Տավուշցի վարորդները հայտնեցին, որ այսօր՝ հունիսի 3-ին, Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Սարիգյուղ եւ Նոյեմբերյանի տարածաշրջանի Ջուջեւան գյուղում տեղադրված, նախկինում չաշխատող արագաչափերը սկսել են գործել:
Այդ արագաչափերը չէին գործում 2016թ. ապրիլյան պատերազմից հետո: Սարիգյուղ համայնքի ղեկավար Կոմիտաս Էլլարյանն ասաց, որ այդ ժամանակ Տավուշի սահմանամերձ, գնդակոծվող համայնքների բնակիչները բողոքել էին, որ սահմանագոտուց իրենց ընտանիքներն արագ էվակուացնող տավուշցիների ավտոմեքենաների պարագայում սահմանված արագության գերազանցման վերաբերյալ բազում տուգանքներ կարող են գանձել:
Կ. Էլլարյանն ասաց, որ արագաչափը վերագործարկելու առաջարկով ինքը նամակ է ուղարկել ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալին, քանզի արագաչափի հարեւանությամբ Սարիգյուղի դպրոցն է, գործող արագաչափը կնպաստի, որ վարորդներն այդ հատվածում ավտոմեքենաները մեծ արագությամբ չվարեն: Համայնքապետն ասաց, որ մասնագետները 3 օր առաջ Սարիգյուղի արագաչափում լուսանկարող սարքավորում են տեղադրել:
Նոյեմբերյան համայնքի մաս կազմող Ջուջեւանի վարչական ղեկավար Արթուր Չիլինգարյանն ասաց, որ հունիսի 3-ին մասնագետները Ջուջեւանի փոքր-ինչ վնասված արագաչափը նորոգել են:
Անձնական պատճառներով այժմ Երեւանում գտնվող Կ. Էլլարյանը եւ Ջուջեւանում գտնվող Ա. Չիլինգարյանը տեղյակ չէին, որ իրենց գյուղերի արագաչափերն այժմ գործում են:
Տավուշցի վարորդները մեզ դժգոհեցին, որ 2 տարվա ընդմիջումից հետո արագաչափերի գործարկման մասին ոստիկանությունը հայտարարություն չի տարածել, վարորդներն այդ մասին տեղյակ չեն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