրս այդպես է: Մեզ դաստիարակել են միմյանց նկատմամբ ուշադիր ու հոգատար լինելով: Մենք սովորել ենք մեր մեծերից: Խելոք, հանգիստ երեխաներ ենք եղել: Ամենավառ պահն ինձ համար մինչ օրս, երբ երեկոյան ընտանիքը հավաքվում է ճաշելու (ժպտում է):
-Դուք տան ավագ որդին եք: Զորակոչվել եք ծառայության, որից հետո եղբայրդ՝ Արամը զորակոչվեց: Ի՞նչ եք մտաբերում և ի՞նչ զգացողություններ ունեք հիմա, երբ բանակային կյանքն անցյալում է:
-Հիշում եմ: Արդեն չորս տարի է անցել իմ ծառայությունից, իսկ Արամը 2016-ին է զորացրվել: Անկասկած շատ բան կարող եմ հիշել: Ամենադրական բանը, որ մտքիս եկավ Վրեժ Իսրայելյանի հոդվածներն են: Սիրում էի կարդալ: Առանձնանում էի, մնում ինքս ինձ հետ ու շարունակ կարդում: Զգացողությունների մասին ասեմ: Մենք մինչ ծառայելը շատ ենք խոսել բանակի, հայրենիքի մասին: Հետհայացք գցելով միայն ժպտում եմ, հպարտանում և կարոտում ընկերներիս: Լավագույն սպայակազմի հետ եմ ծառայել…
-Իսկ Արամի մասի՞ն…
-…Արամի պարագայում ամեն բան այլ էր: Նա առողջական խնդիրներ ուներ: Կարող էր նույնիսկ չծառայել, բայց պնդեց, որ պիտի զորակոչվի: Իր որոշմամբ գնաց և պատվով կատարեց հայրենիքի նկատմամբ իր պարտքը:
-Ծնողներդ միանգամից համաձայնեցի՞ն (հարցնում եմ չթաքցնելով զարմանքս):
-Հայրս երբեք չի ընդդիմացել, և ինչպես ասացի թողել է ազատ որոշումներ կայացնենք: Բանակում ծառայելու համար նա միայն ուրախ էր: Հայրս միշտ էլ արդարության և անկեղծության ջատագովն է եղել: Խաչիկ Մանուկյանը երբեք չշեղվեց իր որդիներին տված խրատներից: Համաձայնեց, որ եղբայրս մեկնի ծառայության: Մորս մնում էր միայն համաձայնել…
-Ե՛վ դուք, և՛ Արամը ծառայության ընթացքում գերատեսչական պարգևների եք արժանացել: Այդ մասին չեք խոսում, դրա համար էլ քչերը գիտեն: Ինչո՞ւ:
-Արամի մասին արժե խոսել: Ինչպես ես ժամանակին,այնպես էլ նա հիմա, երբեք չենք բարձրաձայնում այն ինչ պարտավոր էինք անել : Մենք բոլորի նման գնացել ենք հայրենիքը պաշտպանելու: Մենք չենք տեսել,որ հայրս օրերից մի օր իր մասին խոսելիս հպարտությամբ պատմեր: Մենք էլ, երբեք չենք պատմել բանակային կյանքի, դժվարությունների մասին: Արամը նույնիսկ մեզ չէր ասել,որ մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմի ռազմական գործողություններին: Ասում էր`ո՞վ է ինձ դիրքեր տանողը: Միայն զորացրվելուց հետո ենք իմացել ամեն բան:
– Հասկանում եմ, բայց ամեն անգամ ականատես չենք լինում,որ մի տանից երկու եղբայրն էլ արժանանան պաշտպանության նախարարության բարձր գնահատանքին (ոչինչ չի ասում,նույնիսկ կարմրում է Վաչագանը):
-Համեստությունը գենետիկորե՞ն է փոխանցվել…
-Չգիտեմ ինչ ասեմ: Մենք մեծացել ենք մեր առջև ունենալով Խաչիկ Մանուկյանին: Կյանքի ցանկացած փուլում մենք օրինակ ենք վերցրել մեր հորից: Մենք տեսել ենք, թե ինչպես են ուրիշները խոսում, պատմում հորս մասին: Եվ ես կարծում եմ, եթե մարդն իրենից ինչ-որ բան է ներկայացնում՝ վաղ, թե ուշ կնկատեն նրան:
– Լավ, պատմեք, թե ի՞նչ զգացողություն ունեցաք, երբ «Գարեգին Նժդեհ» մեդալը ամրացրեցին զինվորական համազգեստիդ:
