Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պարոն Փաշինյան, չէ՞ որ դուք էիք ասում`թռիչքային զարգացում պետք է լինի». Էդուարդ Շարմազանով

Հունիս 03,2018 19:49

ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ընդդիմադիր «Հանրապետական» կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը կառավարության ծրագրում ծրագիր չի տեսել: Հիշեցնենք, կառավարության ծրագիրը խորհրդարանում կքննարկվի հունիսի 7-ի նիստում:

«Այն ավելի հիշեցնում է ցանկությունների, մաղթանքների, բարեմաղթանքների եւ վերջապես կենացների ժողովածու»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը` հավելելով, որ Հայաստանի նոր կառավարիչները դեռեւս շփոթում են իրողությունները. իրենք այլեւս Հանրապետության հրապարակում, հարթակից ելույթ չեն ունենում, այլ պետք է ծրագիր ներկայացնեն`հանրության բարեկեցության եւ առկա խնդիրների լուծման համար եւ կրեն դրա պատասխանատվություն: «Այս ծրագրում, ոչ մի թիվ գրված չէ: Ասում են`աղքատությունը պետք է նվազի. դա բոլորս էլ գիտենք: Բայց ինչքա՞ն պետք է նվազի այս տարվա ընթացքում, ինչպե՞ս պետք է նվազի: Կամ`աշխատատեղեր պետք է ստեղծվեն: Ինչքա՞ն, ե՞րբ, ինչպե՞ս: Թոշակները պետք է ավելանա՞ն, թե`ո՞չ: Ի՞նչ միջոցներից պետք է ավելանան, ի՞նչ միջոցներից չպետք է ավելանան: Աշխատավարձները պե՞տք է ավելանան, թե`ոչ: Ի վերջո, ՀՀԿ-ական կառավարությունը Նիկոլ Փաշինյանին տվել է 7,5 տոկոս տնտեսական աճով երկիր: Հիմա իր կառավարության ծրագրում տարեկան տնտեսական աճի նվազագույն շեմ էլ նշված չէ: Թող ասեն`մեկ տոկոս, 5, 10… Պարոն Փաշինյան, չէ՞ որ դուք էիք ասում`թռիչքային զարգացում պետք է լինի: Դա առնվազն երկնիշ տնտեսական աճն է»,- ասում է մեր զրուցակիցը`հավելելով, որ կառավարության ծագրում չկա հարկեր-ՀՆԱ հարաբերակցության, արտահանման եւ ներմուծման հարաբերակցության մասին տվյալ:

Նոր կառավարության հռչակած տնտեսական զարգացման երեք առաջնահերթությունների`բարձր տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն եւ զբոսաշրջություն, մեր զրուցակիցը համամիտ է, բայց հարց ունի`հանքարդյունաբերությունը հանո՞ւմ ենք կարեւորությունից: Եթե`այո, ապա նկատում է, որ հանքարդյունաբերական ոլորտի հարկերից են գոյանում բյուջետային աշխատողների աշխատավարձերը, կենսաթոշակները, նպաստները. այդ դեպքում ի՞նչ այլընտրանք է առաջարկվում: Կամ`ինչպե՞ս են «հեղափոխական տեմպերով» զարգացնելու գյուղատնտեսությունը: Ինքը մի փորձագետի կարծիք է կարդացել`մեջբերում է. «Արագածի փեշերին արածող կովերը Նիկոլ Փաշինյանի կառավարությանը կրկնակի՞ կաթնատվություն են ապահովելու, հեղափոխությունից հետո: Ո՞րն է հեղափոխական ճանապարհը»: Նույնը`անմշակ գյուղատնտեսական հողերի մշակության մասով. «Բայց ինչպե՞ս, ի՞նչ ճանապարհներով, ի՞նչ միջոցներով: Եթե մշակվեցին այդ ապրանքները ինչպե՞ս են արտահանվելու, ո՞ր երկրներ: Գտել ե՞ք պատճառահետեւանքային կապը, թե ինչո՞ւ մինչեւ հիմա դա չկա»: Էդուարդ Շարմազանովը չի հասկացել նաեւ թե նոր կառավարիչներն ինչպե՞ս են գյուղացիներին շահագրգռելու, որ նորից ետ գնան եւ գյուղում ապրեն:

