Նախորդ մասը կարդացեք այստեղ
-Զավակ ունի՞ս:
– Այո, պարոն, երկու մանչ, բայց մեծը նշանավոր բան է… ճիշտ ինծի կնմանի:
Ալեքսանդրիա, Շերիֆ փաշա փողոցը քալած ժամանակիս այս հարցումը կուղղեի ու այս պատասխանը կնդունեի Վարդհոգյանեն, որ նոր հասած էր Ալեքսանդրիա` Գահիրե պիտի երթար:
Պանքային ցույցեն քանի մը ամիս ետքը, կարծեմ հունվարի մեջ էր, երբ իմացանք, որ ընդհանուր ներում եղեր է: Լուրը տարածվելեն քանի մը օր ետքը` ուրիշ լուր մըն ալ տարածվեցավ:
– Իմացա՞ք:
-Ի՞նչ:
– Վարդհոգյանն ալ ազատեր է ու Կիպրոս գացեր է, անկե ալ Ալեքսանդրիա պիտի գա եղեր:
Օր մըն ալ ըսին.
-Կուգա կոր… եկավ:
Ու ահա լայն ու երկայն ցցված ականջներով, խոշոր քիթով, հերկեն դարձող հոգնած եզի տարտամ նայվածքով, գլխուն զարկած մեկը ներկայացուցին մեզի ըսելով.
-Պարոն Վարդհոգյան, մեր անդրանիկ հերոսներեն մեկը:
– Որ մենք հերոս, – ըսելով Վարդհոգյան սկսավ խոսիլ…
Բայց ես արդեն հեռացած էի:
Չէ ալ չէի կրնար համբուրել: Պոլսեն մեկնելես ի վեր այս քսաներկուերորդ հերոսն էր, որ ցույց կուտային ու մինչև կոկորդս լեցած էր հերոսով:
Հերոս…
Հրացանը ուսը զարկած, մեջքը ատրճանակ ու դաշույն, կայտառ մարդ մը, պեխերը մինչև ականջն ի վեր, վառ աչքեր, խիզախ աներկյուղ կերպարանքով, որուն տեսքը հույս մըն է իրեններուն ու սարսափ թշնամիներուն համար: Լեռները կապրի ան, իրեն պես կտրիճներու հետ: Սուրհանդակին վրա կհարձակի, բանտերը կկոխե ու անմեղ բանտարկյալները կազատե, չարագործ հարստահարիչները կսպաննե, անզոր գեղացիները կպաշտպանե. ինքը` առանձին` պատերազմ կմղե իշխանության դեմ: Չըլլալիք բաներ կպատմըվին իր վրա, չըլլալիք բաներ, որոնք բան մը չեն իր ըրածներուն քով: Ու իրիկունը, երբ աղջիկները կդառնան դաշտեն, իրենց անուշ ու սիրատարփ նայվածքը ուղղելով դեպի լեռը ուր կգտնվի ան, սրտատրոփ ու երկյուղած կնային երկայն ու կաղոթեն: Անիկա չի բռնվիր, չի բանտարկվիր, չի նախատվիր, չի ծեծվիր, չի մեռնիր…
Ահա ինչպես կերևակայեմ Հերոսը: Ու եղած են այնպիսիներ մեր վերջին տարիներու թախծագին պատմության մեջ:
Իսկ այդ քսաներկո՞ւքը որ տեսա… ահ իրենց դյուցազներգությունը:
Հնչակ առած ժամանակնին, Հնչակ կարդացած ժամանակնին, Հնչակ տված ժամանակնին ձեռբակալված հերոսներ, կարգ մը մակաբույծներու համար ստակ հավաքած ատեննին բռնված հերոսներ, ղահվեի մը անկյունը քանի մը գավաթ օղիի ազդեցության տակ անօգուտ շաղակրատություններ ընող հերոսներ, վտանգավոր թղթեր գրպաննին պտտեցնող հերոսներ, որոնք ոստիկանության ճանկը ինկած են:
-Դո՞ւն ալ քոմիթեեն ես, հե՞:
– Աման, էֆենտի, ինչ կըսեք, ձեր ոտքին հողը պագնեմ, ես երբեք…
– Տակավին կուրանա՞ս, շուն, առ քեզի:
Ու ապտակները կիջնան շեշտ երեսին.
