Որոտանահայաց ձորակներում, իբրև քարանձավային բավիղների խուրձ, պարպված երեք գյուղատեղիներ են տխրում. մրրկած եկեղեցիներ կան` պաշարված եղինջով ու մոշենով, շիրմաքարեր՝ հին ու նոր, ցաքուցրիվ, հանգավոր ու անհանգ գրերով: Ավերակ շատ տներում ծառեր են աճած, ուր պատսպարված բուի վայունն ալիքվում է հաճախ գիշերվա խավարում: Ձորակներն ի վար այգիներ են. ամայի գյուղերի բնիկներն ընդամենը երեք տասնամյակ առաջ էին ելել վերին տափարակ, գյուղ հիմնել: Նրանց տեսած երազները ցայսօր էլ այնտեղ են՝ ջերմ թոնիրների շուրթին, պաղ աղբյուրների մոտ:
Մեծ գետափի ձորաբերաններին նաև հայանուն ադրբեջանական գյուղեր կային՝ սահմանները քմահաճ գծված այգիների փեշերով, իսկ գետից անդին կապտին է տալիս Հայկաբերդի ցից սապատը: Քիչ ներքևում համբավավոր Լալազարի երկկամար կամուրջն է՝ գիրը քերված:
Բարձրանալով հարթավայր՝ գյուղացիներն իրենց հետ տարան ամեն ինչ՝ թողնելով այնտեղ մրգառատ այգիներ, հուշ ու թախիծ: Սկզբնապես դեռ մարդիկ իջնում, խնամում էին այգիները, բերրի հողից բարիք հանում, հնձաններում մանրահատ խաղող ճմլում, իսկ երբ ժամանակը մաղեց տարեցներին, ձորակները մնացին անտեր, ամայի:
Այնուամենայնիվ, ձորակը տեր ուներ՝ Վարշամը. խորհրդավոր ու իմաստուն մի ծերունի. շատ տարիներ առաջ պապի թարքին նստած, նա եղել էր գետափի հյուրամեծար քիրվաներին այցի ու հաճախ վերադարձել տարատեսակ, ուռենու դալար ճիպոտ-շիվերի մեջ անցկացրած ձկան շարանուկներով ծանրաբեռ:
Ձորակներում նրան պատահած յուրաքանչյուրն էլ անկեղծ, թախանձոտ ու համոզիչ հրավեր էր ստանում՝ հյուրընկալվել իրեն ու վայելել վայրի մեղվի ժայռախոռոչ-ծեփարանի անուշաբույր մեղրի համն ու հացենու կեղևի մեջ խորոված ծնեբեկի մատղաշ ընձյուղների բույրը, հաղորդակից դառնալ նրա հետաքրքրական ու իմաստուն բառուբանին:
Նրա մասին շատ էի լսել, ժամանակին քաղաքի երևելիներից էր՝ գործարանի տնօրեն էր եղել: Մի օր էլ ընկերս, որ նրա վարորդ էր եղել, հետևյալը պատմեց:
-1987 թվականին նոր էի վերադարձել բանակից և աշխատանք էի փնտրում: Ազգականս՝ Վարշամը, ով գործարանի տնօրեն էր, առաջարկեց դառնալ իր վարորդը: Համաձայնեցի:
Հաճախ էինք լինում նրա այգում, շրջում մերձակա տարածքներում, իջնում հին գյուղատեղիները, լինում ադրբեջանցի ծանոթներին հյուր:
Փողը Վարշամի համար արժեք չուներ, նա այն համարում էր զիբիլ: Առավոտ-առավոտ կկանչեր ու կասեր.
-Վահրամ տղա, առ էս զիբիլը, վերցրու երկու պարկ շաքարավազ, երկու արկղ էլ գարուջր գցիր մեքենան, տար Դավութլուի նախագահին: Շաքարավազը մեղուներին կկերակրի: Օխտայից երկու հնդկահավ կառնես, թե կլինի՝ ձուկ էլ բեր, էգուց հյուր ունենք: Հետ կգաս այգով՝ տեսնենս՝ ինչ կա, չկա:
Ու այսպես շարունակ: Դժվար էր նրա տեմպով:
88-ի ապրիլն էր: Կանչեց, թե.
