Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր է մշակույթի Շանթ Հարությունյանը

Հունիս 03,2018 14:38

«Երանի հագիդ վերնաշապկին»՝ այս բանաստեղծությունը մեկը (այժմ՝ լուսահոգի) ժամանակին նվիրել է «վադալազկայով» մշակույթի մարդկանց հետ Ծաղկաձորում հանդիպման եկած Ռոբերտ Քոչարյանին: Ավելի ուշ նույն բանաստեղծությունը նույն մարդու կողմից վերաձոնվել է Հայաստան եկած Պաուլո Կոլելիոյին:

Մշակույթի մարդիկ (չնչին բացառություններով), միշտ էլ դիֆերամբներ են նվիրել  նախագահներին, վարչապետերին, նախարարներին, հնարավոր բոլորին, ումից կարող են ինչ-որ բան «պոկել»՝ կոչում, աշխատատեղ, արտոնյալ պայմաններով գործելու հնարավորություն… Իրենք իներցիայով համ մահակ են ուզում, համ էլ բլիթ: Սովոր չեն իրենց գլխի տերը լինելու:

Նրանք չեն փոխվում, հիմա՝  նույնպես: Մեծամասնությունը գործում է՝ «Բոլորի հերն անիծած, կարեւորը ես լավ լինեմ» սկզբունքով: Հիասթափություն ապրեցի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, եւ օրերս մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ մշակույթի գործիչների հանդիպմանը ՝  նրանց հնչեցված հարցերից…

Ինձ փող տվեք, գործ տվեք, երեխայիս վարձը օգնեք վճարեմ, ինձ խորհրդական նշանակեք, ինչ էլ տաք, օգուտ է…. Նման որակի անհեթեթ հարցեր բարձրաձայնվեցին: Մեկն, օրինակ, մշակույթի նախարարին, առաջարկում էր մշակութային ԱԱԾ ստեղծել, մյուսը իր բարեկամի համար էր բարեխոսում:

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ մի կին առաջարկում էր իրենց կցել օլիգարխներին, ասում էր՝ լսել է, որ եվրոպական երկրներում, բայց չգիտի թե կոնկրետ ո՞ր, մշակույթի գործիչներին երկրի ղեկավարները «կցում» են օլիգարխներին, որ նրանց պահեն ու իրենք ստիպված չլինեն գիշերային ակումբներում եւ այլ հաստատություններում հանդես գալ…

Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի մշտական հովանավորությունը վայելած Միքայել Պողոսյանն, օրինակ, Նիկոլ Փաշինյանին դուր գալու համար հատուկ բեմադրված ելույթ ունեցավ՝ «Սա երա՞զ է, թե իրականություն» գոչելով, անգամ իր ֆիլմի հերոսին էր հետը բերել, հատուկ այդ հանդիպման օրվա համար նախատեսած «ներկայացման» մեջ իր խաղն ավելի համոզիչ դարձնելու նպատակով: Ահա այսպիսին են մշակույթի գործիչները…

Ցավոք, չհնչեց որեւէ ոչ անձնական առաջարկ, չհաշված մեկ-երկուսը, մարդիկ հիմնականում մեծապատիվ մուրացկանների կերպարի մեջ էին: Ես չտեսա մշակութային գործիչների Շանթ Հարությունյանին, քաղաքացուն, որն իր անձը ստորադասելով, անգամ բանտից է այլոց մասին բարձրաձայնում… Սիրեք էլի հայրենիքը՝ առանձ ձեզ շեշտադրելու, պարտադի՞ր է՝  այդ ժամանակվա վարչապետի կամ նախագահի գլխարկն ու «վադալազկան» լինեք: Ե՞րբ է ձեզանից շատերի մեջ արթնանալու քաղաքացին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հ.Գ. Հատուկ  հարգանք ունեմ  անհատականությունների, լայնախոհների ու ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ հանդեպ: Գրառումս, բնականաբար, ձեզ չի ուղղված:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930