Կառավարության ծրագրի մի առանձին բաժին վերաբերում է քաղաքացիների արժանապատվության և երջանկության զգացողության վերականգնմանը: Այս համատեքստում է դիտարկված սոցիալական ապահովությունը։ Գերակա է հռչակված բնակչության կենսամակարդակի էական բարելավումը, զբաղվածության շարունակական աճը, կենսաթոշակների և աշխատավարձերի իրական աճը, բևեռացման մեղմումը, աղքատություն ծնող ռիսկերի դեմ կանխարգելիչ գործունեությունը։
Կառավարությունում գտնում են, որ «թավշյա, ժողովրդական հեղափոխությունը տնտեսական և ներդրումային դրական սպասումներ է առաջացրել»: «Քաղաքական կայունության պահպանման պայմաններում դրական սպասումները մեծ հավանականությամբ վեր են ածվելու ներդրումային հոսքի և կառավարությունը մտադիր է ներդրումները ուղղորդել դեպի մարզեր և քաջալերել առավել մեծ թվով նոր աշխատատեղեր ստեղծելուն միտված ներդրումները. անհրաժեշտ է կատարելագործել գոտիական հարկային քաղաքականությունը»,- ամրագրված է կառավարության ծրագրում։
Կառավարությունը շարունակում է հանդես գալ սեփականության և ներդրումների անձեռնմխելիության երաշխավորի դերում, նաեւ հոգ է տանելու սոցիալապես անապահով և խոցելի խմբերի մասին: Խոստանում են`սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերվող օգնության, ըստ ծրագրի, ավելի հասցեական, արդարացի, արդյունավետ դարձնել: Դիտարկվելու է ոլորտային սերտիֆիկատների համակարգի ներդրման նպատակահարմարությունը: «Էականորեն վերանայվելու են կենսաթոշակների սկզբունքները՝ այդ թվում դիտարկելով կենսաթոշակային համակարգի բարեփոխումների նպատակահարմարությունը։ Կառավարությունը ծնելիության խրախուսման և բազմազավակ ընտանիքների սոցիալական աջակցության արդյունավետության բարձրացմանն համար իրականացնելու է արագ և արդյունավետ միջոցառումների իրականացում, մասնավորապես ավելանալու են երեխայի ծննդյան նպաստները, բազմազավակ ընտանիքներին տրամադրվող արտոնությունները և օժանդակությունները»,-ամրագրված է կառավարության ծրագրում:
2018թ լրանում է 1988թ երկրաշարժի 30-րդ տարելիցը. ՀՀ նոր կառավարությունում ամոթալի իրողություն են համարում այն, որ մինչ այժմ մի քանի հազար ընտանիքներ տնակներում են բնակվում: Ուստի. «Կառավարությունը սկսելու է ծրագիր՝ պետություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության շնորհիվ առավելագույնս սեղմ ժամկետներում բնակարաններով ապահովելով երկրաշարժի հետևանքով բնակարանային կարիք ունեցող ընտանիքներին»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