Վերջերս պատահաբար սուպերմարկետներից մեկում հանդիպեցի թարմ եղեսպակ (шальфей), ինչն այնքան էլ հաճախ չի հանդիպում մեզ մոտ, եւ, բնականաբար, գնեցի: Ու անմիջապես հիշեցի Իտալիայում իմ համտեսած ամենահամեղ ուտեստներից մեկը` saltimbocca a la Romana-ն, որն իտալերենից թարգմանում են այսպես` թռիր բերանիս մեջ, այս դեպքում` հռոմեական ձեւով:
Այս ուտեստի համար անհրաժեշտ է հորթի փափուկ, լավ ծեծվող միս, որը որոշ դեպքերում փոխարինում են հավի եւ խոզի մսով: Հորթի միս գնելը բավականին բարդ էր, այնպես որ` բավարարվեցի հավի կրծքամսով: Արդյունքը հրաշալի էր, այդ պատճառով առաջարկում եմ հենց այդ տարբերակը:
Անհրաժեշտ մթերքները
Հավի կրծքամիս- 3 կտոր
Ապխտած միս- 3-6 բարակ շերտ (օրիգինալում պարմյան պրոշուտոն է` Պարմայի մոտակայքում պատրաստված դելիկատես` խոզի հումապխտած ազդր, որը կարելի է փոխարինել ինչպես իսպանական խամոնով, ֆրանսիական ժամբոնով, որեւէ այլ հում ապխտած բեկոնով, այնպես էլ, ծայրահեղ դեպքում, «պաշինայով»)
Եղեսպակի տերեւ- 3-6 հատ
Ձիթապտղի յուղ-3 ճաշի գդալ
Կարագ- 1 ճաշի գդալ
Սպիտակ գինի- 50 մլ
Աղ, սեւ պղպեղ` ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը (եթե ձեր բախտը բերի եւ գտնեք հորթի կամ ծայրահեղ դեպքում խոզի ֆիլե` կարող եք դրանցով պատրաստել, կարեւորը, որ բոլորովին ջլոտ չլինի, լանգետի համար նախատեսված նուրբ միս լինի) լվացեք, ազատեք ավելորդ ջլերից, յուղերից: Եթե ոսկորով եւ կաշին վրան է` հեռացրեք նաեւ դրանք: Կարող եք չգցել, պահեք սառցախցիկում, հարկ եղած դեպքում հավի արգանակ կպատրաստեք:
Այնուհետեւ «բացեք» կրծքամիսը: Դրա համար պետք է շատ սուր դանակով կտրել մի կողքից այնպես, որ այն գրքի պես բացվի: (Տես` լուսանկարում): Այդպես կրծքամիսը ավելի մեծ մակերես է ստանում եւ բարակում է, ինչի արդյունքում` ավելի արագ է եփվում:
Բացելուց հետո ծածկեք պոլիէթիլենե թաղանթով, կամ դրեք սննդային տոպրակների մեջ եւ լավ ծեծեք գրտնակով կամ թակիչով:
Կրծքամսի վրա աղ եւ սեւ պղպեղ արեք` երկու կողմից, թողեք 10-15 րոպե սենյակային ջերմաստիճանում, կամ, հարկ եղած դեպքում` մինչեւ 24 ժամ` սառնարանում:
Յուրաքանչյուր կտորի վրա դրեք ապխտած միսը (լուսանկարներում կարող եք տեսնել երկու տարբերակով` մի դեպքում ֆրանսիական ժամբոնով եմ ծածկել` խոզի հումապխտած ազդրով, մյուս դեպքում`«պաշինայով», ասեմ, որ երկու դեպքում էլ` շատ համեղ էր, համերի տարբերությունն էական չէր) այնպես, որ ամբողջությամբ ծածկի հավի կրծքամիսը, դրա վրա էլ դրեք եղեսպակի տերեւ`1-2 հատ` կախված կրծքամսի չափից: Փոքրիկ փայտիկներով ամրացրեք եղեսպակի տերեւն ու ապխտած միսը հավի կրծքամսին:
Թավայի մեջ լցրեք ձիթապտղի յուղն ու կարագը, տաքացրեք: Սալտիմբոկաները դրեք թավայի մեջ եւ տապակեք երկու կողմից: Կոնկրետ հավի պարագայում, քանի որ շատ բարակ է միսը ստացվում, ամեն կողմից 2-3 րոպեն լրիվ բավարար է: Երբ միսը պատրաստ լինի` դրեք մի կողմ, իսկ թավայի մեջ լցրեք սպիտակ գինին, լավ խառնեք, եւ պատրաստի թանձրուկը լցրեք սալտիմբոկայի վրա եւ մատուցեք:
Կարող եք մատուցել բրնձի, կարտոֆիլի կամ այլ բանջարեղենների հետ:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ
Hi what is the name of the supermarket. You bought the sage . Thank you
Hi, it was Parma. But sometimes I notice the sage also in Sas and even in Komitas’s Yerevan City.