-Առ էս զիբիլը, կարգին դես-դեն կառնես, վաղը գնալու ենք այգով պտտենք: Հաշվապահն ու Սերոբն էլ են գալու: Գնանք մի քիչ միս թշշացնենք, ծուխ անենք, որ իմանան՝ մենք էլի մեր բաղում ենք:
Սումգայիթն արդեն եղել էր, և անհանգիստ էր ամենուր:
Հայացքով ցույց տալով վերջալույսին կարմրատակած ամպերը՝ ասաց.
-Հրեն՝ վաղը լավ օր է անելու:
Իրոք, այդպես էր:
Պարզկա առավոտյան ճամփա ընկանք: Տափարակից անծիր լազուրի մեջ սևին էր տալիս Խուստուփի ժայռեղեն բռունցքը, ճերմակաբաշ Արամազդը, իսկ Իշխան մեծ սարը սուզվում էր կարծես բիլ կապույտի մեջ:
Խորհրդավոր լռությունը դարան թվաց: Վատ կանխազգացում համակեց: Ուղևորներս լուռ էին, համր՝ ձկան պես, ասես բերանները ջուր առած: Տեղ հասանք:
-Ա խե՞ խոսում չեք, ա՛յ ժողովուրդ, տապ եք ըրալ: Դե, երեք, երեք՝ տեսնանք,-ասաց Վարշամը փութաջան: Ասես ճամփին մեզ հետ չէր եղել ու լռել մեզ պես:
-Ճաշից պակաս է երկու ժամ: Մինչև ինչ անեք, ոնց անեք, ես մի քանի ծնեբեկ պոկեմ, գամ:-Ասաց, վերցրեց մահակն ու ծառերը թռուցիկ զննելով՝ հեռացավ:
Անցավ մեկ ժամից ավելի, վերջապես երևաց հեռվում: Մոտենում էր հայհոյանքների և սպառնալիքների տարափով:
-Հո չե՞ս խենթացել, այ մարդ, ի՞նչ է եղել, -գոչեց Սերոբը տագնապած:
-Էի ի՞նչ լինի. Վեց հատ չորս-հինգ տարեկան խնձորենի են արմատահան արել, տարել: Ասաց ու սեղանին նետեց ցանցկեն պայուսակը՝ թափելով պարունակությունը՝ մատղաշ, օձագլուխ ծնեբեկ, կապտավոտ սունկ ու եղինջ:
Գինարբուքին համընթաց՝ ավելի սաստկացավ Վարշամի կատաղությունը: Իսկ երբ տեղավորվեցինք մեքենայում և այն պատրաստ էր շարժվելու, տիրաբար կարգադրեց:
-Դավութլու՛, քշի՛ր Դավութլու: Էսպես որ գնա՝ այգի չի մնա: Հետքերն էնտեղ են տանում:
Փորձեցի հակադրվել՝ անօգուտ:
-Վախենում ե՞ս. որ շեֆն ասում է, քշիր, էլի՜,- ասաց պղտոր հայացքով հաշվապահը: Իսկ Սերոբը գերծանրաբեռ որկորով, լուռ էր, ինչպես կապույտ գետաքար:
Ճանապարհ ընկանք. անբան, նույն քարքարոտ ուղին էր: Մեքենան հնազանդ հաղթահարում էր դար ու փոս: Ոլորանի վրա երկու մեծ քար հայտնվեցին ճանապարհամիջում: Չորսով հազիվ հեռացրինք մեկը, շրջանցեցինք մյուսը և շարունակեցինք ընթանալ: Էլի դեմ առանք մեծ քարերի: Հայհոյախառն անիծեցինք բախտին էլ, քմահաճ քարն էլ, դժվարությամբ ճամփա բացեցինք ու նստեցինք մեքենան:
Գյուղի մատույցներում ուղին ամբողջովին փակված էր արդեն ուղիղ գծով շարված մեծ քարերով: Բոլորս էլ արդեն հասկանում էինք, որ ծուղակ-ուռկանում ենք, բայց չցանկանալով հավատալ, անձայն կրկին իջանք, քարերն աջուձախ արինք, բացեցինք ճանապարհը:
Գյուղ մտնելով՝ շարժվեցինք դեպի գյուղսովետի նախագահի տան կողմը: Քննախույզ, զարմացական հայացքներ նկատեցինք ճանապարհին:
Տեղ հասանք: Տանտերը վերից նկատել էր մեքենան ու նայում էր ակնդետ:
Իջանք: Կարծես չհավատալով աչքերին՝ բնազդաբար առաջ մղվեց ու գրկախառնվեց Վարշամի հետ: Մեզ էլ ձեռք մեկնեց ու հրավիրեց տուն:
-Ի՞նչ խաբար է, ի՞նչ կա, չկա: Ի՞նչ եք անում էստեղ:
Տուն մտանք: Անհանգիստ աչքերով ընդառաջ ելած կնոջը հրահանգեց սեղան բացել: Վարշամը վարժ խոսում էր, ժպտերես հարցեր տալիս, լսում, նորից խոսում: Սերոբն էլ մասնակից դարձավ զրույցին՝ ինքնավստահ արձագանքելով երբեմն-երբեմն: Հաշվապահն ինձ նման անհաղորդ էր ու լուռ, բայց ակնապիշ հետևում էր խոսողների դիմախաղին:
Հին քիրվաները երևի պոկված ծառերի մասին են խոսում, մտածեցի՝ այլևս իսպառ թոթափած տագնապս: Նստեցինք առատ սեղանի շուրջը: Քաղաքավարությունից դրդված, սկսեցի ինձ ուտել ստիպել: Իսկ անձնակազմս, ասես անոթի, ըմբոշխնում էր ուլի եփած միսն ու խմում: Հանկարծ փոքր պատուհանի խիտ, ցանցկեն դարբնած ճաղավանդակից այն կողմ խմբված մարդիկ նկատեցի՝ ձեռքներին եղան, մահակ, երկաթաձողեր: Բոթեցի Վարշամին ու հայացքով ցույց տվի, նա էլ՝ տանտիրոջը: Սա հրահանգեց նստած մնալ: Ելավ, ինքնավստահ դուրս գնաց: Պատուհանից հստակ երևում էր քսանհինգ-երեսուն հոգանոց աղմկող ամբոխը: Ընդառաջ ելած գյուղսովետի նախագահին՝ աջից-ձախից ճղղոցով, իրար ընդհատելով, ձեռքի ցուցական շարժումներով վրա տվեցին: Նա սկզբից մի պահ ընկրկեց, ապա ձեռքի ջղաձիգ շարժումով պահանջեց սպասել, իսկ ինքը ներս եկավ:
-Գործերը վատ են,-ասաց հևալով,-չպիտի գայիք: Ասացի, որ բարեկամներ եք, ղոնաղ եք եկել, քիչ հետո պիտի գնաք: Ի՞նչ գնալ՝ հոխորտացին, գնալ չկա, դրանք լրտեսներ են, պիտի ձերբակալվեն,-ասաց վհատ, անհույս տոնով:
-Պահանջում են, որ դուրս գաք, ասեք՝ ովքեր եք: Հորդորեց համբերատար լինել ու խոստացավ մի բան անել: Դուրս ելանք: Կատաղի հայացքով մարդկային ամբոխը խլրտաց: Տանտերն այս անգամ ավելի վճռական, զայրացկոտ տոնով փորձում էր համոզել. մին մահակը զարկում էր գետնին, ոմանց կտրուկ գոռոցով սաստում, մին համբերատար բացատրում: Գազազած ամբոխը մի պահ հանդարտվեց: Ավելի մեղմ տոնով կրկին խոսեց ու շրջվելով Վարշամին՝ ինչ-որ բան ասաց: Գունատ հայացքով Վարշամն ինձ հրահանգեց մեքենան ընթացքի բերել ու հետ տալ: Մոլոր, անվստահ նստեցի, միացրի շարժիչը: Ամբոխը մոլեգնեց: Տանտերը մահակը բազկի ողջ զորությամբ զարկեց գետնին ու գոռալով, ձեռքի կտրուկ շարժումով պահանջեց մեքենան հետ քշել: Ամբոխն ընկրկեց: Հռնդաց շարժիչը, ու մեքենան պոկվեց տեղից: Նույն ակնթարթին հոգեդարձի պես սփրթնած հաշվապահը, ով մինչ այդ սարսափից ծպտուն չէր հանել, ծղրտաց.