Իսկ կառավարության ծրագրի զբոսաշրջության հատվածը պարզապես ծիծաղելի է համարում: «Ասում են`թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի վարկանիշը բարձրացել է, մարդիկ կգան Հայաստան: Բա որ չեկա՞ն: Կամ եկան ու հյուրանոցը դուրները չեկավ, կամ ենթակառուցվածքներ մեր երկրում չեղան. ինչպե՞ս է լինելու»,- ասում է մեր զրուցակիցը`կրկին շեշտելով, որ պարոն Փաշինյանն ու իր կառավարությունը այլեւս իշխանություն են եւ պատասխանատու են ու ոչ թե պետք է ասեն`սա վատ է, նա վատ է, այլ պետք է ասեն, թե իրենք ի՞նչ են անում եւ ինչպե՞ս են անում:

Դիտարկմանը, որ նոր կառավարության հիմնական խնդիրը արտահերթ ընտրությունների կազմակերպումն է, մեր զրուցակիցը հակադարձեց. «Հասկացանք, բայց մինչեւ արտահերթ ընտրությունները մարդիկ պատասխաններ են ուզում լսել: Արտահերթ ընտրությունները դեռ բանակցությունների առարկա են`մեկ տարի, երկու, թե երեք: Եթե անգամ մեկ տարի հետո`այդ մեկ տարվա ընթացքում աշխատատեղ պետք չի՞ ստեղծել, գյուղատնտեսությունը պետք չի՞ զարգացնել»:

Նկատեցինք`ծրագրում կարմիր թելի պես անցնում է այն միտքը, որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում իրավիճակ է փոխվել եւ ներդրումների ներհոսք է սպասվում: Էդուարդ Շարմազանովը հակադարձում է. «Նիկոլ Փաշինյանն արդեն մեկ ամիս է՝ վարչապետ է եւ ես դեռ չեմ լսել, որ գոնե մեկը հայտարարի, որ հեղափոխության սիրով եւ հանդուրժողականությամբ լցված`պատրաստ է որեւէ ոլորտում ներդրում կատարել: Կամ`հայերը պետք է վերադառնան… մեկ ամիս անցել է, բա ինչո՞ւ չեն գալիս: Դրա համար եմ ասում`կենացների ժողովածու է, ոչ մի թիվ չկա, անթույլատրելի է որ կառավարության ծրագրում որեւէ թիվ չլինի: Սա նշանակում է պատասխանատվությունից խուսափում: Եվ բավական է`ՀՀԿ-ն վատն է, մյուսը վատն է: ՀՀԿ-ն, որ շատ լավը լիներ, այսօր մենք կլինեինք իշխանության»:

Ի դեպ, մեր զրուցակցին հետաքրքիր է նաեւ, թե ինչպե՞ս է վերաբերվում վարչապետը սեռական փոքրամասնությունների այն քարոզին, որը Հայաստանում արեց հանրահայտ երգիչ Էլթոն Ջոնը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Պարոն Շարմազանովի մօտեցումը շատ կուսակցական է, այս տեսակի բանավէճը կը թողեմ արհեստավարժ քաղաքական գործիչներու:

    Սակայն որպէս դուրսը ապրող եւ մօտ երեսուն տարիներէ ի վեր որպէս իրաւաբան աշխատող անձ, կրնամ հաստատել թէ մասսայական զբօսաշրջիկութեան, ներդրումների յորդառատ ներհոսքի եւ դեռ չգիտեմ ինչ լայնատարած հայրենադարձութեան ակնկալութիւնները՝ պարզապէս երազային են:

    Եթէ այդ թէական, երեւակայական տուեալներին է ապաւինում նոր իշխանութիւնը, երկիրը ոտքի հանելու համար, կատարուած արկածախնդրութեան յանգումը լաւ չի լինելու: Նաեւ վնասակար է այդ բաներին վստահիլ, որովհետեւ այդ կերպով նուազ ջանքեր պիտի թափուին երկրի խնդիրներին իսկական լուծումներ գտնելու եւ կիրառելու համար:

    Դրսից՝ ոչ զբօսաշրջիկը, ոչ դասական սփիւռքահայը կամ արտագաղթած հայաստանցին, ոչ առեւտրականը, ոչ ալ օտար պետութիւնները կրնան որեւէ նշանակալից, բաւարարաչափ բան կատարել, Հայաստանի խնդիրները սրբագրելու համար: Անոնք բոլորն ալ պիտի սպասեն որ, նախ, դուք ներսը ձեր խնդիրները լուծէք, յետոյ միայն իրենք կու գան, կը մասնակցին: Եւ նորմալը դա է – բացի արտագաղթածների պարագային… – : «Դուք էք տէրը ձեր երկրին», չէ՞…

  2. Անի says:

