«Կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի պետական հիմնարկներում եւ մասնավոր ընկերություններում քաղաքացիների սպասարկման մակարդակը էականորեն եւ շարունակաբար բարձրացնելու ուղղությամբ»,- սա խոստանում են ՀՀ նորագույն կառավարիչները` նախօրեին հրապարակված ծրագրում։
Ծրագրի`«Ազատ, արժանապատիվ, երջանիկ քաղաքացի» բաժնի` Օրենքի առջև բոլորի հավասարություն, արդարադատություն և մարդու իրավունքների պաշտպանություն, ենթաբաժնում այսպիսի ամրագրում էլ կա. «Պետական հիմնարկների եւ մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների եւ քաղաքացիների շփման մշակույթը էականորեն պետք է բարելավվի։ Միմյանց նկատմամբ հարգալից լինելու, հերթ կանգնելու մշակույթը պետք է արմատավորվի հետևողական քաղաքականության արդյունքում»։
Մինչ այդ, կառավարությունը խոստանում է արդարության վերականգնման քայլեր, խոսք կա նաեւ քաղաքացիական գիտակցության եւ քաղաքացիական վերահսկողության բարձրացման մասին:
Ներքին անվտանգության ապահովման իմաստով կառավարությունը կարևորում է նաև իրավապահ մարմինների աշխատանքի նկատմամբ հանրային վերահսկողությունը։ «Այս իմաստով հարկավոր է միջնաժամկետ հեռանկարում քննարկել ՀՀ ոստիկանության կարգավիճակի փոփոխության հարցը, նրա գործունեությունը ավելի լայն հանրային և խորհրդարանական վերահսկողության տակ դնելու համար»,- ասված է ծրագրում։
Ծրագրի մի ստվար հատված վերաբերվում է կոռուպցիայի դեմ պայքարին: Գրված է, որ այդ հարցում վճռական են լինելու` փոխզսպումների և հակակշիռների սկզբունքի կիրարկման միջոցով, իրապես գործարկվելու են գործող օրենսդրական կարգավորումները և մարմինները, նոր գործիքակազմ է ներդրվելու։ «Այս առումով էական նշանակություն կարող է ունենալ մասնագիտացված, անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը, որը ոչ միայն հնարավորություն կունենա իրականացնել մշտադիտարկում, վերահսկողություն և ուսումնասիրություններ, այլև օժտված կլինի օպերատիվ-հետախուզական, հետաքննական և նախաքննական գործառույթներ իրականացնելու իրավասությամբ։ Ստեղծվելիք մարմնին կվերապահվի կոռուպցիոն իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը»,- ասված է ծրագրում:
Խոստանում են բարձրացնել Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների կոմիտեի վստահելիության մակարդակը՝ «այս համակարգերում կոռուպցիայի բացառման, քաղաքացիների հետ նրանց հարաբերվելու մշակույթի բարձրացման, ինչպես նաև քաղաքացիներին տուգանելու և հետապնդելու նպատակադրման բացառման միջոցով»:
Հանրության, հատկապես երիտասարդության շրջանակներից հետևողականորեն արմատախիլ են անելու «այսպես կոչված գողական, քրեածին մտածելակերպի մնացուկները»: «Կառավարությունը հստակ խնդիր է առաջադրում, որ ոչ հրապարակային, այսպես ասած ստվերային հանրային կյանքում գերիշխող տեսակը պետք է լինի ոչ թե քրեածին տարրը, այլ օրինապաշտ, ինտելեկտուալ, ուրիշների նկատմամբ հարգալից վերաբերմունք ունեցող, սեփական և ուրիշների իրավունքները իմացող և հարգող Քաղաքացին, ով ճանաչում է հանրային անվտանգության ապահովման հարցում իր պարտականությունները և պատրաստ է համագործակցել իրավապահ մարմինների հետ»,- ասված է ծրագրում։
Նոր կառավարությունը ներդնելու է «բռնությունից զերծ հանրության» հայեցակարգը. «Կառավարությունը մտադիր է միջոցներ ձեռնարկել ընտանեկան, քաղաքական, տնտեսական, հանրային հարցերում բռնության բացառման շուրջ հանրային համաձայնության հասնելու ուղղությամբ։ Սա այն ճանապարհն է, որը հնարավորություն կտա հասնել ներքին անվտանգության և հանրային համերաշխության անհամեմատ ավելի բարձր աստիճանի եւ թույլ կտա քաղաքական գործունեության հետ առնչվող գործերով բանտերում հայտնված գործիչներին ազատ արձակել եւ հասնել հանրային համերաշխության առավել բարձր մակարդակի։ Այս համաձայնությունը, սակայն չի կարող մեկնաբանվել որպես հանրային և ազգային անվտանգության ապահովման անհրաժեշտությունից ելնելով՝ օրենքով սահմանված կարգով և դեպքերում իրավապահ մարմինների կողմից ուժի կիրառման բացառում»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