-Հո՜փ, հո՜փ:
Արգելակեցի: Բնազդաբար բացեցի մեքենայի դուռը ու հետ նայեցի: Անվադողից մի քանի սանտիմետրի վրա մարդ էր պառկած՝ խոչընդոտելու համար մեքենայի ընթացքը: Բան չէր մնացել՝ տրորեի … ու կտրորվեինք: Այլևս հուսահատ, Վարշամը դիմեց քիրվային1 . ասաց, որ իրենք կմնան, միայն թե բաց թողնեն նոր ամուսնացածիս: Մինչ մտածում էր հյուրընկալն առաջարկի մասին, Սերոբն ընդդիմանալով նետեց.
-Եթե մենք մնում ենք, թող ինքն էլ մնա:
Թուրքն էլ հասկացավ նրա խոսքի իմաստը, և դա երևաց նրա զարմացական, խեթ հայացքից: Չքննարկվեց:
Հռնդոց լսվեց. Կուբաթլիի կողմից ուրվագծվեցին երկու բեռնատարներ: Ռեակտիվ ինքնաթիռի հետագծի նման՝ փոշու հսկայական պոչով՝ գալիս են, ո՜նց են գալիս: Մոտեցան, յուրաքանչյուրի թափքում՝ տասը-տասնհինգ տղամարդ՝ զինված որսորդական հրացաններով, երկաթե ձողերով, եղաններով ու մահակներով (երբ մենք գյուղ ենք մտել, ինչ-որ մեկը զանգահարել է Կուբաթլի, թե հայերը եկել են. սրանք էլ շտապել են օգնության):
Երբ մոտեցան, մերը մեզ տվեց, ինչպես մեր կողմերում են ասում: Երկու երիտասարդ թռան թափքից, իջեցրին թափքի հետնադուռը և, իրար հրմշտելով, դուրս թափվեցին: Մեզ հյուրընկալողն ընդառաջ ելավ: Բարձրագոչ սաստումով կասեցրեց ամբոխին ու սկսեց բացատրել, որ մենք թշնամական մտադրությամբ չենք այստեղ, որ իր հյուրերն ենք ու պիտի գնանք: Նրանց միջից առանձնացավ սև կոստյումով մեկը՝ քաղաքաբնակի հագուկապով ու շարժուձևով: Մոտեցավ ինձ: Ոմանք մոտեցան Վարշամին: Հին ծանոթներ էին, սկսեցին խոսել: Անգամ երեք-չորս հոգի էլ Սերոբին ճանաչեցին: Բարեկամաբար ձեռք սեղմեցին ու սկսեցին զրուցել: Սև կոստյումով տղամարդը հարցրեց անունս՝ անընդհատ ձեռքը խոթել-հանելով կողատակը: Ահը պարուրել էր ինձ, բերանս չորացել, լեզուս կպել քիմքիս:
-Ի՞նչ է ձեր ուզածը,-ասաց սպառնալից:
-Ոչ մի բան, մարդ ենք, մեր ծանոթին հյուր ենք եկել՝ գնանք:
-Չէ, դա չեմ ասում, ընդհանրապես: Էս շարժումը որ սկսել եք, ձեր ուզածն ի՞նչ է: Ղարաբաղ եք ուզում, բան եք անում: Որ էսօր ես այստեղ եմ, ձեր պատճառով է: Սումգայիթից եմ վեր կացել, եկել,-ասաց՝ ձեռքը նորից խոթելով փեշի տակ:
-Էս ստացած վերքիս պատասխանն ո՞վ է տալու: Դուք էսպես չանեիք, ես Սումգայիթից չէի փախչի ու գայի: Ո՞րն է ձեր բողոքը,-շարունակեց: -Հայրս և՛ Սումգայիթում տուն ունի, և՛ Կիրովաբադում,-էսպես պատմում էր ու թե՝ արի՝ Կիրովաբադում իմ տունն էլ տես, Սումգայիթում իմ տունն էլ տես, հայերի տներն էլ տես. մերը՝ մի հարկանի, ձերը՝ երկհարկանի: Մեր դռանը՝ մեկ մեքենա, հայի դռանը՝ երկու մեքենա: Դուք շա՜տ լավ էիք ապրում և իզուր եք բողոքում: Ղարաբաղը ձեր ինչի՞ն է պետք,-շարունակեց նույն՝ սպառնական տոնով:
-Եղբայր, մենք դրա համար չենք եկել, մենք բարեկամ մարդիկ ենք,-փորձեցի կասեցնել մթնոլորտի ավելի շիկացումը:
Լսվեց ավտոմեքենաների մոտեցող ձայն: Միլիցիան էր: Մեքենայից ծանրորեն դուրս հրվեցին աժդահա մի կապիտան ու մի երիտասարդ լեյտենանտ: Ողջ գյուղն արդեն հավաքվել էր:
Պապս հյուսն էր՝ ձորագյուղերում հայտնի վարպետ: Շատերի տանն է աշխատել, շատերին լավություն արել, շատերի հետ էր քիրվայություն արել: Հետաքրքրված գյուղացիներից մեկը, ով ճանաչում էր հարևան հայկական գյուղերի բոլոր երևելիներին, հարցուփորձով Սերոբից իմանում է ով լինելս: Մարդը՝ պապիս վաղեմի բարեկամը, մոտենում է ինձ՝ փրփուրից կախվածիս ու հարցնում.
