Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է խոստանում եւ ինչ չի խոստանում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը

Հունիս 03,2018 10:38

Նախօրեին Հայաստանում թավշյա հեղափոխության արդյունքում ձեւավորված ժամանակավոր կառավարությունը հրապարակեց իր ծրագիրը: Հիշեցնենք, այն խորհրդարանում կքննարկվի հունիսի 7-ին: Կառավարության ծրագիրը ծավալուն չէ, յոթ կետից է բաղկացած:

Ծրագրում ամրագրված է ժամանակավոր կառավարության գործունեության առանցքային նպատակը: Այն է. «2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումն է՝ որպես հանրային եւ ազգային հարաբերությունների հիմք եւ հեղափոխության գաղափարների իրագործումը` որպես մշտական քաղաքական իրողություն»: Այս ամրագրման համար կառավարությունը տասը առաջնահերթություն է հռչակել: Առաջինն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է: Ապա` իրավունքի գերակայության եւ օրենքի առաջ բոլորի հավասարության վրա հիմնված ազգային միասնությունն ու քաղաքացիական համերաշխությունը: Հետո`ՀՀ –ի արտաքին եւ ներքին անվտանգության ապահովումը, Հայաստանի եւ Արցախի անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը: Նոր կառավարիչները ապահովելու են «կոռուպցիայի հանրային մերժում» եւ կոռուպցիայից զերծ հանրություն, քաղաքականության եւ բիզնեսի գործնական տարանջատումը: Հայաստանի նոր կառավարության առաջնահերթություններից է նաեւ մարդու իրավունքների պաշտպանվածությունը եւ մարդու ազատ ստեղծագործելու, արժանապատիվ ու երջանիկ ապրելու համար նպաստավոր պայմանների ստեղծումը, արհեստական տնտեսական մենաշնորհների բացառումը, տնտեսական մրցակցության պաշտպանությունը, տնտեսական որեւէ գործունեությամբ զբաղվելու իրական հնարավորությունը, տնտեսության ներառական աճի ապահովումը, աշխատատեղերի ստեղծումը, աղքատության հաղթահարումը:

Սրան զուգահեռ զբաղվելու են հանրության կրթական եւ սոցիալական ապահովության մակարդակի շարունակական բարձրացմամբ, ձեւավորելու են բռնությունից զերծ հանրություն եւ բռնության հանրային մերժում։ Հայաստանի նոր կառավարիչների ուշադրությունից դուրս չեն մնալու շրջակա միջավայրի պահպանությունը եւ բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործումը:

Հայաստանի նոր կառավարիչների ուշադրության կենտրոնում չէ, սակայն, հայոց լեզուն: Համենայնդեպս, կառավարության ծրագրում հայոց լեզվին հատկացված բաժին չկա: Այս իմաստով, Նիկոլ Փաշինյանի կառավարությունն, ինչպես ասում են, օրիգինալ չէ: Հայաստանի նոր կառավարիչները կրկնում է Կարեն Կարապետյանի կառավարության սխալները: Հայաստանի նախորդ կառավարիչներն էլ հայոց լեզվի հարցերին տեղ չէին հատկացնում: Մինչդեռ` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 20-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի պետական լեզուն հայերենն է, իսկ 15-րդ հոդվածի երկրորդ կետի համաձայն՝ հայոց լեզուն եւ մշակութային ժառանգությունը պետության հոգածության եւ պաշտպանության ներքո են: Հիշեցնենք, որ նորընտիր վարչապետն առաջնը խախտեց «Լեզվի մասին» ՀՀ օրենքը`վերջին զանգի օրը, Դիլիջանի միջազգային դպրոցում խոսելով անգլերեն լեզվով եւ առանց համաժամանակյա թարգմանության:

Նիկոլ Փաշինյանի կառավարության ուշադրությունից դուրս են լինելու նաեւ արտակարգ իրավիճակները: Համենայնդեպս, կառավարության ծրագրում հիշատակում`արտակարգ իրավիճակների եւ դրանց արձագանքման մասին, չկա:

Կառավարության ծրագրում բավական անհասկանալի ձեւով են հիշել Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մասին: Ծրագրի Հայաստան-Սփյուռք բաժնում գրված է. «Միեւնույն ժամանակ Հայաստանի կառավարությունը երաշխավորում է ազգային փոքրամասնությունների ինքնության անվտանգությունը եւ բնականոն զարգացումը»։ Թե ի՞նչ կապ ունեն Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները Սփյուռքի հետ, դժվար է կռահել, բայց նոր կառավարությունում, հավանաբար գտել են կապը:

Կառավարության ծրագրում հիշատակումներ չկան նաեւ քաղաքաշինական խնդիրների մասին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Ենթաադրում եմ, որ խոսքը արտագաղթած Հայաստանի քաղաքացիություն ունեցող ազգային փոքրամասնությունների մասին է: Օրինակ Հայաստանից ատագաղթած եզդիները, ինչպես արտագաղթած հայերը, Հայաստանն են համարում իրենց հայրենիքը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930