Ստեփանակերտի կենտրոնական փողոցում բողոքի ցույց իրականացնող քաղաքացիներին հանդիպելու էր եկել Արցախի պետական նախարար Արայիկ Հարությունյանը: Նախ ելույթ ունենալով մասնակիցների առջև՝ նա նշել է, որ արդեն մի քանի օր է, ինչ Արցախում սկսվել է մի իրավիճակ, ինչը պայմանավորված է ժողովրդի կողմից արդարացի հիմնավորված բողոքներով:
«Այդ բողոքների հիմքում դրված են Արցախի որոշ պաշտոնյանների թերի գործունեությունը: Մենք ընդունում ենք, որ կան բազմաթիվ չլուծված խնդիրներ և ուզում եմ վստահեցնել ձեզ, որ կա նախագահի հանձնարարականը կառավարության անդամներին և բոլոր մնացած պաշտոնյաներին՝ հաշվի առնել բոլոր արդարացի բողոքներն ու պահանջները և օպերատիվ արձագանքել: Ես ուզում եմ ձեզ բոլորիդ կոչ անել պահել հանդարտություն և որ ոչ մեկ չմտածի, թե մեր երկրում հնարավոր է բաժանել պետականամետների և հակապետականամետների»,- ասաց պետնախարարը:
Ելույթից հետո պետնախարարը բողոքի ցույցը համակարգող մի քանի քաղաքացների հետ շուրջ մեկ ժամ առանձնազրույց է ունեցել, որտեղ ձեռք է բերվել պայմանավորվածություն, և հանդիպում նրանց ու նախագահ Բակո Սահակյանի միջև: Ըստ մեր ունեցած տվյալների՝ նախագահի հետ հանդիպմանը տեղի կունենա վերջնական քննարկում և կլինի իրավիճակի արդյունավետ հանգուցալուծում:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