-Ու՞մ թոռն ես:
-Տերտերանց Թևոսի,-պատասխանում եմ հուսահատ:
-Ու՞մ, Թևոսի՞,-ցածրաձայն ճչաց, գրկեց ու պաչպչեց համագյուղացիների զարմացական-խեթ հայացքների ներքո: Այդ մարդուն ես մի տասն անգամ տեսել էի պապիս հարկի տակ: Երկնային հրեշտակ թվաց նա, հույսս կրկին կայծկլտաց: Հորդորեց իր կողքից չհեռանալ: Միլիցիայի աշխատակիցները քայլեցին մոտիկ գտնվող քարանձավում տեղակայված՝ ինչպես իրենք էին ասում՝ կանցիլար-շտաբը, որ մեծ, անմշակ ժայռակողերով անասնագոմ էր եղել: Կարմիր շորով ծածկված սեղանին հնաոճ հեռախոս կար ընդամենը՝ պտտեցվող բռնակով: Գեր կապիտանը նստեց սեղանի գլխին: Կանգնած ենք նրա առաջ՝ հուսաբեկ, մռայլ, մթնկա ձորի պես: Ներս մտան մի քանի հոգի ևս՝ առավել ազդեցիկները նրանց միջից: Արդեն մութն ընկել էր: Քարայրի մուտքը բռնած ամբոխը գվվում էր խուլ: Պահապան հրեշտակս կանգնած էր մոտս՝ շուրջբոլորը զննելով խուզարկու հայացքով: Հաստաբեղ, աժդահա կապիտանը որոտաց, ասես քարատակը կիսաքանդ եղավ.
-Պատմե՛ք, պատմեք տեսնեմ մեր հողում ի՞նչ եք անում, ա՛յ արնախումներ-, ասաց՝ հայացքն ուղղելով Վարշամին:
-Ես գործարանի տնօրեն եմ,-ասաց դեպի կապիտանն առաջացող Վարշամը:
-Դու այժմ դիրեկտոր չես, դիրեկտոր-միրեկտոր չգիտեմ. դու հիմա գերի ես,- հոխորտաց ահեղաձայն, քրքջաց ու շարունակեց տիրական.
-Դուք հիմա թուրք եք սպանում, էս եք անում, էն եք անում:
Վարշամն առարկեց.
-Ի՞նչ սպանել, մենք բարեկամներ ենք:
-Բարեկամներ եղել ենք: Ինչո՞վ եք եկել:
-Մեքենայով:
-Ո՞ւր է մեքենան, քշեք այստեղ:
Լեյտենանտի ուղեկցությամբ մեքենան հասցրինք շտաբի մոտ: Ներս մտանք: Կապիտանը պահանջեց բանալիները: Հանձնեցի: Վարշամին հարցաքննեցին, պրծան, հերթը հասավ ինձ:
-Մո՛տ արի, լակո՛տ,-մռլտաց ու խեթեց ինձ:
-Ես լակոտ չե՛մ:
Շան որդին մեր հայհոյեց:
Ծանոթ ծերունու ոգեշնչումից, թե բնազդաբար, անկախ ինձանից, դուրս թռավ բերանիցս.