    Այս հարցումները մինչեււ հիմա ինքներդ ձեզ տուել է՞ք,մի անգամ այս խնդիրների մասին մտածել էք որ հանկարծ իմաստունի տեղ էք դրել ձեզ.այնպինի մի երկիր էք դարձրել որ միայն բոլոր փթած համակարքը փոխելը երկար ժամանակ է առնելու.ոչ դուք, ոչ էլ ժողովուրդը մեծ սպասելիքներ պէտք է ունենան որ կարճ ժամանակում երկիրը դրախտ է դառնալու եւ ամեն ինչ շտկւելու է.դա անհնարին է.այն ինչ որ դուք երկար տարիներ չարեցիք, մի օրում կամ մի տարում էլ փոխելը շատ դժուար է լինելու.մենք համբերելու ենք,իսկ դուք կողք քաշուէք ու ձեր բացասական եներկիան հեռու տարէք,ուրիշ ոչ մի բան չենք ուզում…

    • Հ.Շ. says:

      Ճիշդ էք, յառաջիկայ Ընտրութիւնների ժամանակ, առիթը կ’ունենաք զիրենք ամբողջովին անհետացնելու, եւ հաւանաբար այդպէս ալ կը լինի: Միայն թէ, պատրաստուեցէք այդ նոյն առիթով նոր ուժերու գալուստին՝ քաղաքական բեմի վրայ – եւ ուղղակի Ազգային Ժողովի մէջ -, որոնք կրնան նաեւ համբերատար կամ բարեացակամ չլինել, այժմու իշխանութեան նկատմամբ: Եւ անոնց պարագային, դժուար պիտի լինի ասելը թէ՝ մինչեւ հիմա ոչ մի բան չէք ըսած կամ փորձած, երկրի խնդիրները լուծելու համար, ուրեմն հիմա բան չունէք ասելու… Այս, տակաւին գալիք, քաղաքական երկարատեւ անկայունութեան է որ կ’ակնարկեմ, վերեւ, երբ դիտել կու տամ թէ լաւագոյն վարկածով իսկ, դրսից գալիք, արտաքին օժանդակութիւնը լինելու է ըստ էութեան սահմանափակ, աննշան, եւ թէ կարելի չէ վստահիլ անոր: Աւելի յստակ խօսելու համար՝ ինչո՞ւ դուրսի առեւտրականը անսովոր ռիսկը պիտի առնէ տակաւին այդքան անկայուն երկրի մը մէջ փող ներմուծելու, երբ որ ներսը ունիք այդքան մեծահարուստներ: Հայ ծագումով բիզնըսմենի պարագային, նա այդպէս պիտի ընէ հայրենասիրութեա՞մբ… Առեւտուրի մէջ չկայ այդպիսի բան… Եւ հաւանաբար օտար բաժնետէրեր ալ ունի նա… Թէ որ այդ է մղումը, մարդը պիտի նախընտրէ իր նուիրատուութիւնը կատարել, ու վերջ: Ինչպէս որ անում ենք արդէն, կանոնաւորապէս, երեսուն տարիներէ ի վեր – գոնէ 1988ից սկսեալ… – :

  3. Artour says:

    Շարմազանովին հետաքրքրում էր լափի,թալանի ու ատկատների կետը,որոնց մասով իր սեփական կուսակցությունը 20 տարի աշխարհի բացարձակ չեմպիոն էր:Դե հիմա տղամարդ եղեք ու դեմ քվեարկեք:

  4. manvel says:

    կառավարության ծրագիրը հաստատում է ազգային ժողովը կողմ մի քվիարկեք ՀՀԿ-ով և մեզ ազատեք Ձեզանից: առանց կաշառքի տեսնենք ինչքան ձայն կունենաք

  5. մարդամեկ says:

    Որպես նոր ընդիմություն , չի տեսնում ծրագիր , թվեր, Այսինքն ավելի գերադասում է հին հայաստանի «սուտլիկ որսկանը» պատմությունը նոր հայաստանի «շերլոկ հոմսի»ից որը ավելի իրատեսելի է. Ասեմ նաեվ որ զբոսաշջիկը ցանկանում է գնալ մի երկիր որտեղ բոլոր մարդիկ ուրախ են եվ դուխով «նոր հայաստան» եվ այդպիսով իրեն լավ ցգա մարդկանց «հոգեկան»կոնֆորտի մեջ . Իսկ երբ մարդիկ տխուր եվ դժբախտ տեսք ունեն «հին հայաստան»ապա հյուրանոցներով չես կարող զարմացնել եվ զբոսաշրջիկը ժամերը կհաշվի որ փախնի այդտեղից..

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930