-Բնականաբար հպարտ էի: Այդ ժամանակ սերժանտական խորհրդի նախագահն էի: Կարգապահ ծառայության համար էին ներկայացրել: Անկեղծ ասած այդ պահին միայն մի բան էի մտածում՝ հայրս շատ ուրախ կլիներ: Եվ չէի սխալվում:
Ես երբեք դրոշակ չեմ սարքել իմ մեդալը: Ապրիլյան քառօրյան ցույց տվեց,որ տղերքն անձնազոհությամբ ավելին արեցին: Ի՞նչ է իմ մեդալը նրանց քաջության դիմաց…
– Կարո՞ղ ենք փաստել,որ կարգապահությամբ և օրինակելի ծառայությամբ դուք արտահայտել եք ձեր սերը դեպի հայրենիքը:
-Հայրենիքի և հայրենասիրության սահմանը մեդալով,պարգևով ու քարտեզով չի չափվում: Բառերով էլ չենք կարող բացատրել: Իմ հայրենիքը հայրս է, ընտանիքս, տունս: Դժվարության ժամին է երևում, թե մենք ինչքան ենք սիրում մեր հողը՝մեր հայրենիքը: Արամն ինձ համար հայրենասերի լավագույն օրինակն է: Նրա և ապրիլյան պատերազմի ժամանակ մարտնչող տղաների սխրանքները տեսնելով գիտակցում ենք,թե ինչ է նշանակում հայրենիք: Տանը նստած շատ հեշտ է հայրենասիրական ամպագորգոռ ճառեր ասել: Գործելու պահն է կարևոր…
-Խոսեցիր ապրիլյան պատերազմից: Պատմի՛ր Արամի մասին : Նա այդ օրհասական պահին ծառայության մեջ էր չէ՞:
-Ապրիլյան պատերազմը ցավ էր, բայց միևնույն ժամանակ մեր միասնականության հերթական դրսևորումը: Այո, Արամը ծառայության մեջ էր: Երկու տարի առաջնագծում է ծառայել: Մի քանի ամիս էր մնացել, որ զորացրվի: Լսեցինք, որ պատերազմ է: Հորս հանգստությունը մեզ ուժ տվեց: Նա իրեն այնպես էր պահում, իբրև ամեն բան լավ է: Արամն էլ այնտեղ դիրքերում էր չափազանց զուսպ: Երբեք չխոսեց կռվի ու պատերազմի մասին: Մեզ հավաստիացնում էր,որ ինքը զորամասում է: Նույնիսկ ասում էր, որ թշնամին չի կրակում: Արամը տրտնջացող չի: Շատ կամային երիտասարդ է: Մենք միայն նրա զորացրվելուց հետո ենք իմացել, որ կռիվ է տվել: Դա էլ հրամանատարներն ու ընկերներն են պատմել:
-Այն, որ նա չի սիրում խոսել, մենք արդեն հասկացել ենք: Նախնական պայմանավորվածության ժամանակ հայրդ ասաց, որ Արամը դեմ է հարցազրույց տալուն, բայց համաձայնվել է, որ դուք կխոսեք «Մարշալ Բաղրամյան» մեդալակրի մասին:
-Իսկապես, Արամը համեստության մարմնացում է: Երբ իմացավ,որ լրագրող է գալու, տանից գնաց: Իր փոխարեն շատ բան ասել չեմ կարող: Ակնհայտ է,որ նրա ստացած պարգևը ինքնին ցույց է տալիս զինվորի համարձակության, քաջության և անկոտրում տեսակի մասին: Շատ թանկ գին վճարեցինք մեր խաղաղությունը պահպանելու համար:
Արամը քառօրիյայից հետո ավելի հասուն, ավելի լուրջ է դարձել: Պատերազմի կնիքը կա: Եվ կան բաներ, որ միայն Արամի ներսում են, իր հուշերն են, իր զգացողությունները: Արամն ինքնամփոփ էր, աշխարհն ավելի վառ ու գունավոր էր զգում, իսկ հիմա ավելի իրատեսական:
-Ինչպե՞ս արձագանքեցին ծնողներդ, երբ իմացան, որ Արամը ոչ միայն դիրքերում է եղել, այլև պարգևատրվել է:
-Արդեն ասացի, որ մենք ամեն բան հետո իմացանք: Հայրս հպարտ էր, մայրս՝ լացակումած լսում էր: Զարմացած չէինք, որովհետև Արամից սպասելի էր: Նա չէր կարող հանգիստ նստել և տեսնել,թե ինչպես են մյուսները կռիվ տալիս: Եվ ես կարծում եմ, որ ոչ մի զինվոր չի կարող նահանջել, երբ հարցը հայրենիքի պաշտպանությանն է վերաբերում:
Իմ կարծիքով՝ ավելի շատ պիտի գործենք, քան խոսենք,-զրույցը եզրափակում է Վաչագան Մանուկյանը:
ՀԱՅԿ ՄԱԳՈՅԱՆ