-Ես էլ՝ քո՛:
Աննկարագրելի կատաղությամբ ճիվաղը ծառս եղավ, արջի հսկայական թաթը վրա բերեց; Փակեցի աչքերս: Ահարկու չմփոց լսվեց, բայց … հարվածն ինձ չէր դիպել. պապիս ծանոթն էր. ծերունին իր վրա էր վերցրել հարվածը… Բացեցի աչքերս: Ազնվական մարդը, կուրծքը դեմ տված, անհողդողդ գոռում-ընդդիմանում էր: Շիկացած մթնոլորտը կոչերով հանդարտվեց: Ոչ մի երիտասարդ չմիջամտեց: Երբ մեծերը խոսում են, նրանք ձայն չունեն: Արևելքում մարդկանց պատիվը բարձրանում է, ինչպես ասվել է, տարիքի հետ համընթաց:
-Չէ, որ՝ չէ, ձեզ պիտի տանեմ Կուբաթլի,-ասաց ու ոտքի կանգնեց կապիտանը:
Եթե տանեին էլ, հաստատ, հետ չէինք գալու: Հենց այդ պահին հեռախոսը զնգաց: Կուբաթլիի շտաբից էր: Կապիտանը տիրական վերցրեց հեռախոսը և սկսեց դղրդալով խոսել՝ ամենայն հավանականությամբ ներկայացնելով իրադրությունը: Նա խոսքում մի քանի անգամ Նաջափ անունն օգտագործեց: Խոսքադադարին Վարշամը համարձակ ասաց, որ Նաջափն իր բարեկամն է, և խնդրում է, որ նա գա այստեղ: Մի պահ աժդահան սևեռուն նայեց Վարշամին և փոխանցեց նրա խոսքը: Այնտեղից հրահանգ ստանալով՝ գլխով արեց ու կախեց լսափողը:
Նաջափը գալիս է… այս անունը մոգական ազդեցություն էր թողել: Կրքերը հանդարտվեցին: սպասում ենք: Չանցած մեկ ժամ, երևաց Նաջափի կուզ ՈՒԱԶ-ը: Վարշամը քնքշագին շշնջաց ականջիս.
-Ապրեցինք, մատա՛ղ:
Մեքենայից դուրս եկավ միջահասակ մի մարդ: Բոլորը սսկվեցին: Երբեք չեմ տեսել մարդկային հմայքի և հեղինակության այդպիսի ազդեցիկ, զորավոր ուժ: Առաջկտրուկ անելով՝ մարդիկ մղվեցին ձեռքը սեղմելու: Լռության մեջ լսելի էր վարար գետի հառաչը: Նկատելով Վարշամին՝ Նաջափն առաջ մղվեց, թափով գրկեց ու համբուրեց: Դեմքին ակնհայտ էր հուզմունքը: Բոլորը, այդ թվում և արձանացած իրավապահը, լուռ դիտում էին: Նաջափը կանչեց կապիտանին, ու առանձնացան: Կապիտանն ընդամենը տմբտմբացնում էր գլուխը հնազանդ, իսկ նրա զրուցակիցը խոսում էր տիրաբար ու վստահ: Մտան շտաբ, զանգեցին Կուբաթլի, խոսեցին, դուրս եկան: Նորից կապիտանին Նաջափն ինչ-որ բան ասաց: Կրկին մտան քարայր-շտաբ: Սերոբին հարցրի՝ ի՞նչ են խոսում:
-Վարշամի բարեկամը չի կարողանում համոզել կենտրոնական շտաբի մարդկանց, որ մեզ բաց թողնեն:
Նաջափը ցասումնալից գոռում էր լսափողում, համոզում, սպառնում: Ասում էր, որ արյուն կթափվի, թե այս մարդիկ՝ բարեկամ ու հացընկեր, ողջ ու առողջ հետ չգնան:
Արդեն մութ գիշեր էր: Ամբոխը նոսրացել էր:
Երկու ժամից ավելի էր, ինչ Նաջափը ժամանել էր. նա մոտեցավ, թե մեքենան ընթացքի բեր: Ասացի, որ բանալիներն առգրավել են:
-Ինչպես կարո՛ղ ես, մի բան արա, մեքենան ընթացքի բեր:
Բոլորը համակերպվել էին իրավիճակին: Նաջափը վերջապես համոզել էր՝
պատասխանատվությունը վերցնելով իր վրա:
Բացեցի լարերը, միացումը տվի ու գործարկեցի շարժիչը:
-Նստեցե՛ք մեքենան,-հրամայեց:
Պապանձված հաշվապահն ու Սերոբը նետվեցին խցիկը: Պապիս ծանոթն ուրախ մոտեցավ, գրկեց, համբուրեց ու բարևներ փոխանցեց մերոնց: Սերոբն ուրախ գոչեց.