– Աման, մեղա, ես բան մը չեմ ըրած, ես սուլթանին հավատարիմ ծառա եմ, ոտքերնիդ պագնեմ:
– Կեցիր, ես քեզի խոսեցնելու կերպը գիտեմ. հիմա չես ուզեր խոսիլ, բայց քանի մը օրեն պուլպուլի պես պիտի խոսիս:
-Ու խոսքը բանտապետին ուղղելով.
-Տարեք սա կյավուրը զնտան նետեցեք:
Եվ բանտապետը ապտակելով, հայհոյելով, հարվածելով կգործադրե հրամանը ու կտանի նկուղ, ուր մեր ապագա հերոսը կմնա քանի մը օր:
Ու այսպես հարցաքննություններե, նախատինքներե, ապտակահարություններե ետքը, օր մըն ալ ցկյանս բերդարգելության կդատապարտվի: Երեք տարի, հինգ տարի կամ յոթը տարի ետքը` առտու մը` բերդին տնօրենը կկանչէ զինքը:
-Շուշանորդի, աղոթք ըրե սուլթանին կենացը:
-Էֆենտի, ես արդեն ամեն օր աղոթք կընեմ իրեն համար:
-Ձեզի ամենուդ ընդհանուր ներում ըրավ:
– Աստված շատ կյանք տա իրեն: Աստված մեկ օրը հազար ընե:
– Բայց մեյ մըն ալ այդ տեսակ սրիկայական գործեր չպիտի ընեք հա:
– Ոչ էֆենտիս, ես միշտ սուլթանին հավատարիմ քյոլեն եմ, ոչ թե այդ անպիտաններուն չեմ հետևիր, այլ եթե ձեռքես գա – ամենքին ալ կսպաննեմ:
-Աֆերիմ, քեզ տեսնամ:
Տնօրենին ձեռքը, փեշը, հողաթափը համբուրելե ետքը` դուրս կելլե մեր բանտարկյալը: Ալ ազատ է: Շունչը կառնե կամ Հունաստան, կամ Կիպրոս, կամ Եգիպտես:
Հիմա հերոս մըն է անիկա ու կռթնած իր հերոսության` քաղքե քաղաք կպտտի ստակ հավաքելու իրեն համար:
Արդարև մուրացկանության հերոս մը…
Այդ կարգին էր նաև Վարդհոգյանը, ու ատոր համար երբ խոսիլ սկսավ, ես արդեն հեռացած էի:
* * *
Սակայն քանի մը օր ետքը բարեկամներես մեկը ըսավ ինծի.
– Տեսնվե անգամ մը Վարդհոգյանին հետ, հետաքրքրական տիպար մըն է, որ կարժե ուսումնասիրել:
-Անտանելի է, եղբայր:
– Գիտեմ որ անտանելի է, բայց միմիայն ի սեր արվեստին, ի սեր գրականության ըրե այս բանը, – պնդեց բարեկամս խնդալով. – հավատա, որ օգտակար գործ մը ըրած կըլլաս, եթե այդ տեսակ տիպարներ քիչ մը փորձես հասարակության ճանչցնել:
Գիտեմ, որ Վարդհոգյանի հետ ժամ մը տեսնվելով մեծ զոհողություն մը պիտի ընես, բայց հանուն հայրենասիրության, հանուն հեղափոխության ըրե ասիկա: Ապագա սերունդը քեզի հերոսի տիտղոսը պիտի տա ապահովապես այդ անձնվիրությանդ համար և, ով գիտե, գուցե Բաղեշի կամ էրզրումի հրապարակներեն մեկուն մեջ արձանդ կանգնե:
– Այդ հեռապատկերը շլացուց զիս ու ահա ասոր համար Վարդհոգյանին հետ Շերիֆ փաշայի փողոցեն միասին կերթայինք դեպի կայարան:
– Ի՞նչ պիտի ընես Գահիրե, – հարցուցի իրեն, խոսք մը ըրած ըլլելու համար:
– Որ մենք հերոս, պետք է տեսնենք, քննենք և ուսումնասիրենք ամեն բան մեր աչքով, – պատասխանեց Վարդհոգյան կոշտ ու ինքնավստահ արտասանությամբ մը: – Ասկե զատ, – ավելցուց, – ժողովուրդը պետք ունի քաջալերության, պետք է տեսնա իր հերոսները և քաջալերվի:
– Իրավունք ունիս:
– Իմ կյանքս ժողովրդին նվիրված է, իմ բազուկս հայ ազգին կպատկանի, մինչև հիմա արյունս իմ ազգիս համար թափեցի, ասկե ետքն ալ…
– Մի հուզվիր, կաղաչեմ, և մի շարունակեր, ասկե ետքն ալ ազգին համար պիտի թափես գիտեմ: Կեցցես, շատ ապրես, Աստված ձեզպեսները պակաս չընե:
– Ամեն, – գոչեց Վարդհոգյան սրտի խորեն, ու հասանք կայարան:
Դեռ կես ժամ կար կառախմբին մեկնելուն. պետք էր խոսիլ տակավին կես ժամ Վարդհոգյանի հետ:
Հանուն հայրենասիրության այդ ալ ըրի, ու ասկե ետքը զիս Հայկ դյուցազնին քով չդասեն` հանցանքը իմս չէ:
– Մենք, որ պետք եղածին չափ ուժ չունինք մեր թշնամիին հետ կռվելու համար, – ըսի իրեն, երբ տոմսակը առնելե ետքը կայարանին երկայնքը կպտտեինք:
– Ուժ չունինք. հապա այս բազուկները, միթե բավական չեն, – ու հորիզոնական ձևով բարձրացուց իր թևերը:
– Անշուշտ, անշուշտ, – աճապարեցի ըսել, – միայն թե գոնե երկու-երեք հատ ալ ըլլար այդ բազուկներեն, այն ատեն բոլորովին ապահով կրնայինք ըլլալ մեր ազատության համար:
– Իրավունք ունիս, – պատասխանեց Վարդհոգյան, – ափսոս, որ ինծի պես քանի մը հոգի չի կա: Ախ, պարոն, եթե անդրանիկ տղաս քիչ մը ավելի մեծ ըլլար…
-Ավաղ:
Ու այսպես խոսակցությունը տևեց մինչև որ կառախմբին մեկնելուն ժամը հասավ:
* * *
Երբ Գահիրե գացի շաբաթ մը ետքը, Վարդհոգյան օրվա մարդն էր հոն, կամ ավելի ճիշտը, ամսվան հերոսը, որովհետև ամեն ամիս իր հերոսն ուներ այդ միջոցին: Հայկական սրճարանը բազմած կխոսեր անիկա, առտըվնե մինչև իրիկուն և իրիկվընե մինչև կեսգիշեր:
– Որ մենք հերոս այսպես, որ մենք հերոս այնպես:
Ճշմարտության սիրո համար և ի պատիվ իրենց պետք է ըսել սակայն, որ իր շուրջը բոլորվողները պանդույրներ չէին, ոչ ալ ապուշ հիացողներ, այլ բավական «հերոս»-ներ ակռանուն զարկած ու անոնց արժեքը ճանչցած մարդիկ, որոնք միմիայն ժամանցի համար խոսեցնել կուտային զինքը: Ալ իրենց համար հերոս մը տեսակ մը աճպարար էր, որ ձրի ներկայացումներ կուտար հայկական սրճարանին մեջ և երբ նոր հերոսի մը գալուստը իմանային Գահիրեի մեջ, կըսեին իրարու.
– Վաղը ժամի տասնին, հայկական սրճարանը եկեք, հերոսական ներկայացում կա:
Եվ ասիկա այնքան շահաբեր էր սրճարանին համար, որ սրճարանապետը ձրի սենյակ ու կերակուր կուտար ամեն բանտեն ազատած հերոսի:
Ես ալ գացի այդ «ներկայացում»-ներեն մեկուն: Վարդհոգյան նստած էր սեղանի մը վերի կողմը, որուն շուրջն ու վրան հավաքված էին ութ գավաթ օղի, ժամկոչ մը, սիսեռի մեզե, ծխավաճառի աշակերտ մը, ցնդած բանաստեղծ մը, խաշած հավկիթ մը, քանի մը հատ ձիթապտուղ ու քանի մը հատ ալ պարապ պտըտող գաղթականներ:
Երբ ներս մտա, Վարդհոգյան արդեն կճառեր.
– …Այո, սիրելի ընկերներ, միություն և համերաշխություն:
Մենք իբրև հերոս և իբրև ժողովրդի հարազատ ներկայացուցիչ, պետք է ընենք այդ բանը, պետք է միացնենք հեղափոխական կուսակցությունները և հետո միացնենք իրարու հետ նաև եվրոպական տերությունները:
Պետք է երթանք Փարիզ և Լոնտոն, խորհրդակցինք բարձրաստիճան անձերու հետ և այս բանը ընենք:
– «Մենք» -ը միմիայն ինքն էր: Վարդհոգյան երբ կխոսեր, կկարծեր, թե ամբողջ լեգեոնի մը կողմե կխոսի: Իր ծիծաղաշարժ մեծամտություններուն փոքրագույններն էր աս:
Սեղանակիցներեն մեկը, Կեդրոնականի նախկին աշակերտ, որ առիթ չէր փախցներ թեթև ծաղրանքներ ընելու, երբ ձեռքը այս տեսակ հերոս մը իյնար, ոտքի ելավ լուրջ, պաշտոնական, օղիին գավաթը բարձրացուց և ըսավ.
– Պարոն Վարդհոգյան, այսօր մեզի համար նշանավոր օր մըն է, անոր հիշատակը անջնջելի ոսկե տառերով պիտի քանդակվի մեր ամենուս սրտին մեջ, որովհետև մեր աչքերը տեսան հայոց մեծ հերոսը, անդրանիկ հերոսը, ժամանակակից Հայկ դյուցազնը, որուն քաջագործությունները թեև ծածկված է մինչև այսօր, սակայն տիեզերքը կզարմացնեն արդեն: Կպարպեմ այս գավաթը պարոն Վարդհոգյանի կենաց:
Պարպեց ու նստավ տեղը. «Դիտմամբ ըրի, որ ինքն ալ ելլա բան մը խոսի», – փսփսաց ականջիս:
Բաժակաճառին անմիջական արդյունքը եղավ սրճարանը գտնվող ուրիշ տասնի չափ հայերու մեր քով հավաքվիլը, թեև հաճախորդներուն մեծամասնությունը կշարունակեր նարտ խաղալ:
Վարդհոգյան զգաց, որ «ժողովուրդը» զինքը լսել կուզեր: Կանգնեցավ, երկու ձեռքը սեղանին կռթնցուց, կամաց մը օրորվիլ սկսավ, խիթ ունեցողի մը ձևով, քիչ մը ջուր խմեց, քիթը խնջեց ու վերջապես համր-համր, բառերը երկնցնելով, հավիտենապես լալկան շեշտով մը խոսիլ սկսավ.
– Սիրելի և անկեղծ ընկերներ, մենք վստահ ենք, որ քիչ ատենեն պիտի հասնինք մեր ցանկացած ազատության և մեր սիրելի հայրենիքը երթանք: Այս մասին արդեն խոսած եմ մի քանի բարձրաստիճան անձերու հետ, սիրելի և անկեղծ ընկերներ: Ախ, ափսոս, որ այս բազուկները յոթը տարի անգործ մնացին:
Եվ Վարդհոգյան ցույց տվավ այն բազուկները, որոնք արդեն տեսած էի Ալեքսանդրիա, կայարանին մեջ: Ապա շարունակեց:
– Սիրելի և անկեղծ ընկերներ, վնաս չունի, այդ կորսված ժամանակը շուտով կշահինք: Այս բազուկները ձեզի նվիրած են. վստահ եղեք, սիրելի և անկեղծ ընկերներ:
Նորեն բարձրացան Ալեքսանդրիայի մեջ տեսածս բազուկները:
-Կեցցե պարոն Վարդհոգյան:
Եվ օղիները պարպվեցան:
Արտառոց ու ծիծաղաշարժ էր այս ամենը, սակայն, չեմ. գիտեր ինչու, սրտի սեղմում մը զգացի դուրս ելած միջոցիս: Պժգալի ու միանգամայն տխուր տպավորություն մը ըրած էր վրաս ամբողջ այս «ներկայացումը»:
* * *
Վարդհոգյան բավական ժամանակ մնաց Գահիրե և մեկ կողմեն հայկական սրճարանը հերոսական ներկայացումներ տալով հանդերձ, մյուս կողմեն քառասուն ոսկիի չափ հավաքեց հարուստներեն` մուրացկանությամբ, – «Որ մենք հերոս, պետք է ընենք այդ բանը» ըսելով:
Վարդհոգյան այն տեսակ տիպարներեն էր, որ իրեն հետ քանի մը անգամ ծանոթություն ընողը զզվանքով կհեռանար, ալ մեյ մըն ալ հետը չտեսնվելու հաստատ մտադրությամբ, այնպես որ սրճարանին տերը պատշաճ դատած էր անուշությամբ ճամփու դնել զայն ըսելով.
– Ասկե ետքը ալ չեմ կրնար սենյակ ու կերակուր տալ քեզի, գլխուդ ճարը նայե:
Այդ վերջնագրին` Վարդհոգյան պատասխանած էր հանդիմանությամբ.
-Ուրեմն որ մենք հերոս, պետք է երթանք Ալեքսանդրիա:
Ու պայուսակը կապելով մեկնած էր այդ «հերոսամերժ» քաղաքեն:
Քիչ ատեն ետքը, երբ Ալեքսանդրիայի հայերն ալ բավականին ավելի ճանչցած ու ձանձրացած էին իրմե ու ամեն մարդ սկսած էր մասնավոր փութկոտությամբ մը փախուստ տալ ամեն անգամ, որ «հերոսը» կերևնար Մենշիեի հրապարակի վրա, Վարդհոգյան զգաց թե ժամանակն է, «որ մենք հերոսը» պայուսակը կապե նորեն, ու մեկնեցավ Եվրոպա:
– Պետք է երթանք Եվրոպա, – կըսեր մեկնած օրը, – և տեսակցինք բարձրաստիճան անձերու հետ մեր ազգային փրկության մասին:
«Մեր ազգային փրկության մասին տեսակցիլ բարձրաստիճան անձերու հետ»-ը, ըստ Վարդհոգյանի, կնշանակեր երթալ ու իրեն համար դրամ մուրալ:
«Տեսակցություն»-ը 35 – 40 ոսկի բերավ իրեն: Ուրախ էր Վարդհոգյան և Փարիզեն կգրեր իր ծանոթներուն. «Անկեղծ ընկերներ, մեծ քաջալերություն կգտնամ այստեղ և կհուսամ, որ ազգային փրկության օրը մեր հուսացածեն շուտ պիտի հասնի: Եթե իմ լուսանկարներուս վաճառումեն մի շահ գոյացավ, խնդրեմ անմիջապես ղրկեցեք բոսթայով»:
Այս դրամը զինքը բավական ատեն ապրեցուց Եգիպտոսի մեջ` ուր վերադարձած էր: Հետո ժամանակը եկավ նորեն «տեսակցելու բարձրաստիճան անձերու հետ»: Այս անգամ սակայն քիչ մը հեռու պետք էր երթալ նոր որս գտնելու համար:
– Որ մենք հերոս, պետք է երթանք նաև մեր ռուսահայ անկեղծ ընկերներու մոտ:
Ու ահա Վարդհոգյան կմտնար շոգենավ:
Այս առաքինությունը հուսացած արդյունքը չտվավ կարծեմ, որովհետև շուտ վերադարձավ:
-Ծո, կենե՞ մի եկար…
Այս անգամ այդ բառերով ընդունած էին զինքը, որ տարի ու կես առաջ օրերով պատրաստություն կտեսնեին արժանավայել ընդունելություն մը ընելու համար հայոց «անդրանիկ հերոս»-ին: Խեղճ Վարդհոգյան, ինքն ալ Արտաշեսի պես կրնար գոչել` «Ավաղ, փառացս անցավորի»:
* * *
Վերջին անգամ, երեք ամիս կա, Ալեքսանդրիայի մեջ տեսա զինքը: Փետուրները թափած էր բոլորովին: Ամենեն լքված ու արհամարված` տրտում, տխուր կթափառեր փողոցները:
Հիմակ Հայաստանը փրկելու համար ծրագիրներ չուներ, ոչ ալ իր բազուկներուն ներբողը կկարդար: Չէ, պարզապես դռնապանության կամ ծառայության պաշտոն մը կփնտռեր հացը ճարելու համար ու չէր գտնար: Լմնցած էր «որ մենք հերոսը»:
* * *
Եվ սակայն ահեղ սպառնալիքի մը պես ականջիս կհնչեն Շերիֆ փաշա փողոցեն կայարան գացած միջոցնուս Վարդհոգյանի ըրած խոսքերը:
-… Բայց մեծը հրաշալի բան է, ճիշտ ինծի կնմանի:
Ուրեմն ափսոս, ապագա սերունդն ալ իրեն Վարդհոգյանը պիտի ունենա…
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