Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող Արցախում էլ իշխանության գան մաքուր ձեռքերով մարդիկ». Սուրեն Սարգսյան

Հունիս 03,2018 22:08

Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը կարծում է, որ թավշյա հեղափոխության անցումն Արցախ, տրամաբանական է:

Հիշեցնենք, օրերս Արցախի Հանրապետությունում ստեղծվել է «Լույս Արցախին» նախաձեռնությունը: Այն հանդես է գալիս համախմբման եւ տեղի իշխանություններին հեռացնելու պահանջով: Նախաձեռնության հեղինակը Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահան Բադասյանն է: Ի դեպ, նախաձեռնության անդամ է նաեւ Արցախի ԱԱԾ քարտուղար Վիտալի Բալասանյանի եղբայրը`Վաչիկ Բալասանյանը: Նախօրեին էլ, Ստեփանակերտում Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների և քաղաքացիների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի արդյունքում քաղաքացիները վերջիններիս կողմից ծեծի են ենթարկվել: Ավելի ուշ արդեն, միջադեպի առթիվ, մի խումբ քաղաքացիներ ավտոմեքենաներով փակել են Ստեփանակերտի կենտրոնական՝ Ազատամարտիկների փողոցի մի հատվածը և պահանջել պատասխանատվության ենթարկել ԱԱԾ աշխատակիցներին:

«Արցախի իշխանությունները իրենց պատեպատ տալու կարիքը չունեն: Պետք է հասկանան`իրենց ժամանակաշրջանն ավարտվեց: Ավելին, փոխարեն հասկանան եւ իրոք սահուն զիջեն իշխանությունը, ինչ-որ ծեծուջարդեր, հաշվեհարդարներ են կազմակերպում, վախեցնում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկը` հավելելով, եթե «ծուռ նստենք եւ ուղիղ խոսենք», Արցախի իշխանությունները, տարիներ շարունակ, հարստահարել են Արցախը: Իսկ 2016-ի եռօրյա պատերազմն էլ, ըստ մեր զրուցակցի, ցույց տվեց, որ իշխանավորները պարզապես «լափել են զինվորի հացը»: «Միայն բանակի հրամանատարությունը, Մոսին եւ մյուսները չէ, որ կարող էին լափել զինվորի հացը: Արցախն ուներ նախագահ. պարտավոր էին վերահսկել այդ ամենը: Եթե չեն վերահսկել, ուրեմն, թույլ են: Եթե վերահսկել են ու իրենք էլ փայ են մտել, բաժին են ունեցել, ուրեմն իրավունք չունեն մնալ իշխանության: Արցախն այսօր հնարավորինս անցնցում պիտի անցում կատարի`առանց ավելորդ թշնամանքի տարածման»,- ասում է մեր զրուցակիցը: Որ անցումը պետք է արվի, նա այլընտրանք չի տեսնում: Ասում է`անհրաժեշտություն է: Նաեւ այն պատճառով, որ Հայաստանի «մաքուր ձեռքերով» իշխանության եկածներն ու արցախցուն տարիներ շարունակ հարստահարած, վատ կառավարած իշխանությունները միասին չեն կարող քայլել. «Մերսեդեսի տակ ժիգուլու անիվ չես դնի»:

Ի դեպ, Մովսես Հակոբյանը, տարիներ շարունակ Արցախի ՊԲ ղեկավարն էր, ապա ապրիլյան պատերազմից հետո զբաղեցնում էր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը, նա այսօր էլ ոչ պակաս առանցքային պաշտոնյա է`ՀՀ գլխավոր ռազմական տեսուչն է`Հայաստանի նոր իշխանության համաձայնությամբ: «Նոր կառավարությունը հրեշտակ չի: Այդ սխալը մի օր կուղղվի, կամ`պատասխան կտան, կամ`կկանգնեն փաստի առաջ: Այդ տեսակը մեր բանակում, մեր պետության մեջ իրավունք չունի լինել»,- ասում է Սուրեն Սարգսյանը:

«Մենք լիարժեքորեն սատարում ենք Արցախի իշխանություններին»,- դեռ ապրիլի 30-ին ի պատասխան Aravot.am-ի հարցի`հնարավո՞ր է հայաստանյան թավշյա հեղափոխության ալիքն Արցախ էլ հասնի, ասել էր Նիկոլ Փաշինյանը: Սուրեն Սարգսյանը սա բնական է համարում:

Ինչ վերաբերվում է հայաստանյան հեղափոխականների`Արցախում հեղափոխություն իրականացնելու ծրագրերին, մեր զրուցակիցն ասում է. «Նիկոլ Փաշինյանի ծրագրերը կարեւոր չեն: Կարեւորն արցախցին է, որ այս պահն ոտքի է կանգնել եւ ասում է`մենք էլ չենք ուզում այսպես ապրել»:

Սուրեն Սարգսյանը հիշեցնում է`տարիներ շարունակ մեկ բռունցք դարձած հայ ժողովուրդն ամենն արել է Արցախի համար, սահմաններում վտանգը կասեցնելու համար. «Այսօր Արցախում կյանքը մի քանի անգամ ավելի թանկ է, քան Հայաստանում: Սա խայտառակություն է: Մենք ամենը դրել ենք, շատ հարցերում լռել, բայց պարզվեց, որ  ամենը գնացել է ոչ թե բանակին, այլ իշխանություններին»:

Դիտակմանն էլ`Արցախում ողջ բնակչությունը չի կանգնել ընդդեմ իշխանության, այլ մի փոքրիկ խումբ, Սուրեն Սարգսյանը հակադարձեց. «Ո՞նց սկսեց Նիկոլ Փաշինյանը: Մի խումբ էր»: Նա նկատում է, որ Արցախում մարդիկ տարիներ շարունակ խուսափել են «ավելորդ ձայն բարձրացնելուց», քանզի առաջնագիծ է եղել, բայց այսօր կա հնարավորություն, եւ մարդիկ կկանգնեն իրենց իրավունքների համար:

Հարցին` սահմաններում այսօր էլ հանդարտ չէ, հատկապես Նախիջեւանի կողմից հետաքրքիր շարժեր կան, եթե Արցախում հեղափոխական գործընթացներ սկսվեն Ադրբեջանը կարո՞ղ է օգտվել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Դրա համար եմ ասում`Արցախի իշխանությունները լավ հասկանալով, որ իրենց սպառել են, պիտի այդ շռայլությունն իրենց թույլ չտան: Այս գործընթացը հետադարձ չունի, միեւնույն է, պիտի գնա եւ պետք չէ ցնցումների տանել եւ լարել իրավիճակը: Այստեղ պետք է երեւա`այդ մարդիկ այս երկիրը սիրո՞ւմ են, թե`ոչ»: Նա հորդորում է Բակո Սահակյանին գնալ Ուկրաինա եւ վայելել այնտեղի իր հարստությունը. «Թող Արցախում էլ իշխանության գան մաքուր ձեռքերով մարդիկ»:

Հայաստանյան իրադարձությունների արտացոլումը Արցախում բացառելու կոչով այսօր հանդես էր եկել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930