-Փրկվեցի՜նք:
Շարժվում ենք դեպի Որոտան բնակավայր: Հասանք գյուղից քիչ վերևում գտնվող երկաթե նեղ կամրջին: Անցանք ու կանգնեցինք: Մոտեցավ Նաջափի՝ մեզ ուղեկցող մեքենան: Իջավ, կրկին ջերմագին գրկեց, համբուրեց Վարշամին ու ասաց.
-Ախպեր ես, ախպոր տղա ես: Քեզ աշխարհի չափ հարգում եմ: Չգիտեմ՝ էլի կհանդիպե՞նք, թե՝ չէ: Այգիներն էլ մոռացիր, էս տեղերն էլ՝ մինչև չխաղաղվի:
Ձեռքով ցույց տալով Կուբաթլիի կողմը՝ շարունակեց:
-Չգիտեմ, թե էնտեղ ինչպես են վարվելու ինձ հետ: Էլ մի կանգնե՛ք, գնացե՛ք,-ասաց հուզական ելևէջով:
Հրաժեշտ տվինք, նետվեցինք մեքենան ու քարքարոտ ճանապարհով սլացանք դեպի փրկության ափը: Չհասած Գորիս-Կապան՝ սահմանային ավտոմայրուղուն, երկու բեռնատարներ ելան ընդառաջ: Ազդանշան տվին՝ կանգնե՛լ: Կրկին ահը վրա տվեց: Կանգնեցինք: Հայկական պետհամարանիշներով էին բեռնատարները՝ Սիսիանի շրջանի ՆԳ բաժնի աշխատակիցների ուղեկցությամբ: Թափքում հեռացող մարդիկ էին շրջակայքի ադրբեջանաբնակ գյուղերի բնակիչներ՝ կահ-կարասիներով ծանրաբեռ: Նրանց հասցրել էին սահմանագլուխ…
Կեսգիշերն անց էր, երբ հասանք տուն:
Ամիսներ անցան: Սահմանային լարվածությունը մեծացավ. Բախումներն ու առևանգումները հաճախացան:
Մի օր Վարշամն ասաց, թե լուրեր են պտտվում, որ Նաջափը գերևարվել է: Այն օրերին սահմանակից շրջանների ղեկավարությունը մշտական կապի մեջ էր, բայց ստույգ տեղեկություն չկար: Օրեր անց պարզ դարձավ, որ Նաջափն իր վարորդի հետ զոհվել է սահմանային ընդհարման ժամանակ, անտառամերձ մի վայրում: ՆԳ աշխատակիցներն աճյունները տեղափոխում են հիվանդանոց և պատրաստվում հանձնման:
Իմանալով այդ մասին՝ Վարշամը, որպես մարդկային վսեմ երախտիքի տուրք, թույլտվություն է կորզում՝ սպանվածներին կոստյում, շապիկ ու կոշիկ հագցնելով պատշաճ տեսքի է բերում հանձնվող արժանապատիվ խլյակներին:
Որպես սև բիծ կենսագրության մեջ, այդ օրը դառնում է Վարշամի կարիերայի մայրամուտի սկիզբը:
Վարդան ՍԱՐԳՍՅԱՆ
«… Ավերակ շատ տներում ծառեր են աճած, ուր պատսպարված բուի վայունն ալիքվում է հաճախ գիշերվա խավարում»:
Ի՞նչ է սա: Եվ ընդհանրապես կարդու՞մ եք, հետո տպագրում, թե ով ինչ հիմարություն գրում է, հրապարակում եք:
Հարգելի Լուսինե, ի՞նչն է հիմարություն, թույլ տվեք հարցնել: Շատ էլ լավ պատմվածք է, ավելին, այդ թեմայով արտահայտվելը քաղաքացիական սխրանք է: